Ինչո՞ւ է Նալբանդյանը Բրյուսել մեկնում հանդիպումից գրեթե անմիջապես հետո

- in Կարծիք
248
Eduard Nalbandyan

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 18-19-ին կլինի Բրյուսելում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆորմալ առիթը Եվրոպայի հայկական չորրորդ համաժողովին մասնակցելն է:

Նալբանդյանը նաև հանդիպում է ունենալու Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։ Ամենևին բացառված չէ սակայն, որ Նալբանդյանը Բրյուսելում ունենա նաև այլ հանդիպումներ: Արտաքին գործերի նախարարի այդ այցը հետաքրքրություն է ներկայացնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլի զարգացումների համատեքստում՝ կապված շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարի հետ, որը սպասվում է նոյեմբերի 24-ին նույն Բրյուսելում տեղի ունենալիք ԵՄ Արևելյան Գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

Խնդիրը սակայն այն է, որ հայաստանցի մի շարք փորձագետներ խոսում են այդ միջոցառման հնարավոր հետաձգման մասին, որի պատճառը, որքան էլ տարօրինակ չթվա, Եվրամիությունում է: Համենայնդեպս, այդ մասին են խոսում թե՛ Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, թե՛ միջազգային հարցերի փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, որոնք ասում են, թե կան պետություններ, որոնց գործողությունները ռիսկի տակ են դնում համաձայնագիրը նոյեմբերի վերջին ստորագրելը: Միևնույն ժամանակ, այդ համատեքստում ուշագրավ է այն, որ օրերս հրապարակվեց համաձայնագրի տեքստը ու թեև հայտարարվեց, որ այն փոխհամաձայնեցված է, այնուհանդերձ տպավորությունն ավելի շուտ այն էր, որ Բրյուսելը որոշակի անակնկալի բերեց Երևանին: Միևնույն ժամանակ բավական բարդ է ասել՝ համաձայնագրի տեքստի հրապարակումը ուներ պաշտպանակա՞ն նպատակ, թե՞ հակառակը՝ տեքստը, այսպես ասած հասանելի դարձնելով, ավելի խոցելի դարձնելու և իրավիճակը դրա շուրջ խճճելու: Միով բանիվ, ակնհայտ է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման սպասվող ժամանակացույցին ընդառաջ զարգացել են բավականին խճճված իրադարձություններ, որոնց թվին գուցե հնարավոր է դասել նաև Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը կայացավ Ժնևում:

Ի վերջո Բրյուսելում սպասվում է ոչ միայն Երևանի, այլ նաև Բաքվի հետ որոշակի փաստաթղթի ստորագրում, իսկ Բաքուն այդ հարցում պնդում է տարածքային ամբողջականության շեշտադրման վրա: Երևանի փաստաթղթում, ինչպես հայտնի է, ԵՄ-ն ու Հայաստանը ընդամենը հղում են անում Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք սկզբունքներին, այսինքն՝ այն սկզբունքներին, որոնք առաջ է մղում Մինսկի խումբը և որոնք վայելում են Երևանի հավանությունը: Ալիևն իր հերթին, ինչպես հայտնի է, մեղադրում է Եվրոպային այսպես ասած կողմնապահության համար և սպառնում դուրս գալ ԵԽ-ից: Ամենևին բացառված չէ, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև Ժնևում կայացած հանդիպումը պարունակել է նաև այդ համատեքստը և շոշափել դրա հետ կապված խնդիրներ՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, հաշվի առնելով նաև, որ Եվրոպան ենթարկվում է Ալիևի շանտաժին, ինչը ռիսկի տակ է դնում նաև հայկական համաձայնագիրը: Նաև այդ տեսանկյունից ուշագրավ է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հրապարակվեց Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, իսկ Նալբանդյանը Բրյուսել է մեկնում այդ հանդիպումից գրեթե անմիջապես հետո:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20