Ինչո՞ւ չկան հայ-իրանական տարածաշրջանային և միջազգային նշանակության նախագծեր

- in Տնտեսական
30
Iran

Երեկ մեկնարկել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցն Իրան, որի ընթացքում Կարապետյանն արդեն հասցրել է հանդիպել Իրանի վարչապետ Էսհաղ Ջահանգիրիի և Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Այցի ընթացքում, ինչպես և սպասվում էր, ինչպես և գրեթե միշտ եղել է հայ-իրանական հարաբերության մասով, հնչել են փոխադարձ գնահատականներ հայ-իրանական հարաբերության կարևորության, առանձնահատկության, հեռանկարների, երկկողմ բարեկամության և վստահության մասին: Կարեն Կարապետյանի այցը, բնականաբար, չէր լինելու բացառություն:

Սակայն հայ-իրանական հարաբերությունը շարունակում է լինել ռազմավարական նախագծերի կարոտ: Ռազմավարական՝ տվյալ դեպքում այն իմաստով, որ դրանք ունենան տարածաշրջանային և միջազգային լայն նշանակություն և դուրս լինեն լոկ երկկողմ առևտրատնտեսական շրջանակից: Սակայն այդպիսի նախագծերի մասին առայժմ միայն հայտարարվում է, միայն խոսվում հեռանկարի, հնարավորության մասին, բայց իրականացվողն առայժմ լոկ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին է, այն էլ՝ մեծ վերապահումներով: Հայաստան-Իրան երկաթուղու մասին պարզապես խոսք չկա, երկկողմ հանդիպումներում կողմերը չեն էլ բարձրաձայնում դրա մասին, իսկ Հայաստանի տարածքով իրանական գազի Եվրոպա տարանցման մասին խոսվում է միայն թեական, տեսական մակարդակում, և չկա առարկայական քաղաքական խոսակցություն:

Ինչո՞ւ չկան հայ-իրանական տարածաշրջանային և միջազգային նշանակության նախագծեր, ինչո՞ւ Հայաստան-Իրան գազամուղը, որ կառուցվեց 2006 թվականին, այդպես էլ չունեցավ տարանցիկ հզորություն և կառուցվեց փոքր տրամաչափով, որը թույլ չի տալիս գազը տանել Հայաստանից այն կողմ: Այս հարցերը մի կողմից առկա են, մյուս կողմից՝ առկա է պատասխանը՝ այդ ամենը Հայաստանին կարող է օժտել տնտեսաքաղաքական անկախությամբ, իսկ այդ անկախությունը իր շահերին դեմ է համարում Ռուսաստանը, որը փորձում է Հայաստանի վրա ազդեցությունն օգտագործել հայ-իրանական ռազմավարական նախագծերը տորպեդահարելու համար: Սա ուղղակի փակ շրջան է հիշեցնում, և իրապես պարզ չէ, թե հայ-իրանական հարաբերությունն ինչպես պետք է ընդլայնվի և ձեռք բերի այն որակներն ու մասշտաբը, որ արդեն այդ հարաբերությունն իր անհրաժեշտությամբ ու կարևորությամբ համահունչ լինի երկու կողմերի շահերին, և միաժամանակ ստանա նաև միջազգային նշանակություն, ընդ որում՝ միջազգային կառուցողական նշանակություն: Կարեն Կարապետյանի այցն այս առումով կփոխի՞ որևէ բան:

Այս այցն ընդհանրապես կարող ենք բաժանել երկու մասի՝ զուտ Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարների մաս և Հայաստանի տնտեսաքաղաքական շահերի մաս: Ի՞նչ կտա իրանական այցը Կարեն Կարապետյանին և Հայաստանին, ու արդյո՞ք, այսպես ասած, այդ տալիքը հավասարապես շահեկան է ու ներդաշակ, և ավելի շատ ինչի՞ համար է ջանալու կամ ջանացել Կարապետյանն Իրանում՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության ներուժն ավելացնելո՞ւն միտված նախագծերի, թե՞ հակառակը՝ այդ հարցում Ռուսաստանին հանգստացնելու համար:

Այդ հարցադրումները թվում են պարզունակ, մինչդեռ ամեն ինչ հենց չափից դուրս պարզ է: Իրանն, իհարկե, չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում ազդեցություն և կարծես թե առանձնապես ակտիվ չէ այդ մասով գնահատականների հարցում, սակայն մյուս կողմից՝ Իրանը շատ կարևոր պետություն է Հայաստանի տնտեսական զարգացման ու անվտանգության համար, հետևաբար՝ այստեղ կա, իհարկե, աշխատանքի հսկայական տեղ, և հաշվի առնելով Իրանի միջազգային դերակատարումը՝ ակնհայտ է, որ Իրանի հետ աշխատանքը, ըստ էության, աշխատանք է միջազգային և տարածաշրջանային ուժային բոլոր կենտրոնների հետ: Եվ ուրեմն՝ այդ իմաստով նաև աշխատանք է Հայաստանում ներիշխանական դիրքային պայքարի ուղղությամբ:

Իրանը Կարեն Կարապետյանի համար, ըստ էության, չորրորդ պետությունն է, ուր նա կատարում է պաշտոնական այց: Այդ պետություններից նախորդ երեքը եղել են հետխորհրդային տարածության: Միևնույն ժամանակ, Կարապետյանի ացից գրեթե ուղիղ երկու ամիս առաջ Իրանում էր Սերժ Սարգսյանը: Եվ այդ իմաստով հետաքրքրության է արժանի, որ երկու ամիս անց վարչապետի այցի ընթացքում կարծես թե չի խոսվում որևէ բանի մասին, որ, այսպես ասած, ցրցամ է տրվել Սերժ Սարգսյանի այցին, երբ նա Թեհրան էր մեկնել նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Կարեն Կարապետյանը հանդիպելու է Ռոհանիին, և հետաքրքիր է՝ կլինի՞ այդ հանդիպմանը կապ երկու ամիս առաջ տեղի ունեցած այցի բովանդակության հետ:

Ակնհայտ է մի բան, որ Իրանի նկատմամբ միջուկային խնդրի կապակցությամբ պատժամիջոցների չեղարկումից հետո ակտիվացել է հայ-իրանական հարաբերության մասին, այսպես ասած, տեղեկատվական դիսկուրսը, սակայն դեռևս նկատելի չէ, որ այդ հարաբերությունը պատժամիջոցների չեղարկումից հետո ստացել է սկզբունքորեն նոր մակարդակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20