Գյումրեցի կինը դանակահարել է ամուսնուն, նրա սիրուհուն և իր մանկահասակ 2 դուստրերին

- in Իրավունք
83
Danakaharutyun

Դոնարա Դ.-ն Արթիկի շրջանի գյուղերից մեկում էր ապրում: Դպրոցն ավարտեց, հաշվապահություն սովորեց:

19 տարեկանում «սաբաբով» ամուսնացավ գյումրեցի Աշոտի հետ:

2 տարի՝ 1991-1993 թվականներին, ապրեցին հաշտ ու խաղաղ: 1992 և 1993 թվականներին ծնվեցին նրանց երկու դուստրերը: Անհաշտությունը կամ ինչպես Դոնարան էր դատարանում կրկնում՝ «քաոսը» սկսվեց 1993 թվականից, երբ սկեսրայրի հարբեցողությանը գումարվեց Աշոտի չաշխատելը: Շուտով Աշոտը ևս հոր նման հարբեցողությանը տրվեց: Ընտանիքը պարտքեր կուտակեց, պարտատերերը հանգիստ չէին տալիս:

Աշոտն իր բոլոր դժգոհությունները կնոջ՝ Դոնարայի վրա էր թափում՝ ծեծում էր, տանջում, ստորացնում, ստիպում էր հարազատներից փող, ոսկեղեն հայթայթել:

Դոնարան լուռ տանում էր իր «խաչը»: Նրա ծնողները երբեմն առաջարկում էին հեռանալ Աշոտից, բայց Դոնարան ասում էր. «Իմ երեխաներին անհայր չեմ թողնի, չեմ գա գյուղ՝ անմարդ նստեմ, ամոթ չի՞»:

Դատարանում Դոնարայի հայրն ասաց. « Ամոթ կա՝ տուն է շինում, ամոթ կա՝ տուն է քանդում»:

Դոնարան իր ընտանիքը փլուզող «քաոսից» ազատվելու համար ամուսնուն խնդրեց, որ գործ գտնի, աշխատի:

1996 թվականից Աշոտը Գյումրիից Արմավիր էր գնում, ապրանքափոխանակություն ու առևտուր էր անում: Սկսեց օրերով, ամիսներով տուն չգնալ: Պարտքերը շատացան:

Աշոտը գողանում էր իր ընտանիքի ունեցվածքը՝ վերմակներ, սկահակներ, կնոջ շորերը, մինչև անգամ՝ իրենց էլեկտրական հաշվիչը: Ամեն վերադարձի հետ Աշոտը ոչ միայն տունն էր մաքրազարդում, այլև շարունակում էր Դոնարային ծեծել ու նվաստացնել: Դոնարան էլ շարունակում էր դիմանալ ու հանդուրժել: Նա հանդուրժեց նաև, երբ իմացավ, որ ամուսինը Արմավիրում կապվել է իրենից տարիքով մեծ, 14 և 16 տարեկան աղջիկներ ունեցող մի կնոջ հետ:

Մինչ ամուսինը դեգերում էր, Դոնարան աշխատանք էր գտել ծերանոցում: Մի օր աշխատում, երկու օր տանն էր լինում:

Դատարանում Դոնարան ասաց. «Հերթական անգամ Աշոտը մի երեք ամիս տուն չեկավ: Հուլիսին եկավ, ասավ՝ հոգնել եմ, էն կնոջ հետ էլ գործ չունեմ»:

«Էն կինը» Արմավիրի լքված շենքերից մեկում էր ապրում երկու դուստրերի հետ: Մի օր նա նույնիսկ իր աղջիկների հետ Արմավիրից վեր կացավ, հասավ Գյումրի՝ Աշոտի ու Դոնարայի տուն: Այդ օրը Դոնարան հերթապահ էր ծերանոցում: Աշոտը սիրուհու հետ քնեց ամուսնական անկողնում: Այդ կնոջ այցի մասին Դոնարան իր երեխաներից իմացավ: Աշոտին նախատեց, լաց եղավ ու ծեծ կերավ: Լռեց:

