Կարեն Կարապետյանի ժպիտն է, որ ապրիլի 2-ին լեգիտիմացրեց «տոկոսխփոցին»

Karen Karapetyan

Ռեալ պոլիտիկի ռեժիմում ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն այլընտրանք չեն թողնում, ու հենց ՀՀԿ-ն է 2018-ի ապրիլին 2-ին նշանակելու երկրի ղեկավար վարչապետին ու նոր իշխանությունը: Շատ ավելի անտրամաբանական է, որ ընտրություններից վեց ամիս անց ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել վարչապետի թեկնածության հարցում` թեև խորհրդարանական ժողովրդավարությունը ենթադրում է, որ կուսակցությունները հենց ընտրությունների ժամանակ են ներկայացնում վարչապետի իրենց թեկնածուին:

Այդպես է ամբողջ աշխարհում, խորհրդարանական Գերմանիայում և Իսրայելում, որովհետև ինչքան էլ կարևորվի թիմային պատասխանատվության սկզբունքը, առաջնորդի հարցը չի կարող երկրորդական, երրորդական համարվել: ՀՀԿ-ի պարագայում գործ ունեցանք կատարյալ խառնաշփոթի, քաղաքական աջաբսանդալի հետ:

Կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հրապարակային հայտնությունը խորհրդարանական քարոզարշավում սահմանափակվեց մեկնարկի ու ֆինալի արարողակարգային միջոցառումներով: ՀՀԿ ցուցակը գլխավորում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն քարոզարշավի բրենդը Կարեն Կարապետյանի ժպիտն էր, ինչն էլ ապրիլի 2-ին լեգիտիմացրեց «տոկոսխփոցին»:

ՀՀԿ քարոզարշավն այս իմաստով քրեաօլիգարխիկ համակարգի ներքին հակասությունների դրսևորումն էր, որն ապրիլի 2-ով ոչ թե վերջացավ, այլ նոր թափ ստացավ: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքը բացարձակապես աղերս չունի քաղաքականության հետ, որովհետև հետևանք չէ ՀՀԿ ներսում առկա ֆրակցիոնիզմի կամ Սարգսյանի ու Կարապետյանի քաղաքական դիրքորոշումների ու տեսլականների բախման:

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքը չունի բովանդակություն, իր մեջ չի պարունակում երկրի զարգացման որևէ ռեսուրս: Բոլոր այն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի վարչապետությունն անընդունելի են համարում, որովհետև ժողովրդավարությանը հակասում է երկու անգամից ավելի չառաջադրվեու սկզբունքը, իրականում զբաղված են դեմագոգիայով, որովհետև երբ երկրում, ըստ էության, չեն գործում քաղաքական և ընտրական ինստիտուտներն, անիմաստ է խոսել ժողովրդավարության առանձին վերցրած մի բաղադրիչի մասին: Էժան շահարկումներ են նաև խոսակցություններն այն թեմայով, թե իբր միայն Սերժ Սարգսյանի անունն է ասոցացվում անվտանգության, պաշտպանության խնդիրների հետ:

Եթե այդ տրամաբանությունը ճիշտ է, ապա ՀՀԿ-ն, կադրային ամլության հետևանքով, պետք է խորհրդարանական արտահերթ ընտրություններ նախաձեռնի, որովհետև դրա այլընտրանքը Սերժ Սարգսյանի ցմահ առաջնորդությունը սահմանադրորեն ամրագրելն է: Կեղծ է նաև Սերժ Սարգսյանի անունը քրեաօլիգարխիայի հետ կապելը, իսկ Կարեն Կարապետյանին այդ համակարգի դեմ դուրս եկած «Ռոբին Հուդ» ներկայացնելը, որովհետև եթե Սարգսյանը համակարգը «նայողն» է, ապա Կարապետյանն էլդրա ներկայցուցիչներից մեկն է, որի կառավարությունը հիմա գոյատևում է բացառապես քրեաօլիգարխիայի աջակցության, նրա նախաձեռնած գնաճի, ասել է թե հասարակության թալանի հետևանքով:

Անշուշտ, ճիշտ է, որ Կարեն Կարապետյանը ընդամենը մեկ տարվա ընթացքում տապալել է իր ներդրումային խոստումները, մյուս կողմիցդա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը «ներդրումային անձրև» է խոստանում, մանավանդ, որ նրա իշխանության տաս տարիներին Հայաստանից հեռացել է ոչ միայն մոտ մեկ միլիոն մարդ, այլ նաև կապիտալ:

Երկրին սպասվում է «սոված» Ամանոր, որովհետև այս տարի գնաճն ավելի շուտ է սկսվել, իսկ տոներին ընդառաջ նոր դրսևորում է ունենալու: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքը հանգուցալուծվելու է «սոված» Հայաստանում` ակամայից բացահայտելով դրա քաղաքական սնանկությունը:

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան պալատական գզվռտոցը կամ դրա պատրանքը քաղաքական այլընտրանքի բացակայության դրսևորում է և ընդամենը «կենսունակություն» է հաղորդում քրեաօլիգարխիային:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20