Արմեն Սարգսյանը ՀՀ իշխանություններին միշտ լավագույնս է օգտագործել իր քաղաքական ու բիզնես շահերի համար

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անունը ժամանակ առ ժամանակ հայտնվում է մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում: Վերջին անգամ դա տեղի ունեցավ ընդամենը սեպտեմբերի 25-ին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո բացվեց «Վարպետաց դպրոցը», որը վերակառուցվել է Ա. Սարգսյանի նախաձեռնած «Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակներում:

Դպրոցը ծառայեցվելու է որպես վերականգնողական, սոցիալ-կրթական, մշակութային կենտրոն ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, փախստական ու տեղահանված, պատշաճ խնամքից զուրկ և սոցիալապես անապահով խավերի մանուկների համար: Այս ծրագրի շրջանակներում առաջին պլանում էր Ա. Սարգսյանի անունը, բայց դպրոցի վերակառուցումը ֆինանսավորվել է հիմնականում անգլիաբնակ բարերարներ Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից:

Նշենք, որ Ա. Սարգսյանը «Երևան, իմ սեր» նախագիծը սկսեց գրեթե նույն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը պետք է շահագործի Ամուլսարի ոսկու հանքը: Ա. Սարգսյանը զբաղեցնում էր այդ ընկերության տնօրենի պաշտոնը և հրաժարական տվեց միայն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո: Այդ հանքի հետ է կապվում նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի անունը: Չէ՞ որ նա իր երկրի բիզնես էլիտայի կարկառուն ներկայացուցիչներից է: Ա. Սարգսյանն էլ հանուն Չարլզի հետ ունեցած հարաբերությունների, հանուն նրա միջոցով այդ երկրի քաղաքական ու բիզնես էլիտայում ներկայացված լինելու՝ կարող է իր հայրենի երկրի բնաշխարհն ու ապագան էլ վտանգի ենթարկել: Եվ ընդհանրապես, նա պատկանում է մեր այն հայրենակիցների թվին, ովքեր Հայաստանը սիրում են հեռվից՝ այստեղ կնունքներ, հարսանիքներ և թաղումներ են կազմակերպում, բայց չեն ցանկանում ապրել, կիսել հոգսը կամ նպաստել զարգացմանը: Իսկ նման պրոյեկտներով էլ նա կարծես թե փորձում է իր բիզնես հետաքրքրություններն ու շահերը ստվերել: Դա մեր բոլոր այն մեծահարուստներին հատուկ գործելաոճ է, ովքեր Հայաստանի անունն օգտագործելով կամ ընդհանրապես մեր երկրի նյութական կամ քաղաքական ռեսուրսների հաշվին հարստացել են:

Ինչ վերաբերում է «Երևան, իմ սեր» ծրագրին, ապա այս դեպքում թեև հնչում է միայն Ա. Սարգսյանի անունը, բայց հովանավորողները բազմաթիվ հայեր են: Ինչպես, օրինակ, Լուիզ Սիմոն Մանուկյանը, Գարլ Բազարյանը, Պերճ Սեդրակյանը, Ժոզեֆ Օղուրյանը՝ ԱՄՆ-ից: Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Զաքարյանը, Սամվել Կարապետյանը՝ Ռուսաստանից, Ասատուր Գուզելյանը, Վաչե Մանուկյանը՝ Միացյալ Թագավորությունից և շատ ուրիշներ: Կան նաև այլազգի գործարար հովանավորներ: Այդ ծրագրի համար Լոնդոնում երկու անգամ խոշոր դրամահավաք է կազմակերպվել:

Այժմ կարծիք կա, որ նրա նախաձեռնած «Երևան, իմ սեր» ծրագիրը հավակնում է մրցակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: Բայց եթե այս հիմնադրամը ունի ընդամենը կառավարիչ և ֆինանսավորումը վերագրվում է աշխարհասփյուռ հայությանը, ապա Ա. Սարգսյանն իրենով է արել «Երևան, իմ սեր» ծրագրի ներդրումները: Առաջին դեպքում հրապարակվում է, թե ով որքան գումարներ է հանգանակել և հավաքված գումարներն ինչ ծրագրերում են ներդրվելու: Այս դեպքում հանրությանը հայտնի չէ՝ ունի՞ արդյոք այդ ծրագիրը գրասենյակ, ո՞վ է այդ գրասենյակի ղեկավարը, Ա. Սարգսյանն ի՞նքն է համակարգում, որ բարերարը որքա՞ն գումար է ներդրել, որ ծրագրի վրա որքա՞ն գումար են պատրաստվում ներդնել և նման այլ հարցերի պատասխաններ:

Տարիներ առաջ ծրագրի մեկնարկին ընդամենը հայտնի է դարձել, որ այն նպատակ ունի վերականգնել և պահպանել ՀՀ մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգությունը: Այդ ծրագրի շրջանակներում նա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում՝ Կոնդի թաղամասում, հսկայական անհատույց տարածքներ ստացավ՝ պետք է երեք շենքեր կառուցվեն: Բայց տարածքներն ավելի մեծ են, և կարծիք կա, թե այնտեղ նաև բիզնես պրոյեկտ է իրականացվելու: Ի դեպ, ժամանակին Ա. Սարգսյանի այդ ծրագրին հավանություն է տվել Երևանի նախկին քաղաքապետ ու գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, ով Լոնդոնում հենց այս ծրագրի շրջանակներում եղել է Արմեն Սարգսյանի հյուրը:

Ա. Սարգսյանը նաև այն գործիչներից է, ով ՀՀ իշխանություններին միշտ լավագույնս է օգտագործել իր քաղաքական ու բիզնես շահերի համար: Իհարկե, դրա դիմաց որոշակի ծառայություն մատուցելով՝ Լոնդոնում Սերժ Սարգսյանի համար բարձրաշխարհիկ ընդունելություն կազմակերպելով: 2010թ. նա հայտարարել էր, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, բայց 2013թ. մեծ սիրով կրկին վերանշանակվեց դեսպանի պաշտոնին: Իսկ հիմա ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են դրվում շրջանառության մեջ, թե խորհրդարանական կառավարման համակարգում մեր երկրում նա կնշանակվի վարչապետ կամ նախագահ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20