Թուրքիան մեր երկիրն է

- in Կարծիք
30
Garo Palyan

Ծագումով հայ, Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը կարծում է, որ Թուրքիայում բնակվող հայերը պետք է ավելի ակտիվորեն և համարձակորեն հայտարարեն իրենց իրավունքների մասին։ Փայլանը դեմ է հանդես գալիս ազգայնական միտումներին, որոնք, նրա կարծիքով՝ ուժեղանում են տարածաշրջանում։

«Հայաստանը չի կարող զարգանալ՝ կտրված լինելով տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներից»,-հայտարարել է պատգամավորը DalmaNews-ի հետ հարցազրույցում։ «Հարևան երկրներում և տարածաշրջաններում իրավիճակն անհանգիստ է։ Թուրքիայում, Իրաքում, Իրանում և Սիրիայում տեղի են ունենում անհանգիստ քաղաքական գործընթացներ, այդ երկրներից մի քանիսում քաոս է տիրում։ Երբ ազգայնականներն ամրապնդում են դիրքերը քո երկու կողմերում, հանգիստ կյանքի մասին խոսելու կարիք չկա։ Ազգայնական շարժումները Թուրքիայում, Հայաստանում և Ադրբեջանում միայն սնում և ուժեղացնում են միմյանց։ Ես, իհարկե, հայ եմ, բայց միանման վատ եմ վերաբերվում ինչպես թուրք, այնպես էլ հայ ազգայնականներին։ Ես խնդիրներ ունեմ և՛ մեկի, և՛ մյուսի հետ, ես խաղաղություն եմ պահանջում և պայքարում Թուրքիայում խաղաղության ու ժողովրդավարության համար։ Ես խորապես համոզված եմ, որ դա տարածաշրջանի երկրների խաղաղ գոյակցության միակ հնարավոր ուղին է»,-ասել է նա։

Փայլանը խոստովանել է, որ Հայաստանում հաճախ կարելի է լսել արտահայտություն՝ «թուրքը մնում է թուրք» ոգով, ինչը վկայում է Թուրքիայի հանդեպ խորը անվստահության մասին։

«Թուրքիայում նույնպես կարելի է լսել համանման արտահայտություն հայերի և քրդերի մասին։ Ես կարծում եմ, որ դա սխալ է։ Յուրաքանչյուր համայնքում կան և՛ լավ, և՛ վատ մարդիկ, դրական և բացասական քաղաքական գործընթացներ։ Ներկայում Թուրքիայում գերիշխում են ազգայնական միտումները, սակայն խնդիրը նրանումն է, որ գործընթացը չի սահմանափակվում այդ երկրի սահմաններով և տանում է ազգայնականների ուժեղացման քրդերի շրջանում, և նույնիսկ Հայաստանում։ Այսինքն՝ քուրդ ազգայնականները Թուրքիայում և Հայաստանում, թշնամություն անելով միմյանց դեմ, իրականում ուժեղացնում են միմյանց իրենց համայնքներում»։

Պատգամավորը կարծում է, որ Հայաստանը հեռու է Թուրքիայի հետ համագործակցության հնարավորությունից այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունները կապել է ԼՂ հակամարտության հետ։

«Երկխոսության հաստատման համար պետք է, որպեսզի մամուլը, երկու երկրների պատգամավորները, ինչպես նաև հայ և թուրք ժողովուրդները շփվեն միմյանց հետ։ Կարող եմ ասել, որ Հայաստանը դրանից ներկայում հեռու է։ Իհարկե, երկրի ղեկավարության մակարդակով հայտարարվում է, որ Հայաստանը բաց է և պատրաստ երկխոսւթյան, սակայն այնուամենայնիվ «թուրքը մնում է թուրք» կարծրատիպը գերիշխում է։ Նույնը տեղի է ունենում Թուրքիայոմ։ Ինչու՞։ Որովհետև չկա կարծիքների փոխանակություն ժողովուրդների, երկրների, պաշտոնատար անձանց և առաջնորդների միջև։ Ես Թուրքիայում իմ ընկերների հետ կփորձեմ մշակել տեսլական հայկական, քրդական հարցերով։ Նպատակն է ելք գտնել ազգայնական դիսկուրսների այդ փակուղուց և աստիճանաբար անցնել Հայաստանի հետ երկխոսության։ Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանը նույնպես պատրաստ լինի դրան՝ կառուցելու համագործակցության կամուրջ Թուրքիայի հետ»։

Փայլանը հայտարարել է, որ այսօր 80 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում բնակվում է 60 հազար հայ, սակայն կան միլիոնավոր իսլամականացված հայեր, ովքեր առանձնապես չեն սիրում խոսել իրենց ծագման մասին։

«Հայ համայնքը ներկայում նախընտրում է ձայն չբարձրացնել, սակայն դա ելք չէ և ոչ մի կերպ չի պաշտպանում նրանց ազգայնականների մշտական հարձակումներից։ Լռել՝ չի նշանակում հարձակումներից պաշտպանված լինել։ Եթե դու ապրում ես Թուրքիայում, ունես իրավունքներ, դու պետք է հայտարարես դրանց մասին, պաշտպանվես, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատասխանես հարձակումներին։ Հայերը Թուրքիայում սփյուռք չեն։ Թուրքիան մեր երկիրն է, Հայաստանը պետք է այդ հարցով հստակ տեսլական ունենա»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20