Գեներալի մանիպուլյատիվ խորամանկությունը

pastar

Ինչպե՞ս մենք պետք է ընտրենք զարգացման եվրոպական ուղին, երբ այդ ուղին փակ է։ ԵՄ-ից հայտարարում են, որ մենք ձեզ ներս չենք թողնում։ Այս մասին այսօր «Հայաստան. երկու տարի ԵԱՏՄ-ում» թեմայով քննարկմանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Երբ խոսում ենք ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին, պետք է հիշենք, որ Եվրամիությունը ոչ մի երկրի չի խոստացել, որ իրենք դառնալու են ԵՄ անդամ։ Հակառակը, հայտարարում է, որ առաջիկա 50 տարիներին ոչ մի երկիր մուտք չի գործելու Եվրամիություն»,- նշել է նա։

Գեներալը, մեղմ ասած, դիմել է մանիպուլյատիվ խորամանկության, որովհետև ԵՄ-ն երկաթե դռներով կողպված չէ գոնե այն երկրների համար, որոնց քաղաքական և տնտեսական բարեփոխումները, ժողովրդավարության և հասարակության բարեկեցության մակարդակը համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Այս առումով` իհարկե, եվրոպական ընտանիքին լիարժեք մաս կազմելն աշխատատար և բարդ գործընթաց է, և Բրյուսելում գործում են գնահատման որոշակի չափանիշներ, որոնց երկիրը պետք է համապատասխանի: Հենց այստեղ է, որ առաջանում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համեմատության կոնտրաստը, նույնիսկ անհեթեթությունը: ԵՄ-ին ձգտող երկրները, դրական իմաստով, ամբիցիոզ են լինում, որովհետև ոչ կենսունակ մոդելներով հնարավոր չէ ինտեգրվել եվրոպական համակարգին: Եթե անգամ Բրյուսելում կարծիք են հայտնել, որ մոտակա հիսուն տարում ոչ մի երկիր չի կարող մաս կազմել ԵՄ-ին, դա ոչ թե ընդլայնման տաբու է, այլ ցավալի կանխատեսում, որ հավակնորդ երկրներից որևէ մեկը մոտ հեռանկարում չի կարող հասնել եվրոպական չափանիշներին: Բրյուսելի նման խիստ մոտեցումը չի ենթադրում «փակ դռների» ռեժիմ, այլ` հակառակը, ազդակ է, որ, օրինակ, հետսովետական որոշ երկրներ արագություն հաղորդեն համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

ԵԱՏՄ-ն ԵՄ-ի հակապատկերն է, որովհետև չկա մի երկիր, որի համար եվրասիականությունը լինի քաղաքակրթական ընտրություն: ԵԱՏՄ-ին անդամակցում են այլընտրանքի բացակայության նվաստացուցիչ գիտակցությունից ելնելով` կամ Մոսկվայի ճնշմամբ, կամ էլ` ոչ թե հասարակությունների, այլ ավտորիտար ռեժիմների որոշումների մակարդակով: ԵԱՏՄ-ում չեն կարող լինել ապագայի տեսլականներ, ամբիցիաներ, որովհետև «դիկտատորների ակումբում» օբյեկտիվորեն խրախուսվում է ոչ մրցակցային ստատուս-քվոյի պահպանումը:

Եթե որևէ գործիչ համարում է, որ Հայաստանի առաջ փակ են Եվրոպայի դռները, ապա ավտոմատ խրախուսում է երկրում իռացիոնալ քաղաքական համակարգի, օլիգոպոլ տնտեսության պահպանումը, այսինքն` բացառում է մրցունակ մոդելի գոյությունը:

Եթե Հայաստանում տեղի ունենան համակարգային բարեփոխումներ, որոնք հանգեցնեն մրցակցային միջավայրի ձևավորմանը, ապա ԵԱՏՄ-ն ինքնըստինքյան կաշկանդող սեղմօղակ կդառնա մեր երկրի համար: Այդ պարագայում նույնիսկ անհեթեթություն կդառնա ԵՄ-ԵԱՏՄ դիլեման, որովհետև ընտրություն չի կարող լինել քաղաքակրթության և լուսանցքի, կամրջի և ճահճի միջև:

Եվրոպական ընտրությունը քաղաքակրթական, բովանդակային ընտրություն է, որն ինչ-որ հանգրվանում ստանում է քաղաքական ամրագրում: Եվրասիականացումն ընտրության գաղափարի մերժումն է, որովհետև «ծույլիկին» «անկյուն» են կանգնեցնում` առանց նրա կամքը հարցնելու:

Image result for վաղարշակ հարությունյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20