Ինչքանով է հնարավոր ապահովել ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ներդաշնակ գործունեությունը

- in Հասարակություն
23
HAPK

Հայաստանում սկսվել են ՀԱՊԿ-ի զորավարժությունների շրջանակներում պլանավորված՝ ՀԱՊԿ-ի միացյալ խմբավորումների և հայ-ռուսական խմբավորումների համատեղ զորավարժությունները:

«Բոլոր երկրների ստորաբաժանումները ներկայացել են, այսօր բացման արարողությունն է, և մենք այս պահից արդեն անցնում ենք զորավարժության փուլին»,- «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

 

Գեներալը նշել է, որ այս զորավարժությունն ուղղված է նրան, որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀԱՊԿ երկրների բոլոր զինված ուժերը կարողանան ներդաշնակ գործել, և այս երեք օրը զորքերը զբաղվելու են հենց ներդաշնակ գործողության կազմակերպմամբ: Մեծ իմաստով, որպես զինվորական, Հակոբյանը արձանագրել է այն խնդիրները, որոնց միտված են այս կարգի հավաքական զորավարժությունները: ՀԱՊԿ-ում նոր հեծանիվ չեն հորինել և շատ հարցերում փորձում են ընդօրինակել ՆՍՏՕ-ին:

 

Խնդիրն այն է, թե ինչքանով է հնարավոր ապահովել ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ներդաշնակ գործունեությունը, եթե այս կազմակերպությունը, ըստ էության, Մոսկվայի ազդեցության, քաղաքականության գործիքներից մեկն է և չունի այլ ընդհանուր օրակարգ, քաղաքակրթական, քաղաքական ընդհանրություն, անգամ կարճաժամկետ առաքելություն: Ի՞նչ ռացիոնալ նպատակ ունի ՀԱՊԿ-ը, որո՞նք են այն արժեքները, քաղաքակրթական միջավայրը, որում ձևավորվել է այս կազմակերպությունը: Այս հարցի բովանդակային պատասխանը չի կարող տալ ոչ ոք, ու ոչ թե այն պատճառով, որ դա գաղտնիք է, այլ որովհետև բացակայում են ՀԱՊԿ անդամ պետություններին միավորող, կոնսոլիդացնող արժեքները, գաղափարները, տեսլականը: Եվ առհասարակ կայսերական նախագծերը, որոնցից մեկը ՀԱՊԿ-ն է, չեն ունենում ռացիոնալ օրակարգեր:

Նման կազմակերպությունում չեն կարող լինել քննարկումներ, կոնսենսուս, ընդհանուր նպատակներ, որովհետև որոշող կենտրոնը մեկն է, մյուսները «ներդաշնակվում» են Մոսկվայի դիկտատին: ՀԱՊԿ անդամ երկրների միակ մերանը ռուսական գործոնն է, այն էլ ոչ այն իմաստով, որ այն ռացիոնալ հիմքով միավորում է կազմակերպության անդամ մյուս երկրներին:

ՀԱՊԿ անդամներին կազմակերպություն բերել է և այստեղ պահում է բացառապես ռուսական շանտաժը: Ինչպե՞ս կարող են ներդաշնակ լինել Հայաստանի և Ղազախստանի զինված ուժերը, եթե Ղարաբաղի հարցում Աստանան պատրաստ է համապարփակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Կամ հենց այն նույն օրը, երբ Հայաստանում միասնական զորավարժության են մասնակցում Հայաստանի ու Բելառուսի զինվորականները, Մինսկում Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսում է ադրբեջանա-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին:

 

Պաշտպանական, անվտանգության հարցերում պետությունների համագործակցությունը գործնականում անհնար է, եթե նրանք ունեն քաղաքական հակոտնյա շահեր: Նույն Ղրղըզստանի նախագահը Ղազախստանին մեղադրում է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ. ի՞նչ հիմքով է հնարավոր այս երկու երկրների զինված ուժերի համագործակցությունը, երբ նրանց հարաբերություններում առկա է խորքային ճգնաժամ:

Մովսես Հակոբյանի հայտարարությունը տեսության, գուցե ցանկությունների դաշտում է, որովհետև պետությունների միջև չի կարող լինել ռազմական համագործակցություն՝ առանց քաղաքական և տնտեսական բաղադրիչի: ՀԱՊԿ-ը փորձում է կապկել ՆԱՏՕ-ին՝ չունենալով ոչ բովանդակություն, ոչ էլ համարժեք ազդեցություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20