Արցախի ժողովրդին սպառնում է այդ վտանգը` ի տարբերություն Կատալոնիայի

- in Կարծիք
271

Ինքնորոշման գաղափարի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցների միջև հակադրությունը հավերժ է թվում և դրսևորվում է աշխարհի տարբեր հատվածներում` անկախ նույնիսկ հակամարտության կողմերի քաղաքական համակարգերի որակից և ժամանակի գործոնից:

Ավտորիտար Ադրբեջանն անցյալ դարի 80-ականների վերջերին վերացրեց Արցախի սահմանադրական ինքնավարությունը, երբ Ստեփանակերտում Հայաստանի հետ վերամիավորման որոշում կայացվեց: Նույն կերպ ԵՄ անդամ դեմոկրատական Իսպանիան երեկ, իր պատմության մեջ առաջին անգամ, գործի է դրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը կենտրոնական իշխանությանը թույլ է տալիս ինքնավարությունում ուղղակի կառավարում հաստատել:

Մադրիդը Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցնում: Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը: Վերջինս ասել է, որ շրջանային կառավարության լիազորություններն ամբողջությամբ անցնում են իր կաբինետին: Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ նոր ընտրությունները պետք է անցկացվեն առաջիկա վեց ամսվա ընթացքում: Ինչպես նկատում ենքավտորիտար Ադրբեջանն ու դեմոկրատական Իսպանիան գրեթե նույն կերպ են արձագանքում, երբ բախվում են իրենց ինքնավարությունների ինքնորոշման ձգտումներին: Ընդ որում թե Բաքվում, թե Մադրիդում որոշումները կայացվում են քաղաքական կոնսենսուսի հիմքով: Սակայն միանգամայն տարբեր են քաղաքական, իրավական այն մոտիվներն, որոնցով առաջնորդվում են Ադրբեջանի և Իսպանիայի իշխանությունները, ինչն, ի դեպ, բացատրվում է հակամարտությունների առանձնահատկություններով:

Կատալոնիայի անկախության հարցում բուն երկրամասում կոնսենսուս գոյություն չունի: Անկախության հանրաքվեն, մեծ հաշվով, լեգիտիմ է հարաբերականորեն, որովհետև դրան մասնակցել են ընտրողների կեսից պակասը: Այս լույսի ներքո Իսպանիայի կառավարության որոշումը նույնիսկ լեգիտիմ է, մանավանդ, որ Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցվում է ընդամենը վեց ամսով, ինչին հաջորդելու են խորհրդարանական ընտրությունները, որոնք յուրօրինակ անկախության հանրաքվե են: Մեծ հաշվովԻսպանիայի կառավարությունը երեկվա որոշմամբ կատալոնական խնդրի հանգուցալուծումը տեղափոխել է քաղաքական և ընտրական ինստիտուտների հարթություն հույս ունենալով վեց ամսվա ընթացքում Կատալոնիայում ամրապնդել Իսպանիայի միասնության կողմնակիցների դիրքերը: Տրամագծորեն հակառակ վիճակն էր Արցախում, որտեղ Ադրբեջանի իշխանություններն ոչնչացնում էին ԼՂՀ ինքնավարության հիմքերը` առանց քաղաքական որևէ լուծում առաջարկելու:

Ավտորիտար իշխանություններից այլ բան ակնկալելը միամտություն կլիներ, մյուս կողմիցքաղաքական ցանկացած լուծում լեգիտիմացնելու էր Արցախի անկախությունը, մանավանդ, որ անկախության հանրաքվեն անցկացվել էր ԽՍՀՄ և Ադրբեջանի օրենսդրություններին համահունչ ու, որ ամենակարևորն է Արցախում լիակատար կոնսենսուս գոյություն ունի անկախության հարցում: Մեծ հաշվով` նույնիսկ այս փաստարկները երկրորդական են, որովհետև հակամարտությունները չունեն ունիվերսալ լուծում և յուրաքանչյուր առանձին դեպքում համաշխարհային համատեքստն ու կոնյուկտուրան են որոշիչ դառնում դրանց հանգուցալուծման հարցում:

Նույնիսկ այս պարագայումԱրցախի անկախության միջազգային ճանաչման հեռանկարն ավելի իրական է: Եթե Կատալոնիայի անկախության հեռանկարի մասին որևէ երկիր լսել անգամ չի ուզում, ապա Ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացը միանգամայն իրական է դարձնում Արցախի անկախության հնարավորությունը գոնե փուլային ճանապարհով: Նույնիսկ միջազգային իրավունքը լեգիտիմացնում է Արցախի անկախության ճանաչումը, որովհետև ինքնորոշման իրավունքին գերակայություն է տրվում, երբ ժողովուրդը ցեղասպանվելու վտանգի առաջ է:

Ավելորդ է ասել, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդին սպառնում է այդ վտանգը` ի տարբերություն Կատալոնիայի, որի անկախության պարագայում ավելի քան յոթ միլիոն մարդ դուրս է դրվում միասնական Եվրոպայի տարածքից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20