Լևոն Հայրապետյանը դարձավ Հայաստանի իշխանության անտարբերության զոհը

- in Ով ով է ...
Serj Putin

Ռուսաստանահայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը մահացել է: Հատկապես Արցախի կյանքում անուրանալի ներդրում ունեցած գործարարը երեք տարուց ավելի քրեական հետապնդման էր ենթարկվում Ռուսաստանի իշխանությունների կողմից:

Նա տնտեսական հանցագործության մեղադրանքով ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր Հայրապետյանը ժամանել էր Մոնակոյից։

Հայ գործարարն այդպես էլ մինչև վերջ չընդունեց, որ կատարել է հանցագործություն, ռուսական իշխանությունները բարեհաճ գտնվեցին նույն գործով անցնող տարբեր անձանց նկատմամբ, սակայն Հայրապետյանը մնաց անազատության մեջ՝ չնայած ծանր հիվանդությանը, դառնալով Ռուսաստանի իշխանությունների քինախնդրության, Հայաստանի իշխանությունների և ռուսաստանահայ էլիտայի հանցավոր անտարբերության զոհը: Նրա ձերբակալության շուրջ տարբեր վարկածներ էին շրջանառվում, ընդհուպ այն, որ դա տեղի է ունեցել Բաքվի ստվերային միջամտության հետևանքով:

Նույնիսկ այս հանգամանքը մեր «ազգային ջոջերի» մեջ չարթնացրեց արժանապատվության, պատվախնդրության զգացում: Բոլորս հիշում ենք Սերժ Սարգսյանի նվաստացուցիչ խոստովանությունը, որ նա Պուտինի առջև բարձրացրել է Հայրապետյանի հարցը, սակայն Ռուսաստանի նախագահն անգամ հայ բարերարին ու նրա գործը չի հիշել: Կա՛մ Պուտինն էր ծաղրել Սարգսյանին, կա՛մ էլ Սարգսյանը մեզ էր ծաղրում՝ արդարացնելու համար իր անկարողությունը, իսկ գուցե նաև Հայրապետյանին օգնելու չկամությունը:

Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան. ռուսաստանահայ ազդեցիկ «ջոջերի» ցանկը կարող ենք շարունակել, հիշել, թե նրանցից յուրաքանչյուրը տարբեր առիթներով ինչպես է պարծենում Մոսկվայի բարձր կաբինետներում ունեցած իրենց կապերով: Նրանք ոչինչ չարեցին Հայրապետյանին բանտարկությունից ազատելու համար: Գուցե նույնիսկ հոգու խորքում ուրախ էին, որ ազատվել են իրենց իրական կամ պոտենցիալ մրցակցից:

Լևոն Հայրապետյանը դարձավ Հայաստանի իշխանության անտարբերության զոհը: Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը Մոսկվայում չեն կարողանում լուծել Ադրբեջանին ռուսական սպառազինություն չմատակարարելու հարցը, անզոր են կամ չեն ցանկանում լուծել անգամ իսկ մի հայ բարերարի ազատության հարց: Մերոնք «շուստրի» են դառնում միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է սեփական իշխանության ամրապնդմանը: Նույնը վերաբերում է ռուսաստանցի իշխանավորների ստվերների առջև խոնարհվող ռուսաստանահայ օլիգարխիային:

Լևոն Հայրապետյանի դեպքը, նրա ողբերգական մահը լրացուցիչ անգամ բացահայտում են նաև հայ-ռուսական հարաբերությունների նվաստացուցիչ բնույթը:

Խաղաղությամբ հեռանաս, Լևոն Հայրապետյան, Աստված լուսավորի հոգիդ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20