«Լուրջ կարգավորման» փորձերը միջադեպերից պատերազմ են հյուսում

- in Վերլուծական
paterazm

Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը առերևույթ հերթական աշխույժ փուլում է, ինչը պայմանավորված է և արտահայտվում է նաև մի շարք արտաքին զարգացումներով, որոնք առնչվում են թե՛ անմիջականորեն խնդրին, թե՛ տարածաշրջանին, և թե՛ միջազգային իրադարձություններին:

Առերևույթ այդ աշխույժ փուլի այսպես ասած հանգուցային կետը պետք է դառնա Սարգսյան-Ալիև հանդիպումը: Կլինի հանդիպում, թե ոչ, դեռևս վերջնականապես հստակ չէ, թեև պաշտոնապես հայտարարվել է նախնական երկկողմ համաձայնության մասին: Սակայն կլինի հանդիպում, թե ոչ, սկզբունքային նշանակություն չի ունենա հակամարտության կարգավորման գործընթացի վրա, քանի որ գործընթաց որպես այդպիսին, որը միտված է բուն խնդրին, թերևս չկա: Չկա ոչ միայն այն պատճառով, որ կողմերը գտնվում են իրարամերժ դիրքերում, և օբյեկտիվորեն չկա փոխզիջման կամ որևէ հանգուցալուծման հնարավորություն, իսկ ռազմական առումով էլ Ապրիլյան պատերազմից հետո տեղի է ունեցել հավասարակշռության էական ամրագրում, այլ նաև այն պատճառով չկա, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Ալիևը ներկայումս լուծում են բոլորովին այլ խնդիրներ և հակամարտությունն ընդամենը այդ խնդիրների լուծման հարթակներից մեկն է:

Ադրբեջանի ներքին կյանքում Ալիևն անկասկած ունի խնդիրներ, ընդ որում՝ դրանք ամենևին լոկ սոցիալական չեն: Ալիևի խնդիրներն առնչվում են ոչ միայն իշխանության կայունությունը պահելուն, իսկ այդ կայունությունը լուրջ վտանգի տակ է և դրա մասին են վկայում վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանության մեջ լրտեսների և վհուկների որսի մի շարք օրինակներ, այլ ընդհանրապես Ադրբեջանի, այսպես ասած, հասարակարգային կայունությունը պահելուն: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլում արդեն արտահայտվում են մտահոգություններ Ադրբեջանի ապագայի հետ կապված, որոնց առիթ են դառնում կրոնական դրսևորումները: Ադրբեջանը գտնվում է շիական տարրի, այսպես ասած, կենսունակ դրսևորումներ ստացող մի ստադիայում, որն ավելի շատ արտացոլում է խորքային գործընթացները ադրբեջանական հանրության տարբեր շերտերում: Առաջին հայացքից կարևոր թվացող ղարաբաղյան խնդիրն Ալիևի համար վաղուց արդեն ամենակարևորը չէ և ամենաբարդը չէ:

Այդպիսով, գտնվելով բարդագույն սոցիալ, ֆինանսատնտեսական և այսպես ասած կրոնական խնդիրների ճնշման տակ, Ալիևը պարզապես անկարող է լրջորեն զբաղվել ղարաբաղյան խնդրով թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով: Առավել ևս, որ կրոնական խնդիրների հարցում բավականին տաք է Իրանի շունչը, իսկ Իրանը այն պետությունն է, որը նաև կայունությամբ է շահագրգռված ղարաբաղյան գոտում: Ինչպիսի խնդիր է Սերժ Սարգսյանի համար ներքին իրավիճակը, ավելի պարզ է: Սարգսյանն իհարկե ունի զուտ ներիշխանական և սոցիալ-տնտեսական խնդիրներ, իշխանությունը պահելու, կամ առավելագույնս ապահով հանձնելու, ստվերային իշխանություն ձևավորելու խնդիրների առաջ: Սարգսյանի համար դրանք իհարկե «տարերք» են, ինչպես ցույց է տվել փորձը: Բայց, այդուհանդերձ, այդ ամենն ունի կարիք ոչ միայն ներքին արձանագրման, այլ արտաքին հավանության և այսպես ասած սլաքների ճշգրտման ուժային կենտրոնների հետ:

Առանցքային հարցերից մեկն այդ առումով այն է, թե ո՞վ է 2018 թվականի ապրիլից հետո լինելու այսպես ասած բանակցային գործընթացի դե յուրե և դե ֆակտո պատասխանատուն, ո՞ւմ հետ են գործ ունենալու միջնորդները: Թե՛ Սարգսյանի, թե՛ Ալիևի համար ներքին այդ հարցերի համախումբը առաջացնում է մի վիճակ, երբ արցախյան խնդրով լրջորեն զբաղվելը նրանց համար «շքեղություն» է: Ընդ որում, դա իհարկե վատ չէ, պարզապես հարցն այն է, թե ուժային կենտրոնները որքանով են ունակ կառավարել իրավիճակը, որովհետև չզբաղվելով հանդերձ, թե՛ Սարգսյանը, թե՛ Ալիևը, անկասկած, պարբերաբար ինչ որ ակնկալիքներ, ակնարկներ ու պահանջներ են դնելու համանախագահների առաջ, փորձելով օգտագործել ղարաբաղյան խաղաքարտը:

Սակայն դրանով հանդերձ, ինչքան էլ չհնչի տարօրինակ, երբ չկա ղարաբաղյան կարգավորմամբ լուրջ զբաղվածություն, դա շատ ավելի նպաստավոր է կայունության՝ թեկուզ հարաբերական պահպանության տեսանկյունից, քան հակառակը՝ երբ սկսվում է լուրջ և բովանդակային զբաղվածություն այդ ուղղությամբ: Ըստ ամենայնի, Մինսկի խմբի համանախագահ երկրներն էլ թերևս պատրաստակամորեն կաջակցեն Սարգսյանին ու Ալիևին ղարաբաղյան խնդիրը զուտ իրենց ներքին խնդիրները ուժային երեք առանցքային կենտրոնների հետ քննարկելու հարթակ դիտարկելու հարցում, քանի որ դա գործնականում լավագույն կարգավորումն է Արցախի համար, որը կլուծի նվազագույնը մեկ հարց՝ կապահովի հարաբերական կայունությունը: Միջադեպերը, անկասկած, ոչ միայն չեն բացառվում, այլ կլինեն ամենայն հավանականությամբ, բայց խնդիրն այն է, որ դրանք բացառելու տարբերակը՝ գործնական, առարկայական տարբերակը, ամենևին «լուրջ կարգավորմամբ» զբաղվելը չէ: Հակառակը, «լուրջ կարգավորման» փորձերը այդ միջադեպերից պատերազմ են հյուսում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20