Ինչո՞ւ հեռանա Հայրապետյանը, եթե հերթական «դավաճան» ֆուտբոլիստը կարող է ֆիլտրվել հավաքականից

- in Հասարակություն
Henrikh Mkhitaryan

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումից հետո անիմաստ են մարզական վերլուծությունները կամ նույնիսկ` մեր ֆուտբոլի համակարգային արատների մասին խոսակցությունները: 1:6 հաշիվն այնքան խոսուն է, որ փակվում է անգամ վերլուծելու, լուծումներ առաջարկելու դաշտը:

Հետխաղյա մամուլի ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասել է, թե ավելի լավ էր «գետինը մտներ», քան ասուլիսի գար և խոսեր: Մարդկայնորեն Պետրոսյանին գուցե կարելի է հասկանալ` թեև ակնհայտ է, որ «պառավական անեծքով» նա ընդամենը փորձել է նվազագույնի հասցնել այն ահռելի պատասխանատվությունը, որ ունեն ինքը, հատկապես ֆեդերացիայի նախագահը` հայկական ֆուտբոլի այսօրվա ֆիասկոյի, ամոթալի, նվաստացուցիչ վիճակի մասին:

Որևէ մեկը Պետրոսյանից չի պահանջել «գետինը մտնել», նրանից ընդամենն ակնկալվում էր` հավատարիմ մնալ ֆուտբոլին, սկզբունքին, «Ես»-ին: Դա հնարավոր էր մի դեպքում` եթե Պետրոսյանը հակադրվեր Ռուբեն Հայրապետյանի քրեական մտածողությանը, բեսպրեդելին, չկարողանալու դեպքում` արժանապատիվ հեռանար` հասարակությանը տեղյակ պահելով հայկական ֆուտբոլում ծառացած անհաղթահարելի խոչընդոտների մասին:

«Եթե ուշադիր վերլուծեք հանդիպումը, ապա կտեսնեք, որ մենք ոչ թե պարտվեցինք իմ ընտրած տակտիկայի, այլ մեր ֆուտբոլիստների թույլ տված պարզունակ սխալների պատճառով»,- ասել է Պետրոսյանը` չընդունելով նաև, որ հավաքականի սխալ կազմ է ընտրված: Սա հենց քրեական, օլիգարխիկ մտածողությունն է` իր պրիմիտիվ դրսևորման մեջ, որովհետև Պետրոսյանն իրեն պատկերացնում է ոչ թե իր առաքելությունը գիտակցող մարզչի, այլ օլիգարխի խոսնակի կարգավիճակում, ով իրեն պատասխանատվությունից ապահովագրելուց զատ` կրծքով պաշտպանում է նաև Հայրապետյանին` հավաքականի կազմի նրա կամայական լուծումներով հանդերձ:

Ամեն ինչում մեղավոր են ֆուտբոլիստները` երեկ սա էր Պետրոսյանի խոսքի հիմնական ուղերձը, որպեսզի ինչ-որ մեկի մտքով հանկարծ չանցնի մեղադրել Ռուբեն Հայրապետյանին: Վերջինս առայժմ լռում է, սակայն կասկած չունենք, որ առաջիկայում կլսենք նրա «մտքի գոհարները»` ազգային հավաքականի դեմ ուղղված ֆուտբոլիստների հերթական «դավադրության» մասին: Ինչո՞ւ հեռանա Հայրապետյանը, եթե հերթական «դավաճան» տաղանդավոր ֆուտբոլիստը կարող է ֆիլտրվել հավաքականից` ավելի «կատարյալ» դարձնելով օլիգարխի «միջակությունների հավաքածուն»:

Քրեա-օլիգարխիկ այս մտածողությանը հակադրվում է Հենրիխ Մխիթարյանը` պրոֆեսիոնալի, եթե կուզեք` քաղաքացու իր կեցվածքով: «Խայտառակ պարտություն, որի ամենամեծ մեղավորը ես եմ. այդքան բան: Որովհետև ես թիմի ավագն եմ, ես եմ պատասխանատու այս թիմի համար ու այս պարտությունը վերցնում եմ ինձ վրա»,-խաղից հետո պրոֆեսիոնալին բնորոշ արժանապատվությամբ ասել է Մխիթարյանը:

Վերջինս ֆուտբոլային բարձունքին հասել է իր տաղանդի, աշխատասիրության, բայց նաև արևմտյան այն համակարգի շնորհիվ, որը նրան ռեալիզացվելու, իրացվելու շանս է տվել: Հենրիխի ցանկացած խոսք ակամայից հակադրվելու է Հայրապետյանին, որովհետև չեն կարող մեկտեղվել պրոֆեսիոնալիզմն ու բեսպրեդելը, արևմտյան արժեհամակարգն ու քրեական մտածողությունը: Չենք էլ զարմանա, որ հենց Մխիթարյանը դառնա Հայրապետյանի հաջորդ թիրախը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20