Դատապարտված է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի պետականությունը

- in Հրապարակ
Armenia Georgia

Երեկ Ջավախքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպը լրացուցիչ անդրադարձի անհրաժեշտություն ունի, մանավանդ, որ խնդիրը վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, որոնց կարևորությունը` դատելով նաև երեկ տեղի ունեցածի արձագանքներից, հավուր պատշաճի չի գիտակցվում ոչ միայն մեր հասարակության մի մասի, այլ նույնիսկ` քաղաքական համակարգի կողմից:

Թերևս, երեկ տեղի ունեցածի անցքերի մասին հարկ կա խոսել առանց դիվանագիտական ավելորդ ձևակերպումների` ուղիղ և շիտակ: Երբ ի մի ենք բերում առկա տեղեկատվությունը, ապա ստացվում է մոտավորապես հետևյալ պատկերը. վիճելի համարվող քաղկեդոնական եկեղեցու բակում, որտեղ հայկական գերեզմաններ կան, տեղի հայերը որոշել են հայկական խաչքար տեղադրել, ինչը ուժի հարկադրանքով կանխվել է Վրաստանի հատուկ ջոկատայինների կողմից:

Պարզ է, որ Գումբուրդոյի եկեղեցին կռվախնձոր է դարձել քաղկեդոնական ու առաքելական եկեղեցու հետևոևդների միջև և պարզունակ ընկալմամբ` վեճը տեղափոխվել է միջէթնիկ հարթություն` իր վրա սևեռելով նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը: Եթե անգամ եկեղեցին հարյուր տոկոսով հայկական է, նույնիսկ այդ դեպքում Գումբուրդոյում տեղի ունեցածը ոչ մի դեպքում արդարացաված չէ ոչ քաղաքա-իրավական, ոչ իսկ` կրոնա-բարոյական տեսանկյունից: Հոգևոր ժառանգության համար կռիվ տվող մեր հայրենակիցները գոնե պետք է գիտակցեն, որ քրիստոնեական արժեհամարգին առնվազն խորթ է` զոռբայությամբ խաչքար տեղադրելու որոշումը:

Սակայն ավելի էական է խնդրի քաղաքական, իրավական շերտը, որովհետև եթե օտար երկրում վիճելի տարածքի հարց կա, ապա խնդիրը պետք է լուծվի ոչ թե մկանների, այլ` օրենքի, իրավունքի ուժով: Այդպես է իրեն հարգող ցանկացած երկրում, մանավանդ, եթե այն շարժվում է զարգացման եվրոպական մոդելով:

Փորձենք այլ տեսանկյունից ևս անդրադառնալ խնդրին: Որևէ մեկ կհանդուրժի՞, որ Հայաստանում ապրող վրացիները կամ եզդիները փորձեն ուժով իրենց ազգային կամ կրոնական իրավունքի խնդիրը լուծի: Իհարկե` ոչ, նույնիսկ իրավունք կունենանք մտածել, որ նման քայլ ձեռնարկողների գործողությունները ոչ թե ինքնաբուխ են, այլ` ինչ-որ տեղից ուղղորդված:

Երեկվա միջադեպը դաս է բոլորիս, որ ոչ մի դեպքում չդիմենք արկածախնդրության, չտրվենք օտարի սադրանքներին և խնամքով վերաբերվենք հայ-վրացական հարաբերություններին: Վրաստանի սովորական երկիր չէ Հայաստանի համար: Այդ երկրի նշանակությունը ավելի տարողունակ և գլոբալ է, քան պարզապես` արտաքին աշխարհի հետ կապ ու սովորական ճանապարհ:

Վրաստանով է անցնում առաջին հերթին մեր քաղաքակրթական ընտրության ճանապարհը, որովհետև սուլթանատի վերածվող Թուրքիան մեզ, ըստ էության, զրկել է այդպիսի այլընտրանքից: Վրաստանը ճանապարհ է, որ մեզ տանում է Եվրոպա, հարթակ է, որն ապահովում է Հայաստանի ու ՆՍՏՕ-ի կենսական երկխոսությունը, համագործակցությունը:

Եվ վերջապես` Վրաստանը Հայաստանի համար ունի անգնահատելի մի առաքելություն, ինչի մասին ընդունված չէ բարձրաձայնել` Վրաստանը բուֆեր է կայսերական Ռուսաստանի ու մեր միջև: Եթե չլիներ այդ բուֆերն, ապա Հայաստանը թերևս վաղուց կլանված լիներ Ռուսաստանի կողմից` Աբխազիայի սցենարով: Այսքանից հետո` կարիք կա՞ լրացուցիչ մոտիվ բերել` ապացուցելու համար, որ հայ-վրացական հարաբերությունները Հայաստանի անկախության, անվտանգության հիմնական երաշխիքն են՝ գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքն իր անելիքը մեր տարածաշրջանում չի հստակեցրել:

Վրաստանը Հայաստանի համար անհրաժեշտ չափով գնահատված ու արժևորված չէ, ուստի այդ երկրում Հայաստանը պետք է ներկայացնի մեր լավագույն դիվանագետներից մեկը: Երբ երեք տարով պարապուրդի ենք մատնում Վրաստանում մեր դեսպանատունը, որովհետև դիվանագիտական աշխատանքի կոչված աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին գործի տեղավորելու համար նա նշանակվում է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, կամ Թբիլիսիին «դեմ ենք տալիս» ռուսական «կանտորայի»՝ «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրենի թեկնածությունը, պետք է հասկանանք, որ դրանով ծաղրում ենք վրացիներին և թերագնահատում հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը: Ի՞նչ իրավունքով ենք վրացիներից պահանջում հարգանք մեր հանդեպ, երբ մենք ինքներս, բարեկամություն և գործընկերություն անելու տարրական վարվեցողություն չունենք:

Կարելի է կարծել, որ վրացիներն էլ իրենց հերթին հասկանում, գնահատում և կարևորում են Հայաստանի նշանակությունը տարածաշրջանի և Վրաստան պետության ապագայի համար: Եթե երկուստեք պատմությունից դասեր չքաղենք՝ դատապարտված է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի պետականությունը: Վերջինը՝ առաջին հերթին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20