Դիվանագիտական փոխհրաձգություններ հանդիպումից առաջ

- in Պաշտոնական
86
Serzh Aliyev

Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ադրբեջանական և հայկական կողմերը որոշակիորեն դիվանագիտական փոխհրաձգություն իրականացրեցին: Բաքուն հայտարարեց, որ հանդիպումը տեղի է ունենում, և բանակցությունը վերսկսվում է՝ մերժելով հայկական կողմի նախապայմանները, այսպես ասած՝ վստահության մեխանիզմների հետ կապված, իսկ Երևանը դրան շատ կոշտ արձագանքեց և հայտարարեց, որ բանակցությունը տեղի է ունենալու հենց այդ մեխանիզմների թեմայի շուրջ:

Իրականում գործընթացը փակ է որևէ ճշգրիտ եզրահանգման համար, սակայն խորքային հաշվով թերևս հնարավոր է եզրակացնել, որ եթե ոչ անմիջականորեն բանակցությունը, ապա գործընթացի ամբողջական տրամաբանությունը ենթադրում է հենց հրադադարի պահպանման մեխանիզմների խնդիր:

Ինչ են քննարկելու Ժնևում Սարգսյանն ու Ալիևը՝ բավական բարդ է ասել, հնարավոր է պարզապես զրույց ապաքաղաքական թեմաներով, սակայն բուն գործընթացային տրամաբանությունը հանգում է հրադադարի մեխանիզմներին՝ այն պարզ տրամաբանությամբ, որ հակառակ դեպքում հազիվ թե Ալիևը ընդամենը ներքին քարոզչական նկատառումներից ելնելով վտանգի տակ դներ իր դիվանագիտական հաղթանակը՝ «բացահայտելով» հայկական կողմի «նահանջ» վստահության մեխանիզմներին առնչվող պայմանից: Չէ՞ որ Ալիևն իր հայտարարություններով ընդամենը ստիպեց, որ հայկական հասարակության մեջ սրվեն տրամադրությունները և հարցադրումները իշխանությանը, իսկ իշխանությունն էլ, պատասխանելով դրանց, պնդի հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմին առնչվող պայմաններն ու կոշտ պատասխանը Բաքվին:

Ալիևը հազիվ թե այդքան հիմար գտնվեր՝ չհաշվարկելով իր «դիվանագիտական հաղթանակի» համար իր իսկ արած հայտարարությունների հետևանքը: Դա նշանակում է, որ Ալիևը իրականում չունի այդպիսի հաղթանակ, որ ունենար այդ հաղթանակը պահելու և դրա վրա, այսպես ասած, դողալու կամ այն խնամելու անհրաժեշտություն: Ըստ այդմ՝ նա պարզապես գնացել է քարոզչական տրամաբանության հետևից՝ «մերկանալով» դիվանագիտական տեսանկյունից:

Հետևաբար պետք է ենթադրել, որ Ժնև նա գնում է հրադադարի պահպանման մեխանիզմների հետևից: Դա, իհարկե, չի նշանակում, որ Ալիևը այնտեղ համաձայնելու է այդ մեխանիզմներին, բայց խնդիրն այն է, որ եթե նա գնում է, ապա այն պատճառով, որ բանը միայն հայկական կողմի պայմանը չէ, և խոսքը համանախագահների մոտեցման մասին է: Իսկ համանախագահները իհարկե, այսպես ասած, վիճակահանությամբ կամ ճաշակով չեն առաջնորդվում կողմերի մոտեցումներից այս կամ այն տարբերակը ընտրելիս, այլ առաջնորդվում են բնականաբար աշխարհաքաղաքական տրամաբանությամբ և ռազմավարությամբ, ու այդ համատեքստում ակնհայտ է, որ Ղարաբաղյան խնդրում նրանք ունեն նվազագույն կոնսենսուս հրադադարի պահպանման հարցում:

Դա չի նշանակում, որ կոնսենսուս կա հատկապես հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցում, սակայն ինքնին հրադադարի պահպանման հարցում կոնսենսուսը նվազագույնն է, որ անհրաժեշտ է հայկական կողմին, քանի որ բուն մեխանիզմը արդեն կարող են դիտարկվել նաև հայկական զինված ուժերը: Ի վերջո, հենց նրանք են երկու տասնամյակ հանդիսացել այդ մեխանիզմը:

Ադրբեջանն ապրիլին փորձեց կասկածի տակ դնել այն, և եթե հաջողեր, ապա, իհարկե, հետագա զարգացումները կարող էին Հայաստանի համար լինել ուղղակի աղետաբեր: Սակայն մեխանիզմը ապրիլյան քառօրյայում վերահաստատեց իրեն, և ներկայումս գուցե նույնիսկ Ադրբեջանի առաջ խնդիր է դրվում ոչ թե համաձայնել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրմանը, այլ պարզապես հաշտվել այդ մեխանիզմի, այսինքն՝ հայկական զինուժի ֆունկցիոնալ այդ առաքելության հետ և չփորձել այլևս դնել այն կասկածի տակ:

Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:  Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: «Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ: Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է Արցախի նախագահը:

Նրա խոսքով`ազատ, անկախ և հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է, ինչից, առանց չափազանցության, կախված է նաև համայն հայության ապագան: «Անկախությունն ու անվտանգությունը մեզ համար անձեռնմխելի արժեքներ են և հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները»,- ավելացրել է Բակո Սահակյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20