Դրամային միլիոնատերեր կամ՝ միլիարդատեր են այն մարդիկ, ովքեր «յուղոտ» պաշտոններ են զբաղեցնում

ator-portfel

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է նաև միջին և մանր օղակի պաշտոնյաների հայտարարագրերը: Երբ ծանոթանում ենք դրանց, ակնհայտ է դառնում Հայաստանի իշխանության անհուսալի կոռումպսցվածությունը, համակարգի «կենսունակության», վերարտադրության գաղտնիքը:

Դրամային միլիոնատերեր, միլիարդատեր են հատկապես այն մարդիկ, ովքեր «յուղոտ» պաշտոններ են զբաղեցնում ՊԵԿ-ում: Օրինակ, ինչպե՞ս կարող է մարդը ստանալ 4 մլն 220 հազար դրամ աշխատավարձ, սակայն հայտարարագրել 7 մլն 700 հազար դրամ, 8 200 եվրո և 13 500 դոլար դրամական միջոց: Հայաստանում` հնարավոր է, որովհետև մեր պաշտպանները ֆոկուսնիկներ են: Նրանց շարքում է դրամական այս միջոցներին տիրապետող ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Սակայն Սաղոյանից շատ ավելի հարուստ պաշտոնյաներ կան հենց նույն ՊԵԿ համակարգում: Օրինակ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը որպես աշխատավարձ հայտարարագրել է 3 մլն 188 հազար դրամ: Բայց նրա հայատարարագրած դրամական եկամուտները մեծ չափերի են հասնում՝ 320 հազար դոլար և 71 մլն 500 հազար դրամ: Կամ` ընդամենը 2 մլն դրամ աշխատավարձ հայտարարագրած ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետ Ստամբոլյանը հայտարարագրել է 290 հազար դոլար, 5 000 եվրո և 2 մլն դրամ դրամական միջոց:

Այս ցանկը կարող ենք անվերջ շարունակել, բայց հազիվ թե դրանով զարմացնենք մեր ընթերցողներին: Ավելին` հենց աղքատության ճիրաններում տառապող մեր հայրենակիցներին խնայելու նպատակով` կսահմանափակվենք միայն բերված օրինակներով` հավելելով միայն, որ ՊԵԿ-ում` չնայած համեստ աշխատավարձերին, հարուստ են գրեթե բոլոր պաշտոնյաները:

Թյուր է այն կարծիքը, որ պետական համակարգում ամենաունևորներն իշխանության առաջին դեմքերն են: Ավելի շուտ` դա այդպես է, եթե բարձրաստիճան պաշտոնյան իր ֆորմալ կարգավիճակին համարժեք ազդեցություն ունի քրեաօլիգարխիկ համակարգում: Եվ ճիշտ հակառակը` «տուրիստ» բարձրաստիճան պաշտոնյաներն, ովքեր իշխանության օլիմպոսում հայտնվում են քաղաքական հանգամանքների բերումով և, որպես կանոն, արագ հեռանում են, նույնիսկ կարող են շատ համեստ կենցաղ ունենալ:

Եթե ՊԵԿ-ի պաշտոնյան` իր համեստ աշխատավարձով, հարուստ է, ապա կամ թաթախված է կոռուպցիայի մեջ, կամ էլ` պետական գործը համատեղում է բիզնեսի հետ` նպաստելով վերջինիս բարգավաճմանը: Երկու դեպքում էլ գործ ունենք հանցագործության հետ, որի հեղինակներն իրավական երկրում երկար ժամանակ ազատության երես տեսնել չեն կարող: Եթե մեր ՊԵԿ-ում բոլոր պաշտոնյաները հարուստ են, ապա այս գերատեսչությունը, մեղմ ասած, պետական համակարգում կոռումպացվածներից մեկն է, ըստ այդմ` բլեֆ են Կարեն Կարապետյանի պնդումները ՊԵԿ բարեփոխումների մասին:

Մյուս կարևոր դիտարկումն այն է, որ հենց պետական համակարգի միջին կոռումպացված սեգմենտն է հայկական քրեաօլիգարխիայի ողնաշարը: Այդ մարդիկ «կասիրի» դեր են կատարում ոչ միայն իրենց անմիջական վերադասի, այլ նաև` այն պաշտոնյաների և օլիգարխների համար, որոնց քվոտայով նշանակվել են: Միջին այդ պաշտոնյաները տիրապետում են արտոնությունների ահռելի համակարգի, որովհետև հենց նրանք են ընտրությունների ժամանակ համակարգում իշխանության համար «տոկոս խփելու» գործընթացը:

Այլ խոսքով` կոռումպացված այս չինովնիկությունը կամ նոմենկլատուրան քրեաօլիգարխիայի «արյունատար համակարգն» է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված միջին և մանր օղակի պաշտոնյաների հայտարարագրերն, ըստ էության, հաղորդում են հանցագործ և կոռումպացված փողերի մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20