Երևանում հղի կինը սպանել է հղի հարևանուհուն, որ իր ինտիմ գաղտնիքները ամուսնուն չհայտնի

- in Իրավունք
52
Cnndkan

2007 թվականի մայիսի 12-ը Հայատանի Հանրապետությունում ընտրությունների օր էր: Այդ օրը կատարված հանցագործությունը հավակնում էր ավելի հնչեղ դառնալու, թեկուզ՝ կապված չլիներ ընտրությունների ու քաղաքականության հետ:

Տվյալ դեպքում խոսքը հղի կնոջ դաժան սպանության մասին է:

Երևանում՝ Նոր Նորքի շենքերից մեկի 81-րդ բնակարանում հայտնաբերվել էր 8 շաբաթական հղի կնոջ արնաշաղախ մարմին: Բնակարանում իրերը խառնված էին, բայց հափշտակվել էին միայն սպանվածի՝ այդ տան հարսի ամուսնական մատանին ու ականջօղերը:

Մի՞թե սպանությունը կատարվել էր 48 հազար 250 դրամի ոսկեղենը հափշտակելու համար: Իսկ միգուցե սպանողները այդ ոսկեղենը վերցրել էին հետքերը խառնելո՞ւ, ավազակային հարձակման տպավորություն գործելո՞ւ նպատակով…

Սպանվածի արնաշաղախ մարմինը տեսնելուց վատացած հարազատներին տարել էին հարևան՝ 82-րդ բնակարան՝ հարևանական օգնություն ցուցաբերելու: Այդ բնակարանում նույնպես հղի հարս կար, ասում էին՝ սպանվածի հետ նա շատ մտերիմ էր:

Սպանվածի հարազատները մեխանիկորեն հարցրել էին՝ Բելան ո՞ւր է: Բելայի ամուսնու եղբայր Գուրգենն ասել էր, թե Բելան չորսամյա որդու հետ գնացել է հորաքրոջ տուն:

Շուտով պարզվել էր, որ 7 ամսական հղի Բելան հորաքրոջ տանը իմանալով հարևանուհու՝ իր մտերիմ ընկերուհի Մերիի սպանության մասին, այնպես է վատացել, որ նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Քանի որ հղի հարսները մտերիմ էին, իրավապահները ցանկացել էին զրուցել հիվանդանոցում հայտնված Բելայի հետ՝ Մերիի ու դեպքի օրվա վերաբերյալ տեղեկություններ ստանալու հույսով:

Մինչև իրավապահները հասել էին հիվանդանոց, իմացել էին, որ Բելան, բժշկական օգնություն ստանալով, տուն է գնացել:

Բժշկուհին իրավապահներին ասել էր, թե Բելային լուրջ բան չէր պատահել, նա պարզապես շատ լարված էր, ապահովության համար նրան հանգստացնող դեղամիջոց էին տվել:

Բժշկուհուց աննկատ չէր մնացել, նրան անհանգստացրել էր Բելայի աջ ազդրի դրսային հատվածի թարմ վերքը: Բելան բժշկուհու հարցին պատասխանել էր, թե ինքն է պատահաբար վնասել ազդրը, բայց բժշկուհու սրատես, մասնագիտական աչքը այլ բան էր տեսել…

Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, ոստիկանների ու հարազատների ուղեկցությամբ Բելային նորից հիվանդանոց էին տարել:
Հաջորդ օրը նա բժիշկների թույլտվությամբ հարցաքննվել էր:

Դեպքի օրը ոստիկանները նաև գործողություններ էին ծավալել՝ սպանվածից հափշտակված ոսկեղենի «տաք հետքին» ընկնելու ուղղությամբ: Արդյունքը շատ արագ էր ստացվել՝ հենց հաջորդ օրը: Նորքի առաջին զանգվածում գտնվող «Պալաս» առևտրի կենտրոնի մի վաճառողուհի ներկայացրել էր որոնվող ոսկեղենն ու ասել, թե դրանք նախորդ օրը գնել է մի… հղի կնոջից: Վերջինս ասել էր, թե քրոջ ոսկեղենն է, քույրը ծննդաբերում է, նրան շտապ գումար է անհրաժեշտ: Վաճառողուհու նկարագրած հղի կինը շատ նման էր Մերիի հարևանուհի ու սրտակից ընկերուհի Բելային…

Բելա Մ.-ն ամուսնացել էր 2001 թվականին:

2005 թվականին հարևան՝ 81-րդ բնակարան հարս էր գնացել Մերին: Դուռ-դռան ապրող հարսները մտերմացել էին, ամեն օր իրար հետ սուրճ էին խմել, միմյանց գաղտնիքներ էին վստահել…

Բելայի ցուցմունքի համաձայն՝ ինքը չափից դուրս շատ էր անկեղծացել Մերիի հետ ու պատմել էր իր կողմից ամուսնական անհավատարմության մասին: Մերին գիտեր, թե ում հետ էր Բելան ինտիմ կապ ունեցել: Գիտեր նաև, որ Բելան ամուսնուց թաքուն փող է վերցնում ու… լոտո է առնում…

Ըստ Բելայի՝ Մերին նույնպես գաղտնիքներ ուներ, որոնք վստահել էր իրեն:

Միմյանց գաղտնիքներն իմանալը կանանց կախման մեջ էր գցել իրարից: Բելայի խոսքերով՝ Մերին սկսել էր թերագնահատել իրեն, շահագործել իր անկեղծությունը, նսեմացնել. «Նա ինձ ասում էր՝ գյուղացի, անխելք…»,- հայտնել էր Բելան ու նշել, թե միշտ համբերատար է եղել Մերիի նկատմամբ, սակայն երբ նա սպառնացել է իր գաղտնիքները հայտնել ամուսնուն, այլևս չի կարողացել համբերել…