Դատարանում Դոնարան ասաց. «Երբ հուլիսին Աշոտը վերադարձավ, ներեցի: Հորիցս 100 դոլար բերեցի, Աշոտին խնդրեցի, որ նորից աշխատի: Ասում էի՝ ուրիշ տեղ մի գնա, տան-դռան վրա աշխատի… Ասում էի՝ կուզե՞ս՝ ես երկու տեղ կաշխատեմ, դու էրեխեքի մոտ կեցի, մեր տունը մի քանդի… Աշոտը թե՝ վերջին անգամ գնամ ապրանք բերեմ… Հոր հետ խմել էր էդ օրը: Իր ընկերն էր՝ սիրուհու հետ, հոր ընկերը՝ սիրուհու հետ… Տունը դարձրել էին ոնց որ թե… անառականոց… Լաց էղա, ասի՝ ամոթ է, երկու աղջիկ ունենք… Էնքան ծեծեց… Ոտքերով, ձեռքերով գլխիս խփեց… Ուղիղ երկու ժամ չէի կարողանում հատակից վեր կենամ… Աշոտը գնաց… Առավոտյան լվացք էի անում, տեսա՝ Աշոտի շորերը չկան՝ մաքուրները, կեղտոտները՝ բոլորը հավաքել-տարել էր: Հասկացա, որ խաբել-փախել է: Էրեխեքի բերանից վերջին փողը կտրել-տարել էր: Հորն ասի՝ ծնող ես, գնա, հետ բեր: Նա թե՝ ես համարում եմ, որ տղա չունեմ, իրեն պահեցի՝ ի՞նչ խերվեցի, որ իրա էրեխեքին պահեմ…»:

Դոնարան երեխաներին վերցրել, վերջին փողերն առել ու Գյումրիից գնացքով Արմավիր էր գնացել՝ ամուսնուն տուն վերադարձնելու: Հետը դանակ էր վերցրել, ասում է՝ ճանապարհին երեխաների համար միրգ կտրելու նպատակով: Բայց ըստ դատական ակտի՝ Դոնարան Արմավիր էր մեկնել մեկ սևեռուն գաղափարով՝ կամ Աշոտին կվերադարձնի, կամ… կմեռնեն միասին…, այնպես որ՝ դանակը միայն միրգ կտրելու համար չէր…

Դոնարան գտավ այն լքված շենքը, որտեղ Աշոտը ապրում էր սիրուհու և սիրուհու երկու դուստրերի հետ:

Կնոջը տեսնելով՝ Աշոտը զայրացավ, նախատեց Դոնարային, սիրուհու ներկայությամբ ծեծեց՝ ի՞նչ համարձակություն է ունեցել այդ «կինարմատը», որ երեխաներին առել-եկել է իր հետևից…

Դոնարան ու Աշոտի սիրուհին լեզվակռիվ արեցին:

Դոնարան ամուսնու սիրուհուն «անբարոյական» անվանեց, սիրուհին Աշոտի ներկայությամբ լաց եղավ, Աշոտը սրբեց նրա արցունքները՝ խորապես վշտացնելով Դոնարային:

Սիրուհու դուստրերը Աշոտին «հայրիկ» էին ասում: Իսկ Դոնարան Աշոտի շորից կառչել, խնդրում էր. «Քելե՛, քելե՛ էրթանք մեր տուն»:

Աշոտը կնոջը հրեց ու սիրուհու ներկայությամբ ասաց՝ քեզ չեմ սիրում, քեզ մոտ չեմ վերադառնալու, նույնիսկ էս գիշերը իմ սիրածի հետ եմ անցկացնելու…

