Արդյոք հայկական ավանդական ընտանիքին բնորո՞շ է բռնությունը, և ո՞վ է այս սաբոտաժի հեղինակը

- in Սոցիալական
Elinar Vardanyan

Շահարկվում է մոտեցումը, թե «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը գործիք է լինելու «ավանդական» ընտանիքները կազմալուծելու համար. այդ դեպքում՝ հարց. արդյոք հայկական ավանդական ընտանիքին բնորո՞շ է բռնությունը կանանց և երեխաների նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խմբի» համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետևելով վերջին շրջանում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներին, օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ թյուրընկալումներին, և ընդհանրապես` ընտանիքի և բռնության վերաբերյալ տեսակետներին, ցանկանում եմ արձանագրել մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպող մի վիճակ. երկրի քաղաքական վերնախավի /կամ դրա մի մասի/ և հասարակության առաջադիմական շրջանակների մոտեցումների համընկնում։

Սա թերևս միակ պոզիտիվ և ապագայի հանդեպ հուսադրող դրվագն էր։

Հարցադրումներ և պատասխաններ

Նախ՝ կա՞ արդյոք օրենքի ընդունման հանրային պահանջ: Անդրադառնանք վիճակագրական տվյալներին. 2012-2016թթ. ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: 2016թ. հասարակական կազմակերպություններին ընտանեկան բռնության հետևանքով աջակցության համար դիմած տուժողների թիվը եղել է շուրջ 5000: Ավելին՝ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը, իսկ 2017թ. 1-ին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվել է ընտանեկան բռնության 215 գործ, որոնցից 5-ը՝ սպանության հանցակազմով: Սա՝ միայն պաշտոնական վիճակագրությամբ, սակայն գաղտնիք չէ, որ ընտանեկան բռնությանը բնորոշ է լատենտայնությունը: Ընտանեկան բռնության ենթարկվածներից շատերը, առաջնորդվելով բազմաթիվ պատճառներով, իսկ առաջին հերթին՝ կարծրատիպերով, իրավապահ մարմիններին չեն դիմում:

Այս ամենով հանդերձ՝ սա այն օրենքներից է, որոնց ընդունման համար հանրային պահանջի առկայությունը կամ բացակայությունը վճռական չափորոշիչ լինել չեն կարող: Օրենքները միայն արձանագրված իրավիճակներին արձագանքելու համար չեն նախատեսված, դրանք ավելի շատ պետք է ունենան կանխարգելիչ գործառույթ:

Ո՞րն է օրենքի նպատակը։ Նախագիծն իր առջև հիմնականում 3 նպատակ է դնում. ընտանեկան բռնության կանխարգելում, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն, ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն։ Ասել, թե մինչ այժմ տարբեր օրենքներում առկա դրույթները բավարար են այս նպատակներին հասնելու համար, անհիմն է, քանի որ գործող օրենսդրությունը չի նախատեսում ընտանեկան բռնությունը կանխարգելելու, ընտանեկան բռնությանը համարժեք արձագանքելու, զոհերին պաշտպանելու և աջակցելու արդյունավետ և բավարար գործիքակազմ: Բացակայում է նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեության համակարգային կարգավորումը:

Շահարկվում է մոտեցումը, թե այս օրենքը գործիք է լինելու «ավանդական» ընտանիքները կազմալուծելու համար: Այդ դեպքում՝ հարց. արդյոք հայկական ավանդական ընտանիքին բնորո՞շ է բռնությունը կանանց և երեխաների նկատմամբ: Ընտանիքի՞ն է սպառնում օրենքի կիրառումը, թե՞ որոշ ընտանիքներում առկա բռնության դրսևորումներին, որոնք որևէ կերպ չպետք է դառնան ավանդական։ Ընտանիքի վերաբերյալ պատկերացումներն աղավաղվել են: Ընտանեկան բռնության դրսևորումները չպետք է դիտարկել որպես մեր միջավայրին բնորոշ և հետևաբար` օրինաչափ լինելու համատեքստի մեջ:

Անդրադառնանք երեխաների հարցին: Նախագիծը չի սահմանում ծնողական իրավունքներից զրկելու, այդ իրավունքները սահմանափակելու կամ երեխաների որդեգրման որևէ նոր հիմք ու կարգ: Այս մասով շարունակում են գործել Սահմանադրությամբ և Ընտանեկան օրենսգրքում ամրագրված կարգավորումները:

Նախագիծը չի որդեգրել պատժողական քաղաքականություն, չի նախատեսվում նաև քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք կբերեն արդեն իսկ նախատեսված պատասխանատվության խստացում: Ինչպես երևում է նախագծի վերնագրից՝ նախագիծն ունի կանխարգելման նպատակ, առավել ևս՝ երբ նախագիծը նախատեսում է հաշտարարության և բռնություն գործադրող անձի համար հոգեբանական օգնության հնարավորություն: Այս ամենի նպատակը ոչ թե ընտանիքը քայքայելն է, այլ՝ ընտանիքը պահպանելու հնարվորություն ընձեռելը՝ կանխարգելելով նոր բռնության հնարավորությունը:

Եվ ուրեմն հարց է առաջանում. ո՞ւմ է անհրաժեշտ ձևավորված անառողջ մթնոլորտն այս նախագծի շուրջ: Հասկանալի է, որ այստեղ կա նաև պատասխանատու գերատեսչությունների բացթողումը: Օրենքի նախագիծը պատրաստելու հետ մեկտեղ պետք է աշխատանք տարվեր հասարակության լայն շերտերի հետ, օգտագործվեր լրատվամիջոցների հնարավորությունը, նախապատրաստվեր հասարակությունը, նաև՝ հեղինակավոր անհատների օգնությամբ, անհրաժեշտ էր մարդկանց բացատրել դրա հրատապությունն ու անհրաժեշտությունը: Այդ պարագայում հնարավոր կլիներ խուսափել առանց օրենքի բովանդակությանը ծանոթանալու պարզունակ եզրահանգումներ անողների անհիմն հետևություններից:

Հարցի պարզունակացումը, այն որպես ընտանիքները խարխլելուն ուղղված քայլ դիտարկելն արհեստական է և վտանգում է առողջ քննարկումը: Այն խոչընդոտում է նախագիծն առավել կառուցողական և գրագետ լուծումներով կատարելագործելու հնարավորությունը:

Միաժամանակ կա մտավախություն, որ մի անտեսանելի ձեռք շահագրգռված էր առողջ քննարկման սաբոտաժի մեջ։ Եթե դա այդպես է, ուրեմն մեր պետական, հասարակական համակարգը խոցելի է, և եթե այսօր թիրախ է ընտրվում է  այս օրինագիծը, ապա վաղը կարող է հասարակական սաբոտաժի ենթարկվել ցանկացած այլ համապետական կարևորության փաստաթուղթ կամ գաղափար։

Ես ուզում եմ որպես ամփոփում կրկնել առաջին միտքը՝ պետության վերնախավի (կամ դրա մի մասի) և հասարակության առաջադիմական շրջանակների մոտեցումները համընկան։ Սա մեր իրականության համար չափազանց հետաքրքիր միտում է, որը կարող է շրջանցել «մերոնք-ձերոնքի» և պետության մասին ֆեոդալական մյուս  կարծրատիպերը, պատկերացումները։ Դա կլինի առաջընթացի և  նոր էջի մունետիկը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20