Գյումրեցին բարեկամուհուն պոռնոնկարներ է ուղարկել՝ նրան անբարո կյանքից հետ պահելու համար

- in Իրավունք
43
brnabarutyun

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Գարիկ Ղ.-ի գործի դատական քննությունը:

29-ամյա Գարիկին մեղադրանք էր առաջադրված պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:

Այս գործով տուժող ճանաչված կինը Գարիկի բարեկամուհին է:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկ Ղ.-ն համացանցից ներբեռնել է պոռնկագրական լուսանկարներ և 2017 թվականի մարտի 31-ին, ապրիլի 2-ին և 3-ին բջջային հեռախոսով «Օդնոկլասնիկի» կայքում իր բացած «AA» էջից իր 38-ամյա բարեկամուհի Վերա Պ.-ի (անունը փոխված է) էջին «Նամակներ» հավելվածի միջոցով ուղարկել է մեկական պոռնկագրական լուսանկար՝ տարածելով դրանք: Վերա Պ.-ն ծանոթացել է ուղարկվածի բովանդակությանը:

Գարիկ Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ Վերան իր բարեկամուհին է, նրա հետ ինքը ծանոթացել ու շփվել է «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով:

Վերան իր հետ անկեղծացել ու պատմել է, թե չի սիրում ամուսնուն, ուզում է բաժանվել, արդեն սիրած մարդ ունի, ուզում է նրա հետ ապրել:

Ինքը հորդորել է, որ Վերան նման բան չանի, քանի որ անչափահաս երեխաներ ունի, պետք չէ, որ ընտանիքը քանդի:

Վերան համաձայնել է իր հետ, խոստացել է հեռու մնալ սիրածից:

2016 թվականին Վերան իրեն խնդրել է, որ երաժշտություն լսելու համար «Օդնոկլասնիկի» կայքում էջ բացի: Ինքը նրան չի մերժել, իր մոր հեռախոսով նրա համար էջ է բացել:

Սակայն հետագայում իմացել է, որ Վերան շփվում է ուրիշ տղամարդկանց հետ, նրա համար իր բացած էջում տեսել է անբարո հաղորդագրություններ: Զայրացել ու նրա ձեռքից վերցրել է բացած էջը, անվանափոխել է «AA»:

Ինքը ցանկացել է այնպես անել, որ Վերան խզի կապը սիրածի հետ, ընտանիքը չքայքայի:

Անվանափոխված էջից Վերային հաղորդագրություններ է գրել՝ տպավորություն ստեղծելով՝ իբր սիրածն է ուղարկել:

Գրել է հայհոյանքներ, ինչպես նաև ուղարկել է երեք պոռնկագրական լուսանկար՝ Վերայի լուսանկարով հանդերձ:

Ամբաստանյալ Գարիկ Ղ.-ն զղջացել է, նշել է, թե երբ ուղարկում էր պոռնկագրական լուսանկարները, վստահ էր, որ Վերայի աղջիկները դրանք չեն տեսնի, քանի որ Վերան թույլ չէր տալիս, որ երեխաներն իր հեռախոսը վերցնեն:

Ամբաստանյալը նշել է, թե Վերան սկզբից էլ իմացել է, որ ինքն է եղել այդ լուսանկարներն ու հաղորդագրություններն ուղարկողը:

Տուժող Վերա Պ.-ն հայտնել է, թե Գարիկին ճանաչում է որպես իր բարեկամուհու որդու: Ինքը 2017 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 6-ը «Օդնոկլասնիկի» կայքի իր անհատական էջին «AA» օգտատերից ստացել է հայհոյանքներով հաղորդագրություններ: Հաղորդագրություններն ուղարկողն իրեն մեղադրում էր անբարո կյանք վարելու համար: Նա իր էջին ուղարկել էր նաև երեք պոռնկագրական լուսանկար, որոնցից մեկում դրված էր նաև իր լուսանկարը:

Հաղորդագրությունները գրելու ձևից, օրինակ՝ գյուղական «ժառգոնից» ինքը կասկածել է, որ Գարիկն է դրանք ուղարկել: Ինքն այդ հաղորդագրությունների ու լուսանկարների մասին պատմել է քրոջը, ասել է նաև, թե ում է կասկածում:

Քույրը որոշ ժամանակ անց զանգել ու ասել է, որ իր կասկածները տեղին են, իսկապես հաղորդագրություններն ու լուսանկարներն ուղարկողը Գարիկն է եղել: Քույրը կարողացել է պարզել, որ «AA» օգտատերը հենց Գարիկն է:

Վերան ասել է, թե չգիտի՝ Գարիկն ինչու է այդպես վարվել: Ինքը Գարիկի դեմ բողոք, պահանջ չունի…

Գարիկի մայրը հայտնել է, որ որդին շփվել է իրենց բարեկամուհի Վերայի հետ՝ որպես եղբայր:

Գարիկը Վերային «միշտ խորհուրդներ է տվել, նրանք գտնվել են լավ հարաբերությունների մեջ»: Պատահել է, որ Վերան Գարիկին խնդրել է իր համար «Օդնոկլասնիկում» էջ բացել, Գարիկն էլ ասել է՝ եթե ամուսինդ դեմ է, կարիք չկա բացելու…

Տուժողի քույրը հայտնել է, թե իրենց բարեկամ Գարիկին ինքը երբևէ չի հանդիպել, դեմքով չի ճանաչել: Քույրը՝ Վերան, իրեն պատմել է՝ ինչ հաղորդագրություններ ու լուսանկարներ է ստացել «Օդնոկլասնիկով»: Քույրն ասել է նաև, թե ում է կասկածում: Ինքը ստուգել ու պարզել է, որ քրոջ կասկածները հիմնավոր են, հաղորդագրություններն ու լուսանկարները քրոջն ուղարկվել էին Գարիկի բացած էջից. Գարիկն այդ էջը բացել էր մոր բջջային հեռախոսից:

Դատարանը Գարիկ Ղ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:

Գարիկը դատապարտվել է տուգանքի՝ 400 հազար դրամի չափով:

Գարիկ Ղ.-ից կբռնագանձվի նաև 54 հազար 960 դրամ՝ որպես դատական ծախս՝ փորձագետի վարձատրություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20