Կարեն Կարապետյանը փորձում է 2018-ի «մրցակցության» համար վեցամսյա ինտերվալ ստեղծել

- in Տնտեսական
263
Karen Karapetyan

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ամփոփել է մեկ տարվա գործունեությունը: Հետաքրքիրն արդյունքը չէ, առավել ևս, որ Հայաստանի տնտեսական վիճակը դեռևս, մեղմ ասած, չի տալիս իշխանության հաշվետվություններին վստահությամբ մոտենալու հիմքեր:

Սակայն ուշագրավ է ինքնին այն, որ Հայաստանի կառավարության մասնիկները իրար հետևից ամփոփում են գործունեության մեկ տարին, որ հաշվարկում են կառավարության ձևավորումից հետո՝ նախորդ տարվա աշնանը: Գործընթացը սկսվեց վարչապետի նշանակման կապակցությամբ հաշվետվությամբ, այժմ շարունակում են նախարարները:

Հաշվետվությունն իհարկե վատ բան չէ, սակայն հետաքրքիր է այն չափումը, որ կատարվում է: Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը ձևավորվել է ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունից հետո: Այն կառավարությունը, որ նշանակվել է նախորդ տարի աշնանը, այլևս չկա: Ներկայումս Հայաստանում 2017-ի գարնանը ձևավորված կառավարություն է, և եթե անգամ դրանում փոխված է ընդամենը մեկ նախարար, կամ փոխված չէ ոչ մի նախարար, միևնույն է՝ կառավարությունը 2017-ի գարնան կառավարությունն է, քանի որ դրա ձևավորումը քաղաքական, ներքաղաքական իրավիճակի, ներիշխանական իրավիճակի արդյունք է: Իսկ Հայաստանի ներիշխանական, ներքաղաքական իրավիճակը բոլորովին այլ է եղել 2016-ի աշնանն ու այլ է 2017-ի գարնանը: Կառավարությունը չի կարող գործել այդ իրավիճակներից անկախ, այն էլ՝ Հայաստանում, որտեղ օրենքների և Սահմանադրության փոխարեն ավելի շատ գործում են ներհամակարգային պայմանավորվածություններն ու խաղի կանոնները, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են ներիշխանական և ներքաղաքական ստատուս քվոյով ու իրավիճակով, բիզնեսի և իշխանության սերտաճման մակարդակով:

Ու քանի որ այդ իրավիճակները էապես տարբեր են եղել 2016-ի աշնանն ու 2017-ի գարնանը, ուրեմն էապես տարբեր են նաև կառավարությունները, եթե դրանք ունեն նույն անուն-ազգանուններով ձևավորված կազմ: Հետևաբար ներկայիս կառավարության որևէ անդամի դեպքում՝ լինի վարչապետ, թե նախարար, արհեստական է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը, քանի որ կառավարությունը մեկ տարեկան չէ: Կառավարությունը մեկ տարեկան կլինի 2018-ի գարնանը՝ ապրիլ-մայիսին: Հետևաբար մեկամյա գործունեության հաշվետվություն պետք է լինի հենց այդ ժամանակ:

Սակայն, դատելով ներկայիս հաշվետվությունների տրամաբանությունից, հաջորդ մեկամյակի հաշվետվությունը պետք է լինի ոչ թե 2018-ի ապրիլին, երբ, ի դեպ, պետք է վճռվի նոր վարչապետի հարցը, այլ 2018-ի աշնանը: Այլապես, մեղմ ասած, տարօրինակ ու աբսուրդային կլինի, երբ կառավարությունը թե՛ 2017-ի աշնանը ներկայացնի մեկ տարվա գործունեության հաշվետվություն, թե՛ մեկ տարվա հաշվետվություն ներկայացնի 2018-ի գարնանը: Թեև հենց գարնանը ներկայացնելիքը կլիներ տրամաբանական, քանի որ դա էր կառավարության ձևավորման և գործունեության տրամաբանական մեկամյա սահմանագիծը:

Եվ ահա դա է ուշագրավ դարձնում հանգամանքը, որ կառավարությունը, այսպես ասած, մի քանի ամիս առաջ է գցել մեկամյա գործունեության հաշվետվությունը, այլ կերպ ասած՝ փոխել է տարին: Խնդիրն այստեղ այն չէ, որ կառավարությունը կարող է մտավախություն ունենալ, որ ըստ էության չունի հաշվետվության շոշափելի բան, և ըստ այդմ՝ որքան հեռու լինի այն 2018-ի վարչապետության խնդրից, այնքան գուցե ավելի քիչ լինի հանրային ճնշումը կառավարության փոփոխության մասով:

Բանն այն է, որ տարեկան հաշվետվությունը, կրկին հաշվի առնելով հայաստանյան համակարգի առանձնահատկությունները, հարաբերությունների կառուցվածքը, բնույթն ու տնտեսաքաղաքական խաղի կանոնները, իրենից ենթադրում է ոչ այնքան հանրությանը, որքան համակարգին ուղղված ասելիք և առաջարկ՝ գալիք առնվազն մեկամյակի մասով: Եվ այստեղ է թերևս «տարին առաջ բերելու», այսպես ասած, քաղաքական տողատակը, երբ Կարեն Կարապետյանը փորձում է 2018-ի «մրցակցության» համար համակարգում պայմանավորվածությունների կամ, այսպես ասած, բանակցային գործընթացի վեցամսյա ինտերվալ ստեղծել իր համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20