Հայաստանը համառորեն չի կարողանում օգտագործել հայ-իրանական հարաբերությունների պոտենցիալը

- in Հրապարակ
91
Iran

Թեև՝ երկու երկրների հարաբերություններում քաղաքական խութեր, կարծես թե, չկան: Արտաքուստ հայ-իրանական հարաբերություններում նույնիսկ աշխուժություն է նկատվում: Օգոստոսին Թեհրանում էր Սերժ Սարգսյանը` նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:

Սակայն այցի արարողակարգային բնույթը չխանգարեց, որպեսզի երկու նախագահները քննարկեն հայ-իրանական համագործակցության հեռանկարները:

 

Օրերս Թեհրանում էր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Չնայած այս հանգամանքին ու այն հավաստիացումներին, որ պարարտ հող կա հայ-իրանական էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացման համար` գործընթացը մնում է խոսակցությունների, ջերմ հանդիպումների, լավագույն դեպքում` պայմանավորվածությունների մակարդակում:

 

Փորձագիտական կարծիքների համաձայն` հիմնական խոչընդոտն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կաշկանդված է ռուսական գործոնով, և Երևանը` չնայած Թեհրանի շահավետ առաջարկներին, չի կարողանում որևէ նախագծի մասնակից դառնալ, որը կասկածի տակ կդնի Ռուսաստանի էներգետիկ տոտալ ազդեցությունը Հայաստանում: Մինչ հայ-իրանական հարաբերություններում սայլը տեղից չի շարժվում՝ տարածաշրջանում նոր թափ է ստանում համագործակցությունը Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքում:

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ռուսաստան-Ադրբեջան-Իրան առանցքը

Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոուհանիի առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 8-ին Բաքվում: Երեք նախագահները ստորագրել են հռչակագիր եռակողմ համագործակցություն զարգացնելու պատրաստակամության մասին: Հստակեցվել է նաև եռակողմ համագործակցության օրակարգը` պայքար ահաբեկչության դեմ, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում, Կասպից ծովի կարգավիճակի հարց, էներգետիկ և տրանսպորտային համագործակցություն:

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ խոսքը ոչ թե նոր դաշինքի կամ միության, այլ համագործակցության լրացուցիչ հարթակի մասին է` չնայած այն հանգամանքին, որ Բաքվի հռչակագրում ամրագրված խնդիրները հիմքեր են ստեղծում տարածաշրջանային նոր ֆորմատի կայացման համար` երկրների ինչպես տնտեսական, այնպես էլ` քաղաքական մերձեցման տեսանկյունից: Համաշխարհային մի շարք գլոբալ հարցերի վերաբերյալ երեք երկրներն ունեն ընդհանուր հայացք, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրանց միջև քաղաքական սերտ համագործակցության:

Մյուս կողմից` եռյակի ներսում կան նաև հակասություններ: Օրինակ` Թեհրանին անհանգստացնում են Սաուդյան Արաբիայի թագավոր Սաալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի վերջերս Մոսկվա կատարած այցը, ադրբեջանա-իսրայելական սերտ հարաբերությունները:

Չմոռանանք նաև, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն, ըստ էության, մրցակիցներ են Եվրոպա գազի մատակարարման հարցում: Սակայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներն իրենց ձևաչափի համար պրագմատիկ լուծում են գտել. նրանք օրակարգային են դարձնում կոնկրետ նախագծեր, որտեղ կողմերն ունեն ընդհանուր շահեր: Շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ եռակողմ հարաբերությունների զարգացման հիմքը ոչ թե հռչակագրային ձևակերպումներն են, այլ կոնկրետ հավակնոտ ծրագրերը:

Այդ առումով հագեցած է նաև Ռոուհանի-Պուտին-Ալիև նոյեմբերի 1-ի հանդիպման օրակարգը: Նախագահները հանդիպելու են Թեհրանում:

 

Գազը Եվրոպա դուրս կգա Իրանի տարածքով

Ենթադրվում է, որ Թեհրանում նախագահները կկենտրոնանան «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծերի վրա, որոնցում Ադրբեջանն առանցքային, կենտրոնական դեր ունի, որովհետև դրանց մեծ մասն իրականացվում է Ադրբեջանի տարածքում:

«Հյուսիս-Հարավը» նպաստելու է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի երկաթուղիների միավորմանը` հարավ-արևելյան Ասիան հյուսիսային Եվրոպայի հետ կապելու նպատակով: Այս գլոբալ ծրագրի շրջանակներում երկաթուղային կապ է հաստատվում Իրանի և Ադրբեջանի միջև. առաջին բեռնատար գնացքները նոր երկաթգծի ծառայություններից կօգտվեն արդեն նոյեմբերի վերջին: Ի դեպ, երկաթուղու իրանական հատվածը վարկավորվել է Ադրբեջանի կողմից. Թեհրանը ստացել է մոտ 100 միլիոն եվրո:

Պարզ է, որ բացի տնտեսական տեսանելի օգուտներից` Բաքուն հետապնդում է կոնկրետ քաղաքական շահեր: Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ձգտում են նրան, որ Թեհրանի եվրոպական ելքերն անցնեն Ադրբեջանի տարածքով` շրջանցելով Հայաստանը: Եթե Երևանում շարունակեն հապաղել, ապա Պարսից ծոցն ու Սև ծովը կապող միջանցքը նույնպես կշրջանցի Հայաստանը` թեև Իրանի համար հայկական միջանցքը, քաղաքական և տնտեսական գործոններով պայմանավորված, գերադասելի է ադրբեջանականից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20