Ավետ Սարգսյան. Խոստացված ծրագրերը իրականացման փուլում են …

- in Հասարակություն
159

ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետականիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Ավետ Սարգսյանի հետ զրուցում ենք խորհրդարանական գործունեության, ոլորտների, համայնքների խոշորացման գործընթացի և այլ հարցերի շուրջ:

Քաղաքական աշնանը խորհրդարանում ինչպիսի՞ գործունեություն եք ծավալելու, ո՞ր օրինագծերն են հատկապես հետաքրքրում Ձեզ, ո՞ր ոլորտները: 

Ես Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ և, հետևաբար, դրանց վերաբերող բոլոր օրինագծերն էլ ինձ հետաքրքրում են հավասարապես:  Չեմ կարող առանձնացնել կամ նախընտրություն տալ, քանզի առաջնահերթ մտածում եմ միայն ազգաբնակչության բարեկեցության մասին, իսկ իրենց վերաբերող բոլոր հարցերը կարևոր են ու առաջնային: 

Ընտրողների հետ հանդիպումներ ունենո՞ւմ եք և նրանք հիմնականում ինչպիսի՞ հարցերով են դիմում ՁեզԵրբ թեկնածու էիք, որոշակի խոստումներ եք տվել ընտրողներին, դրանց ո՞ր մասն եք հասցրել կատարել, արդեն աշխատանքները սկսե՞լ եք: 

Իմ կապը բնակչության հետ պայմանավորված չէ ընտրությունների հետ: Մեր շփումը մշտական է: Գերակշռող են սոցիալական բնույթի դիմումները: Անշուշտ, պատգամավոր դառնալուց հետո՝ պարտավորությունն ավելացել է: Ինձ համար կարևոր է, որ ցանկացած քաղաքացու խնդիր լուծում ստանա և ես իմ հերթին փորձում եմ հնարավորություններիս ներածին չափով օգտակար լինել նրանց: Ընտրությունների ընթացքում խոստումներ չեմ տվել, նախընտրում եմ գործել: 

Աշնանը յուրաքանչյուր ռեյտինգային ընտրաձևով թեկնածուի ընտրատարածքն ընդգրկող համայնքներում խոշորացման գործընթաց է իրականացվելու: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում դրան և ձեր մարզում քանի՞ փունջ խոշորացումներ են լինելու: Ձեր եղբայրը՝ Արթուր Սարգսյանը, Սիսիանի գործող քաղաքապետը և՞ս առաջադրելու է իր թեկնածությունը և ովքե՞ր են լինելու նրա մրցակիցները: 

Մեր ընտրատարածքն ընդգրկող հատվածում խոշորացման արդյունքում իրար են միանալու  30 համայնքներ, այս պահի դրությամբ չեմ կարող ասել թեկնածուներն ովքեր կլինեն, որովհետև դեռ մինչև հոկտեմբերի 6-ը ժամանակ կա: Հստակ կարող եմ ասել միայն, որ եղբայրս իր թեկնածությունն առաջադրել է արդեն, ՀՀԿ-ն էլ սատարելու է նրան: 

Ինչպե՞ս եք վերաբերվում Ելք դաշինքի կողմից նախաձեռնված ԵԱՏՄից դուրս գալու նախաձեռնությանը:

Չեմ ընդունում՝ միանշանակ, որովհետև այս պահին դրա կարիքը չկա: 

ՀՀ կառավարության հետ աշխատո՞ւմ եք, որքանո՞վ արդյունավետ, որպեսզի կարողանաք օգնել Ձեր ընտրատարածքի ազգաբնակչությանը:

Իհարկե աշխատում եմ՝ համայնքներում ոռոգման ջրի, գազի, Սիսիանում վթարային շենք և նմանատիպ այլ խնդիրների հետ կապված արդեն հարցեր ենք ներկայացրել ՀՀ կառավարություն և, կարծում եմ, շուտով դրանք իրենց լուծումը կստանան: Ասեմ, որ Դարբաս, Շենաթաղ հատվածներում ճանապարհի հարցն արդեն ծրագրի մեջ է մտել,  քննարկվում է Հացավանի ճանապարհի հարցը: 

ՀՀ նախագահի Հրատապ ծրագրի շրջանակներում վերջին մեկ տարում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ձեր ընտրատարածքի սահմաններում:

Ներկայումս ՀՀ նախագահի ծրագրով նախատեսված մի քանի գյուղերի ճանապարհների նախագծերն արդեն արվել են: Մեր ընտրատարածքի սահմաններն ընդգրկող համայնքերը մշտապես նախագահի ուշադրության կենտրոնում են: Խոստացված ծրագրերը իրականացման փուլում են:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20