Արագածոտնում հարսը կռվի ժամանակ «տաբուրետկայով» ջարդել է սկեսուրի գլուխը

- in Իրավունք
103
axjik

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Գալյա Խ.-ի գործի դատական քննությունը:

40-ամյա Գալյային մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Գալյայի սկեսուրն է:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 23-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում Գալյան սկեսուրին պատկանող տանը վեճի է բռնվել վերջինիս հետ:

Վիճաբանությունը թեժացել է, ու Գալյան փայտե փոքր աթոռով այնպես է հարվածել սկեսուրի գլխին, որ նրա առողջությանը հասցրել է ծանր վնաս՝ գանգուղեղային վնասվածքի, գլխուղեղի սալջարդի, որն ուղեկցվել է սուր ճնշման համախտանիշով, գլխուղեղի ենթակարծրենային արյունահավաքի ձևով:

Ընդհանուր իրավասության դատարանում Գալյան իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժողը չի առարկել դրա դեմ, հայտնել է, որ հարսի դեմ բողոք չունի ու խնդրում է նրա նկատմամբ սահմանել մեղմ՝ անազատության հետ չկապված պատիժ:

Դատարանը հաշվի է առել, որ Գալյան նախաքննության սկզբից էլ տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է իր կատարած հանցավոր արարքի բացահայտմանը:

Դատարանն արձանագրել է, որ Գալյան երեք որդի ունի, որոնցից երկուսը զինվորական ծառայությունը կատարել են Արցախում, պարգևատրվել են պատվոգրերով, փոքր որդին էլ ներկայումս է  ծառայում Արցախում:

Գալյա Խ.-ն մեղավոր է ճանաչվել սկեսուրի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է  3 տարի ազատազրկման:

Այս պատիժը պայմանականորեն չի կիրառվի, դատարանը Գալյայի նկատմամբ սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո գործով իրեղեն ապացույց ճանաչված փայտե աթոռակը կվերադարձվի Գալյա Խ.-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20