«Իսկանդեր»-ը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է ամրապնդում, այլ մեծացնում է ռուսական վերահսկողությունը մեր բանակի նկատմամբ

- in Կեղտոտ լվացք
263
iskander-zenq

Հայաստանը կարող է առանց Ռուսաստանի համաձայնության կիրառել 100 միլիոն դոլարի վարկով հայկական կողմին վաճառվելիք զինատեսակները: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ շեշտելով, որ ՌԴ համաձայնությունը պետք չի գա, եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի:

Ռուսաստանցի փորձագետների կարծիքները, որպես կանոն, վերջանում են «եթե, ապա»-ներով, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, սուբյեկտությանը: Եվսեևի հարցազրույցը բացառություն չէ, որովհետև նույն հարցազրույցում փորձագետն ասել է. «Կարծում եմ, որ համաձայնության կարիք կա այնպիսի զինատեսակների դեպքում, ինչպիսին «Իսկանդեր»-ն է»:

Անցած տարվա սեպտեմբերի 21-ի զորահանդեսին, երբ ներկայացվում էր «Իսկանդեր»-ը, ռուսական և հայկական օֆիցիոզ շրջանակներն ու քարոզչությունը մատուցում էին երկու հարթության վրա: Գլխավոր խնդիրը Հայաստանի հասարակության վստահությունը վերականգնելն էր, ավելի շուտ՝ նրան սիրաշահելը՝ հատկապես, որ ապրիլյան պատերազմը բացահայտել էր Ռուսաստանի դեմքը, նրա ուղղակի և անուղղակի դերակատարությունը պատերազմի սանձազերծման հարցում: Համընդհանուր ոգևորության ֆոնին այդ օրերին խլացվում էր բանականության ձայնը: Մինչդեռ քաղաքական պրագմատիզմը հուշում էր, որ Հայաստանին «Իսկանդեր» տրամադրելով՝ Ռուսաստանն ըստ էության լեգիտիմացնում է Ադրբեջանի հետ նոր ռազմական գործարքների իրականացումը: Ընդ որում՝ ակնհայտ է, որ զուտ հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում «Իսկանդեր»-ն ավելի շատ քաղաքական, քարոզչական, քան կիրառական նշանակություն ունի, որովհետև հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները հիմնականում լոկալ բնույթ են կրում, ինչը պրակտիկորեն համարժեք չի դարձնում «Իսկանդեր»-ի կիրառումը:

Սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ «Իսկանդեր»-ը, ըստ էության, ոչ թե Հայաստանի անվտանգությունն է ամրապնդում, այլ մեծացնում է ռուսական վերահսկողությունը մեր բանակի նկատմամբ: Ադրբեջանի կրկնվող ագրեսիայի ֆոնին Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ակնարկել է, որ գործի կդնի «Իսկանդեր»-ը: Սերժ Սարգսյանի ինքնավստահությունն, ըստ էության, իրական հիմք չունի և ավելի շատ հասցեագրված է ներքին լսարանին, որովհետև «Իսկանդեր»-ի հարցում որոշում կայացնում են ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ Մոսկվայում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20