Դեպքի օրը՝ 2007 թվականի մայիսի 12-ի առավոտյան՝ ժամը 10-ին, ամեն օրվա պես Մերին զանգել ու Բելային կանչել էր սուրճ խմելու: Բելան տանը թողել էր մուլտֆիլմ դիտող 4-ամյա որդուն ու ննջարանում քնած Գուրգենին՝ ամուսնու եղբորը, և շտապել էր հարևանուհու տուն:

Հարսները սկզբում խաղաղ զրուցել էին այդ օրվա ընտրություններից, հետո անցել էին իրենց սիրած թեմային՝ ինտիմ գաղտնիքներին: Եվ կամաց-կամաց մտերիմ զրույցը վերաճել էր վիճաբանության:

Ըստ Բելայի՝ Մերին ծաղրել էր իրեն, սպառնացել, թե գաղտնիքները հայտնելու է ամուսնուն: Բելան վախեցել ու ասել էր, թե հիմա կվերադառնա: Նա արագ դուրս էր եկել Մերիի տանից, մտել էր իրենց բնակարան, վերցրել էր խոհանոցային դանակը, աջ ձեռքով պահել էր թիկունքի մասում ու վերադարձել էր Մերիի մոտ:

Մերին ժպտալով ընդառաջ էր գնացել, խոսել էր հաշտ, բայց Բելան արդեն որոշումը կայացրել էր: Նա Մերիից ջուր էր ուզել:

Երբ Մերին մտել էր խոհանոց, որ ջուր լցնի բաժակի մեջ, Բելան թիկունքից դանակով երեք անգամ հարվածել էր նրան:

Մերին ընկել էր հատակին ու գոռացել էր. «Վա՜խ, մամա ջան, էս ի՞նչ արեցիր»:

Բելան Մերիի հայացքից վախեցած՝ չէր կարողացել մենակ մնալ նրա հետ, վազել էր իրենց տուն, տագրոջը՝ Գուրգենին, հայտնել էր, որ դանակահարել է Մերիին:

Գուրգենը Բելայի հետևից շտապել էր Մերիի տուն: Նրանք երկուսով գործել էին արդեն որպես համախոհներ:

Երբ 25-ամյա Բելան ու 26-ամյա Գուրգենը մտել էին Մերիի բնակարան, տեսել էին, որ Մերին փորձում է սողալով գնալ պատշգամբ և օգնություն կանչել: Նրանք Մերիին հարվածել էին թավայով, արյունոտ դանակով, նույնիսկ՝ հեռակառավարման վահանակով:

Մերին դիմադրել էր ամբողջ ուժով: Նույնիսկ կարողացել էր մի պահ ձեռք գցել սպանության գործիքն ու հարվածել Բելայի ազդրին՝ նրան պատճառելով այս գործով կարևոր հանցանշաններից մեկը:

Մերիին հասցվող հարվածների միջակայքում Բելան խառնել էր տան իրերը՝ տպավորություն ստեղծելով, թե ավազակային հարձակում է կատարվել:

Բելան ու Գուրգենը կապել էին Մերիի ձեռքերը, ոտքերը, փակել էին բերանը:

8 շաբաթական հղի, իր առաջնեկին այդպես էլ չտեսած Մերին երկար ժամանակ չէր մահանում, նրա ձայներից Բելան՝ 7 ամսական հղին, վատանում էր…

Բելայի խոսքերով՝ ինքը Գուրգենից թաքուն հանել է Մերիի մատանին, վերցրել է ականջօղերը…

Սպանված Մերիին թողնելով՝ Բելան ու Գուրգենը դուրս էին եկել: Բելան չէր մոռացել վերցնել արյունոտ դանակն ու այն նետել էր «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ գտնվող թփերի մեջ:

Բելան ու Գուրգենը կատարվածից հետո լողացել էին: Բելան լվացել էր իրենց հագի շորերը: Միայն ձեռքերը չէին կարողացել այնպես լվանալ, որ եղունգների տակից վերանան Մերիի արյան ու հագուստի մանրաթելերի մնացորդները: Դրանք հայտնաբերվել էին հետագա փորձաքննությունների ընթացքում ու դարձել էին նրանց մեղքը հաստատող ապացույցներ…

Բելա Մ.-ն երկար ժամանակ չէր խոստովանել կատարածը: Նա կալանքի տակ էր առնվել դեպքի հաջորդ օրը՝ 2007 թվականի մայիսի 13-ին: Հուլիսի 24-ին ծնվել էր Բելայի աղջնակը: Իսկ 2008 թվականի մարտի 24-ին Բելան տվել էր առաջին խոստովանական ցուցմունքը:

Գուրգեն Գ.-ն նույնպես առնվել էր կալանքի տակ: Նա խոստովանական ցուցմունքներ չէր տվել: Բելան հրաժարվել էր նրա հետ առերես հարցաքննությունից՝ ասելով, թե վախենում է սկեսուրի մոտ գտնվող երեխաների համար:

Այնուհետև Բելան փոխել էր պաշտպանական տակտիկան ու սկսել էր հիշատակել ինչ-որ Գևորգի, ասել էր, թե ինքն ու Գուրգենն անմեղ են…

Այս գործն անցել է դատական բոլոր ատյաններով: Բելա Մ.-ի ու Գուրգեն Գ.-ի մեղքը բոլոր ատյանները համարել են ապացուցված: Բելան դատապարտվել է 11 տարի, Գուրգենը՝ 12 տարի ազատազրկման…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20