Արտեմ Ասատրյանն իրատեսական է համարում 4 մլն-ը

- in Սոցիալական
81
artem-asatryan

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում մինչև 2040 թվականը 4 մլն բնակչություն ունենալը: 

Այսօր իրենց կառավարության տարեկան ամփոփիչ ասուլիսում Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ իրականացվել են համապատասխան վերլուծություններ, հաշվարկներ, ուսումնասիրություններ:

Հարցին՝ արդյոք իրատեսական է այդ թիվը՝ հաշվի առնելով ծնելիության ցածր ցուցանիշը, արտագաղթը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ բնական հավելաճի հաշվին ժողովրդագրական ցուցանիշն ապահովելը շատ ռիսկային է. «Մենք պետք է հաշվի առնենք միգրացիոն հոսքերը: Դրանք հիմա աշխարհում բավականին ինտենսիվացել են: Այդ առումով Հայաստանի Հանրապետության բնակչությունն ավելացնելու, ինչու ոչ նախանշված ցուցանիշներին հասնելու համար պետք է ունենալ նաև մեխանիկական ներհոսք, հայրենադարձություն, դրսում գտնվող քաղաքացիների վերադարձ»:

Արտեմ Ասատրյանի կարծիքով, ՀՀ կառավարության բոլոր քայլերն ու ծրագրերը միտված են աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելմանը. «Բոլորս պետք է այդ պայմանների ստեղծումն ապահովենք, առաջին հերթին՝ կառավարությունը: Այդ առումով, պակաս կարևոր չեմ համարում ձեր կողմից համապատասխան նախադրյալների մասին առավել առարկայական քննարկումներ ունենալը: Դա մեր բոլորիս նպատակն է ու համատեղ կատարելիք աշխատանքի արդյունք պետք է լինի»:

Սերժ Սարգսյանը կառավարության գործունեության ծրագիրը Ազգային ժողովում քննարկելիս հայտարարել էր. «Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»:

Ըստ Արտեմ Ասատրյանի, կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցողների թիվն անցնում է 180 հազարը, որոնց մեծ մասը ոչ պետական հատվածի ներկայացուցիչներն են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մասնավորեց. «Ակտիվները կառավարող ընկերությունների կողմից ներկա դրությամբ կառավարվում է մոտ 80 մլրդ դրամ: Այս ընթացքում անհատների միջոցներն ավելացել են 32 տոկոսով, ինչը բավականին լավ արդյունք է: Համակարգի կայացման առումով կարևորվում է քաղաքացիների կողմից անհատական հաշիվների ստուգումը, կառավարումը՝ հետագա կենսաթոշակի չափը հաշվարկելու առումով»: Նրա կարծիքով, համակարգը կայացել է, ինչը քաղաքացիների բարեկեցիկ ապրելու երաշխիքներից մեկն է:

Անցնող տարվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է կատարել հաշմանդամության կարգի տրամադրման հարցում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ավելացրեց, որ վերանայվել են կարգերի տրամադրման ընթացակարգերն ու չափորոշիչները: Բուժզննումը կատարվելու է բժիշկ-փորձագետների միջոցով, որոնց ընտրությունը ևս պատահական է լինելու, ինչը թույլ կտա բացառել բուժզննում անցնողի և բժշկի միջև պայմանավորվածությունը. «Եթե մարդուն չի տրամադրվում հաշմանդամության կարգ, բայց վերջինս ունի վերականգնողական բուժծառայության կարիք, ապա նրան կտրամադրվի օգնություն: Այն քաղաքացիներին, ովքեր ունեն հիվանդություն, բայց հաշմանդամության  կարգ չեն ստացել, ընդգրկելով հաշմանդամության մեջ, խնդիրները չենք լուծի, այլ այնպես պետք է անենք, որ հարցը հաշմանդամության չհասնի»:

Արտեմ Ասատրյանը ավելացրեց, որ ներկայում իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում մարդկանց տրամադրվում է վերականգնողական ծառայություն: Վերանայվում է հաշմանդամության գնահատման համակարգը, նախատեսվում է ներդնել անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման նոր մոդել, որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) գաղափարախոսությունն ու սկզբունքները:

Նոր մոդելը հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ և բազմակողմանի գնահատել անձի կարողությունները և սահմանել հաշմանդամությունը՝ հաշվի առնելով ոչ միայն նրա առողջական խնդիրը, ախտորոշումը, կարողությունը, այլև այն միջավայրային գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են նրա գործունեության վրա: Մոդելի ներդրման հիմնական նպատակն է անձի բազմակողմանի գնահատված կարիքներին համարժեք վերականգնողական ծառայությունների մատուցումը: Այս ուղղությամբ մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախագծեր, որոնց ընդունումից հետո 2018 թ. հունվարի 1-ից նախատեսվում է հաշմանդամության սահմանման համար առաջնակի դիմողների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնել ԱՀԿ ՖՄԴ սկզբունքների հիման վրա:

Գոհար Փիլիպոսյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20