Այս փուլում Պուտինը չի ուզենա նման հանդիպում կազմակերպել

- in Հրապարակ
33
Serzh Aliyev

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Սոչիում են լինելու միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը: Այնտեղ անցնելու են ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովները:

ԱՊՀ և ԵՏՄ գագաթնաժողովները վաղուց կորցրել են իրենց նկատմամբ անգամ չնչին հետաքրքրությունը, միօրինակ օրակարգի հետևանքով՝ նաև ինտրիգայնությունը: Սոչիի վաղվա հավաքը որոշակի ինտրիգայնություն ունի միայն այն պատճառով, որ միևնույն վայրում են լինելու Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, ովքեր օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պաշտոնապես ծանուցել են, որ պատրաստ են հանդիպել ԼՂ խնդրով բանակցությունները վերսկսելու նպատակով:

Համանախագահների հայտարարության մեջ բացակայում էր որոշակիությունը, թե որտեղ և երբ են հանդիպելու Սարգսյանն ու Ալիևը, ինչի հետևանքով նրանց ցանկացած համատեղ մասնակցություն որևէ գագաթնաժողովի կարող է հանդիպման սպասում ծնել՝ մանավանդ, որ Սոչիում է նաև Վլադիմիր Պուտինը, ով եռակողմ հանդիպումներ կազմակերպելու փորձառություն ունի:

Սրանով հանդերձ՝ վաղը Սարգսյան-Ալիև հանդիպման հավանականությունը չնչին է, որովհետև այն, այսպես կոչված, «հում» է: Նման հանդիպումներից առաջ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը որոշակի քաղաքական-պրոպագանդիստական աշխատանք է տանում սեփական հասարակության և միջազգային հանրության հետ: Ակնհայտորեն նման «աշխատանք» տարված չէ, եթե հաշվի չառնենք Ալիևի մեկ-երկու հատվածական հայտարարությունը:

Սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ այս փուլում Պուտինը չի ուզենա նման հանդիպում կազմակերպել՝ հատկապես, որ Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքը կանխատեսելի է, այսինքն՝ կանխատեսելի է, որ այն արդյունավետ չի լինի:

Նախագահական ընտրություններից առաջ Պուտինին անհրաժեշտ է կրեատիվ, կառուցողական առաջնորդի իմիջ, թեկուզև փոքրիկ դիվանագիտական հաջողություն: Սարգսյան-Ալիև հանդիպումը նման հնարավորություն չի ընձեռում: Չենք բացառում, սակայն, որ Սոչիում Սարգսյանի և Ալիևի թիմերը համաձայնեցնեն նրանց առաջիկա հանդիպման տեղն ու ժամկետը:

Այս առումով Սոչիի ինտրիգը զուտ այն է, որ այն կարող է որոշակիություն մտցնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20