Խնդրահարույց է անգամ Ավետիսյաններին ՌԴ-ից 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցման խնդիրը

- in Սոցիալական
77
Dolar

2017թ․հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով վերջիններս վիճարկում են քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության:

Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար այսօր ժամը 10:00-ին: Սակայն երեկ` գործի քննության նախօրեին, անսպասելի պարզվել է, որ ՍԴ-ում գործի վարույթը կարճվել է: Տուժող կողմը տվյալ դեպքում գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1 հոդվածն իր բովանդակությամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 61 եւ 63 հոդվածներով նախատեսված դրույթներին:

Ավելի վաղ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել քաղաքացիական հայցն ընդունել վարույթ, իսկ հետագայում հրաժարվել էր վարույթ ընդունել` այդ մասով կայացնելով որոշում, որը վերաքննության կարգով բողոքարկվել էր: Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքը թողել էր առանց քննության, նշելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1 հոդվածով չի նախատեսվում այդ որոշման բողոքարկման հնարավորություն: Եթե ՍԴ-ն գտնում էր, որ տվյալ դեպքում այստեղ սահմանադրականության հարց չի բարձրացվում, կարող էր ընդհանրապես դիմումը վարույթ չընդունել, սակայն ընդունել է վարույթ եւ նշանակել դատական նիստ:

Երեք պետական մարմին նաև եզրակացություն են տվել այդ հարցի առնչությամբ: ՍԴ-ում այս հարցի քննությունն իրապես կարևոր էր հենց իրավական տեսանկյունից, որովհետև հստակությունը կմտներ ոչ միայն Ավետիսյանների քաղհայցին վերաբերող հարցում, այլ նաև ավելի գլոբալ հարթության վրա լուծում կտրվեր քաղհայցերին վերաբերող օրենսդրական կարգավորումներին: Հատկապես զավեշտի է հասնում ՍԴ վարքագիծը: Գագիկ Հարությունյանի ղեկավարած գերատեսչությունում, անկասկած, աշխատում են պրոֆեսիոնալներ և այս գործը հաստատապես վարույթ չէր ընդունվի, եթե չլինեին իրավական պատշաճ հիմքեր:

Ակնհայտ է, որ գործի վարույթի կարճումն է հակաիրավական և, ըստ էության, գործ ունենք արտաիրավական միջամտության հետ, որն, անկասկած, քաղաքական բնույթ ունի: Ռուսական կողմի կոշտ միջամտության հետևանքով Պերմյակովի գործն ի սկզբանե դուրս դրվեց իրավական հունից և արվեց առավելագույնը` հանցագործության ամբողջական և համապարփակ բացահայտումը թույլ չտալու համար: Հանրային ճնշման ներքո` գործը ֆորմալ առումով հանձնվեց Հայաստանի արդարադատությանը, սակայն մինչև գործընթացի ավարտն ու արտահանձնումը` Պերմյակովը պահվեց ռուսական կողմի տոտալ վերահսկողության տակ՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում: Այդպես էլ մեր հասարակության համար անհասկանալի և չբացահայտված մնացին այդ զազրելի ոճրագործության իրական մոտիվները: Անհասկանալի մնացին նաև Ռուսաստանի քաղաքական և զինվորական ղեկավարությունների մտավախությունների, օբյեկտիվ քննությանը և հանցագործության լիարժեք բացահայտմանը խոչընդոտելու պատճառները:

Եթե խնդրահարույց է դառնում անգամ Ավետիսյանների իրավահաջորդներին ՌԴ-ի կողմից 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցման խնդիրը, ապա ենթադրել կարելի է, թե ինչ շարժառիթներով է առաջնորդվում Մոսկվան: Եթե վերջինս չխորշեց այն հեռանկարից, որ Հայաստանի հասարակության աչքերում նույնանում է ոճրագործի հետ, ապա հիմքեր ունենք մտածելու, որ կամ Մոսկվան Պերմյակովի գործում թաքցնում է էական ինչ-որ հանգամանք, կամ էլ` կայսերական նենգությամբ համարում է, իր զինվորի արարքը օբյեկտիվ քննության արժանի չէ, եթե նույնիսկ նա հանցագործություն է կատարել: Գուցե Մոսկվայում համարում են, որ հպատակին բացատրություններ տալու անհրաժեշտություն չունեն` հար և նման այն պարագային, երբ Մոսկվան շարունակում է հետևողականորեն սպառազինել Ադրբեջանին` արհամարհելով Հայաստանից հնչող դժգոհ ձայները: Խնդրի մյուս կողմը վերաբերում է մեր իշխանության որակին, ստորաքարշությանը, ստրկամտությանը: Հայաստանի իշխանությունները վախենում են քննարկել որևէ հարց, որը կարող է դուր չգալ Մոսկվային` վերաբերի դա ԵՏՄ-ին, թե Պերմյակովի գործի, ըստ էության, տեխնիկական կողմին` փոխհատուցմանը: Ռուսահպտակության ցուցադրության էստաֆետն այսօր փոխանցվեց ՍԴ-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20