Եվ իրոք, նա Դոնարային թողեց, սիրուհու հետևից գնաց՝ միջանցքում սարքված անկողնու մեջ քնելու: Ահա այդ ժամանակ Դոնարան ձեռքն առավ տնից վերցրած դանակը: Նա վազեց միջանցք, դանակով հարվածեց սիրուհու հետ ջերմ զրուցող Աշոտի թիկունքին, հետո խփեց նրա կրծքին, հետո դանակով հարվածեց ամուսնու սիրուհուն, իսկ հետո նույն դանակով հարվածեց աղմուկի վրա միջանցք եկած իր 4-5 տարեկան աղջնակներին… Դոնարան որոշել էր, որ բոլորը մեռնելու են, նաև՝ իր երեխաները…

Մարդիկ վրա հասան, Դոնարայի ձեռքից խլեցին դանակը: Բայց նա մի ուրիշ դանակ ձեռքն առավ, խփեց իր կրծքին, միայն թե դանակը սուր չէր, չմխրճվեց կրծքի մեջ…

Դոնարայի ձեռքով դանակի հարվածներ ստացած Աշոտի, նրա երկու երեխաների ու սիրուհու կյանքը փրկվեց, ոչ ոք չսպանվեց…

Դոնարային մեղադրանք առաջադրվեց չորս մարդու, այդ թվում՝ իր մանկահասակ երեխաների նկատմամբ սպանության փորձի համար:

Դոնարան կալանքի տակ առնվեց:

Աշոտը սիրուհու ու նրա երկու աղջիկների հետ տեղափոխվեց Գյումրի, սկսեց ապրել իր ընտանեկան հարկի ներքո: Դոնարայի փոքրիկներն էլ, մոր արարքից սարսափած, հակվեցին «նոր մամայի» կողմը:

Գերագույն դատարան Աշոտն իր սիրուհու, սիրուհու աղջիկների ու երկու մանկահասակ երեխաների հետ միայն մեկ դատական նիստի ներկայացավ: Փոքրիկները դատարանի միջանցքում էին: Դատարանի դահլիճում երեխայի լացի ձայն լսվեց, ու Դոնարան վեր թռավ. «Իմ բալեն ա լաց լինում»:

Դոնարային թույլ տվեցին նիստից հետո հանդիպել երեխաներին, բայց երեխաները ծղրտացին. «Բանտի մամայի մոտ չենք գնա, կզարկի՜»:

Գործով անցկացված դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ Դոնարայի մասին գրված էր. «Ընտանիքի հետ է կապված եղել փորձաքննվողի անձի սոցիալական նշանակությունը, ինչպես նաև ինքնահարգանքն ու ինքնահաստատումը… Ժամանակի ընթացքում հուզական ապրումները ձևավորել են անձի թերարժեքության կայուն համոզմունք… Ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը հիմք է հանդիսացել նրա հակազդման համար, առաջացած հուզական վիճակը մոտեցել, բայց չի հասել ֆիզիոլոգիական աֆեկտի աստիճանի…»:

Դոնարան ասաց, թե մտածել է՝ իր մահից հետո իր երեխաներին չեն պահի, նրանք կխորտակվեն, կշեղվեն, աղջիկ էրեխեք են՝ ո՞վ գիտի…

Քրեական գործում Դոնարայի լուսանկարները կային՝ ամուսնական առաջին տարիներին նա գեղեցկադեմ էր, ժպտուն, կլորիկ: Դատարանում Դոնարան ուրվականի էր նման՝ այտոսկրերը ցցված, աչքերն անվերջ արցունքոտ, կեցվածքը՝ կքված, սեղմված, դեմքը՝ անժպիտ…

Գերագույն դատարանի քրեականգործերով կոլեգիան գործի հանգամանքները որպես բացառիկ գնահատելով՝ հնարավոր համարեց Դոնարայի նկատմամբ նշանակել մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից` 8 տարի ազատազրկումից ավելի մեղմ պատիժ:

Դոնարա Դ.-ն մեղավոր ճանաչվեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 15-99 հոդվածով ու դատապարտվեց 4 տարի ազատազրկման:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20