Արդյոք Երևանը կգնա՞ նման քայլի՝ չզգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից

- in Վերլուծական
Iran

Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Իրանից գազ գնելու, նաև Իրանի տարածքով թուրքմենական գազն, այսպես կոչված, սվոփ, այսինքն՝ փոխանակման եղանակով Հայաստան տեղափոխելու հարցերը:

Խոսքն այն մասին է, որ Թուրքմենստանը գազ է մատակարարում Իրան, իսկ Իրանը նույն ծավալի գազ է մատակարարում Հայաստան: Հայկական կողմը վարչապետի իրանական այցի համատեքստում չի խոսել այդ մասին քննարկումների շուրջ: Թուրքմենական գազի շուրջ քննարկումների մասին չի խոսվել նաև Հայաստանի նախագահի և վարչապետի թուրքմենական այցերի, նաև Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան այցի ընթացքում: Որ քննարկվում է այդ հարցը, առաջին անգամ ասում է իրանցի նախարարը:

Ի՞նչ պարզաբանում կտա այդ կապակցությամբ Երևանը, կհաստատի՞, որ քննարկվում է այդ հարցը: Մյուս կողմից էլ՝ հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է Երևանը քննարկում թուրքմենական և իրանական գազ գնելու հարցը: Իհարկե, այդ հարցադրումն առաջանում է այն համատեքստում, որ Հայաստանը գազ է գնում «Գազպրոմ»-ից, և հաշվի առնելով թե՛ հայ-ռուսական հարաբերության բնույթը, թե՛ «Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագիրը՝ թուրքմենական և իրանական գազի շուրջ բանակցությունը փաստորեն տեղի է ունենում «Գազպրոմ»-ի շահի հաշվին:

Ըստ այդմ էլ հարց է ծագում, թե արդյոք Երևանը կգնա՞ նման քայլի՝ չզգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից: Հետևաբար Երևանը կա՛մ փնտրում է ռուսական կամ գազպրոմական գազին այլընտրանք, կա՛մ Իրանի և Թուրքմենստանի հետ գազային բանակցությունը վարվում է ռուսական կողմի հավանությամբ և գիտությամբ: Հետևաբար ծագում է մյուս հարցը՝ այդ դեպքում ո՞րն է նպատակը, կամ ինչո՞ւ է այլընտրանք փնտրվոմ, որովհետև եթե անգամ խոսքը ռուսական կողմի գիտությամբ քննարկումների մասին է, ապա միևնույն է՝ ստացվում է քննարկում այլընտրանքի շուրջ:

Այլ կերպ ասած՝ հարցերը իսկապես շատ են, հասկանալու համար, թե որքանով է լուրջ այն գործընթացը, որ սկսել է Հայաստանը գազային այլընտրանքի ուղղությամբ: Դրա շնորհիվ միայն հնարավոր կլինի հասկանալ, թե որքանով է դա իրապես այլընտրանք, ոչ թե միայն, այսպես ասած, թղթով կամ խողովակով: Որովհետև տասներկու տարի առաջ Հայաստանն ունեցավ այլընտրանքային խողովակ Իրանից, բայց այդ խողովակը դե ֆակտո այդպես էլ չդարձավ իրական այլընտրանք Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան ապահովելու համար: Առավել ևս, որ զուտ ֆիզիկապես այդ խողովակը անկարող է ապահովել Հայաստանի ամբողջական պահանջը:

Հետևաբար ներկայումս այլընտրանքի մասին առարկայորեն խոսելու համար թերևս պետք է խոսել նոր գազամուղի մասին: Միայն դրա վերաբերյալ խոսակցությունը կարող է լրջացնել էներգետիկ գործակցության և ընդհանրապես հայ-իրանական հարաբերության մասին ընդհանուր առմամբ դեկլարատիվ բնույթի տեղեկատվությունը և վկայել իսկապես լուրջ ռազմավարական հեռանկարի մասին:

Այն, որ կա գործընթաց և քննարկում հարավային ուղղությամբ՝ անկասկած ողջունելի է: Սակայն կան հարցեր, որոնք ունեն պատասխանի կարիք Հայաստանը կամ հանրությանը երազախաբությունից ապահովագրելու համար, որովհետև այդպիսի դեպքերում սովորաբար ոչ թե այլընտրանքներն են քիչ թե շատ ծնվում, այլ մեծանում է ընտրության դեֆիցիտի, այսպես ասած, ժամանակային դիապազոնը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20