Ի՞նչ կապ ունի Սոչին Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման հետ

- in Հասարակություն
40
Serzh Aliyev

Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ՝ Ժնևում։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ուշագրավ է, որ երեկ ցերեկը՝ կառավարության նիստից հետո, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել էր, որ դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Արդյո՞ք Սարգսյան-Ալիև հանդիպման հարցը որոշակիացվել է երեկվա ընթացքում՝ Քոչարյանի հարցազրույցի և ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի արանքում, թե՞ մենք աստիճանաբար ադապտացվում ենք Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, քաղաքական նոր կարգավիճակին, որը բխում է 2018-ի տրամաբանությունից և հանգում է նրան, որ գործող նախագահի գործունեության ծանրությունն աստիճանաբար տեղափոխվում է Մելիք-Ադամյան փողոց, և այսուհետ հենց ՀՀԿ խողովակներով ենք տեղեկանալու Սերժ Սարգսյանի օրակարգի մասին:

Ի՞նչ կապ ունի Սոչին Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման հետ: Արդյո՞ք Սոչիում է փորձ արվել կազմակերպել երկու նախագահների հանդիպում, թե՞ ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում ընդամենը որոշակիացվել է Սարգսյան-Ալիև հանդիպման հարցը: Այս հարցերի պատասխանները բաց են մնում, թեև շատ հնարավոր է, որ ճիշտ են Արմեն Աշոտյանի այն հավաստիացումները, որ Սոչիում ոչ մի հանդիպում էլ տեղի չի ունեցել, որովհետև այն պարզապես նախատեսված չի եղել:

Արմեն Աշոտյանը երեկ հավելել է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նա, կարծես թե, համանախագահների հանգամանքը հատուկ է ընդգծել՝ շեշտելու համար, որ Հայաստանը սկզբունքորեն չէր համաձայնի նախագահների հանդիպման, եթե այն կազմակերպվեր բացառապես ռուսական նախաձեռնությամբ: Այս դիվանագիտական տողատակով Աշոտյանն, ըստ էության, փակել է Սոչիի թեման: «Հայաստանի տեսակետները գիտեք Արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը», – շարունակել է Արմեն Աշոտյանը:

Նա, անդրադառնալով Արցախյան հակամարտության գործընթացին, շեշտել է, թե բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել արժանահավատ անվտանգ միջավայր։ Աշոտյանը նկատել է, որ այս պահին բանակցությունները շարունակվում են: «Այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա։ Դուք ծանոթ եք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, բոլոր դեպքերում, հավատարիմ լինելով Մինսկի խմբի ձևաչափին ու սկզբունքներին, Հայաստանը միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու տեսանկյունից»,- եզրափակել է Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի այս լակոնիկ ձևակերպումները հուշում են, որ առնվազն հստակություն չկա Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման օրակարգի հետ կապված, և գուցե առաջիկա օրերին դեռ այս թեմայով շարունակություն ունենա Երևանի և Բաքվի հրապարակային պոլեմիկան, «փոխհրաձգությունը»:

Սարգսյան-Ալիև հանդիպմանը նախորդելու է, ուղեկցելու է լարվածության ռեժիմը, և մնում է գոնե հուսալ, որ երկու կողմերի պոլեմիկան կսահմանափակվի դիվանագիտական հարթության վրա՝ չդառնալով առաջնագծում լարվածության և նոր զոհերի առիթ:

Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում Սերժ Սարգսյանի քաղաքական կարգավիճակը: Սա, ըստ ամենայնի, նախագահի կարգավիճակում Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանն այլ կարգավիճակով 2018-ի ապրիլից հետո նույնպես լինելու է Հայաստանի հիմնական բանակցողը Ղարաբաղյան բանակցություններում, թե՞ Սերժ Սարգսյանի կողմից Ժնևում կատարվելու են որոշակի ամփոփումներ, և սահմանվելու է այն նշաձողը, որից ներքև հայկական կողմը զիջումներ անել չի կարող՝ անկախ բանակցային սեղանի շուրջ անձերի փոփոխությունից:

Ինչպես տեսնում ենք՝ հարցերը շատ են, որոնցից շատերը պատասխան չեն ստանալու անգամ Ժնևում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20