Ինչպե՞ս են օգտագործվում քաղաքականության գործիքներն ու հնարավորությունները

- in Հասարակություն
Putin

Նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Պուտինն այցելում է Թեհրան, որտեղ հանդիպում կունենա Իրանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդների հետ: Դրանից հետո Թեհրանում տեղի կունենա նաև Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում:

Եռակողմ այդ ֆորմատը նոր չէ, և դրա, այսպես ասած, առաջին հանդիպումը եղել է Բաքվում: Այստեղ առանցքում տնտեսական գործակցության հեռանկարն է, մասնավորապես Իրան-Ադրբեջան երկաթուղային կապն ու դրա շարունակությունը դեպի Ռուսաստան:

Թեհրանում եռակողմ այդ հանդիպման գրեթե շեմին տեղի ունեցավ մեկ այլ եռակողմ միջոցառում՝ այս անգամ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ֆորմատով, որտեղ առաջին դեմքերի մակարդակով տրվեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու մեկնարկը: Փաստորեն, Հայաստանի շուրջ մի եռակողմ ֆորմատին հաջորդում է անմիջապես մյուսը, և Հայաստանը այդ ֆորմատների, այսպես ասած, մեջտեղում էլ ավելի է ընդգծվում իր միայնությամբ: Համենայնդեպս, Երևանը չկա տարածաշրջանային որևէ ֆորմատում: Մյուս կողմից, սակայն, արդյո՞ք այդ հանգամանքը հիմք է, որպեսզի մեր շուրջ ծավալվող այդ ֆորմատները դիտարկվեն որպես սպառնալիք, մարտահրավեր:

Բանն այն է, որ դրանք ինքնին չեն կարող լինել սպառնալիք, եթե Հայաստանը բավարար, արդյունավետ քաղաքականություն իրականացնի իր հնարավորություններն ու ներուժը իրացնելու համար: Իսկ այդ առումով Հայաստանն ունի առնվազն երկու ուղղություն՝ Իրան և Վրաստան, որոնք իրենց հերթին ունեն տնտեսական և քաղաքական շոշափելի ներուժ: Եվ այս իմաստով հարցը ամենևին այն չէ, որ մեր շուրջը ձևավորվում են եռակողմ ֆորմատներ, որտեղ մենք չկանք: Հարցը այն է, որ մենք չենք ձևավորում ֆորմատներ, որտեղ մենք կլինենք, որի ներուժն ունենք, որի ներուժն առկա է: Այստեղ է Հայաստանի բուն խնդիրը, որովհետև, օրինակ, Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափն ինքնին ոչ միայն խնդիր չէ, այլև կարող է նույնիսկ հանգեցնել նրան, որ Ադրբեջանի համար վերածվի աքցանի, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Իրանի միջոցով:

Կողմերը տնտեսական հետաքրքրություններին զուգահեռ ունեն ռազմավարական, աշխարհաքաղաքական սկզբունքային տարամետ պատկերացումներ ու հայեցակարգեր: Ըստ այդմ, եռակողմ ֆորմատը մի կողմից՝ գործակցության, մյուս կողմից՝ փոխզսպման ֆորմատ է: Եվ եթե Հայաստանը կարողանա իր շահի և անվտանգության խնդիրներին համահունչ քաղաքականություն վարել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի ուղղությամբ, այլ կերպ ասած՝ վարել ինքնիշխան քաղաքականություն, ապա Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ֆորմատը Հայաստանի համար կարող է դառնալ անվտանգության խնդիրների լուծման առնվազն հեռակա գործիք, քան մարտահրավեր, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

Ընդ որում, նույն տրամաբանությունը գործնականում առկա է նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ուղղության վրա, և այստեղ ամեն ինչ կախված է Վրաստանի հետ Հայաստանի աշխատանքի արդյունավետությունից, ինչպես նաև Հայաստանի եվրաինտեգրացիայի արդյունավետությունից՝ հաշվի առնելով այն, որ Վրաստանը ներկայումս գործնականում եվրաատլանտյան դեսպանն է Հարավային Կովկասում:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ոչ թե գլուխն ափերի մեջ առնելու ապոկալիպտիկ ու ընկճախտային եզրահանգումների, այլ ընդամենը խորքային ու հանգամանալից դիտարկման, քննարկումների, եզրահանգումների ու հետևությունների առիթ են, որոնք պետք է օգտագործել: Ի վերջո, անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ևս տարածաշրջանային գործընթաց է, ընդ որում՝ իր քաղաքական կամ ռազմաքաղաքական նշանակությամբ ամենևին չզիջող թե՛ այս, թե՛ այն եռակողմ ֆորմատին:

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես են օգտագործվում քաղաքականության գործիքներն ու հնարավորությունները: Ըստ այդմ են դրանք դառնում սպառնալիք կամ ձեռքբերում: Դրանից է միայն կախված լինելու՝ մեջտեղում գտնվող Հայաստանը լուսա՞նցք է, թե՞ իրականում կենտրոն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...