Հայաստանը չի դառնում համաշխարհային քաղաքականության և անվտանգության մաս

- in Կարծիք
AJ

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի խորհրդարանական քննարկումը վերածվեց Հայաստանի իշխանության հոգեբանական ախտորոշման՝ վկայելով, որ այդ իշխանությունը, որպես այդպիսին, որպես ինստիտուտ, որը կրում է պետական կառավարման լծակներ, պատրաստ չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Խորհրդարանում տեղի ունեցած քննարկումը և միացյալ զորախմբի, այսպես ասած, օգտին բերվող փաստարկները վկայեցին այդ ամենը: Որովհետև այդ փաստարկները ոչ թե այն մասին էին, որ Հայաստանը կարողացել է, Հայաստանը հաջողել է, հասել է, ապահովել է, ստեղծել է, նախաձեռնել է և այլն, այլ որ Հայաստանը չի կարող, Հայաստանը թույլ է, տկար է, որ առանց Ռուսաստանի պաշտպանության Հայաստանը կուլ կգնա Թուրքիային, ինչը նշանակում է նաև Ադրբեջանին:

Դժվար է պատկերացնել մի պետության խորհրդարան, որտեղ հենց այդպիսի «փաստարկներով» փորձեն պետական շահ պաշտպանել և այդ համատեքստում ներկայացնել որևէ նախաձեռնություն՝ լինի այն միացյալ զորախմբի, թե միացյալ նվագախմբի մասին: Ու խնդիրը բոլորովին այն չէ՝ Հայաստանն իսկապես կարող է, թե չի կարող: Իհարկե, որևէ մեկը անմտություն, միամտություն կամ անմեղսունակություն չի կարող ունենալ ասելու համար, որ Հայաստանն իր ռեսուրսներով ինքնուրույն ի զորու է դիմագրավել Թուրքիային: Սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Հայաստանը կնքում է միջպետական կարևորագույն համաձայնագիր, վավերացնում այն խորհրդարանում, և այդ վավերացման գործընթացում այդ պայմանագիրը ներկայացվում է ոչ թե Հայաստանի ձեռքբերման, այլ խեղճության համատեքստում, ճար չունենալու, ելք չունենալու համատեքստում: Եվ, ընդ որում, խորհրդարանական մեծամասնությունը՝ այն խորհրդարանի, որն այլևս դառնում է կառավարման ներկայացուցչական թիվ մեկ օրգանը, այդ մասին հայտարարում է հպարտությամբ:

Այդ ամենը վկայեց, որ ներկայիս խորհրդարանի մեծամասնությունը գործնականում պատկերացում անգամ չունի անվտանգություն հասկացությունից, դրա ընդգրկումից, ժամանակակից աշխարհում, միջազգային ներկայիս հարաբերություններում դրա բաղադրիչներից, դրա՝ այսպես ասած գնահատման չափանիշներից, նշաձողերից, կարևոր կառույցներում և աշխարհաքաղաքական կենտրոններում ընկալման ելակետերից: Հակառակ պարագայում, խորհրդարանական մեծամասնությունը հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի «փաստարկը» չէր կառուցի Հայաստանի անճարակության և խեղճության վրա, այն էլ՝ դա անելով հպարտությամբ:

Այստեղ հստակեցման անհրաժեշտություն ունի մեկ այլ հանգամանք: Իհարկե, եթե մենք չենք խոսում այդ վտանգներին միայնակ դիմագրավելու Հայաստանի անկարողության մասին, դրանով, անշուշտ, Հայաստանը չի դառնում համաշխարհային քաղաքականության և անվտանգության հսկա: Խնդիրը, սակայն, այն չէ, որ ջայլամի պես գլուխը հողի մեջ խրելով կարող ենք համարել, որ լուծում ենք վտանգի հարցը: Խնդիրն այն է, որ այդօրինակ իրավիճակները կամա, թե ակամա, միևնույն է, ազդակ են ամբողջ աշխարհին, որը հայաստանյան իրադարձություններին հետևում է, օրինակ, իր դիվանագիտական առաքելությունների միջոցով և նրանց տեղեկացմամբ էլ պատկերացում կազմում Հայաստանի, հայկական «էլիտայի» հոգեբանության և որակների, կարողությունների, մտածողության ու աշխարհայացքի մասին: Եվ այդ ամենի հիման վրա էլ գործնականում մշակվում են աշխարհաքաղաքական սցենարներում Հայաստանին առնչվող հնարավոր դերերը, գործառույթները, առաքելությունները, գործընկերային առաջարկները Երևանին: Ու դա ոչ միայն Հայաստանի մասով, իհարկե, այլ բոլոր այն պետությունների, որոնք չեն մտնում, այսպես ասած, աշխարհաքաղաքականության ձևավորման գործառույթ իրականացնող համաշխարհային կամ տարածաշրջանային կենտրոնների շարք:

Եվ ուրեմն ի՞նչ պետք է մտածեն աշխարհաքաղաքականության ճարտարապետները՝ լսելով Հայաստանի «էլիտայի», այսպես ասած, «փաստարկները» հայ-ռուսական միացյալ զորախմբի մասով: Ընդ որում՝ այստեղ բուն խնդիրն այն չէ, որ համաձայնագիրը դիտարկվում է որպես հայկական զինված ուժերի նկատմամբ ազդեցության լծակի տրամադրում Ռուսաստանին: Դա վերագրենք սուբյեկտիվ մեկնաբանություններին և առաջնորդվենք Հայաստանի իշխանության ինքնիշխան կամքի կանխավարկածով: Բայց այդ դեպքում առավել ևս միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը միանգամայն կարող էր փաստարկվել շատ ավելի լուրջ և ծանրակշիռ, շատ ավելի պետական կամային որակներ արտահայտող փաստարկներով, ոչ թե անճարակության: Ահա թե ինչու՝ Հայաստանը չունի այլընտրանք: Որովհետև ոչ թե այդ այլընտրանքը առաջարկող չկա, այլ չկա էլիտա, որն աշխարհին կհղի այդպիսի առաջարկների համար լրջմիտ և վստահելի գործընկեր լինելու կարողության մասին ազդակներ, ոչ թե սեփական պետության թուլությունը անթաքույց հպարտությամբ կներկայացնի որպես այլ պետության խնամքին հանձնվելու որոշման հիմք:

Ու դա Հայաստանում, որն ընդամենը քառորդ դար առաջ ամբողջ աշխարհի աչքի առաջ կարողացել է հաղթել անհավասար մի պատերազմ, ինչի գրավականներից մեկը եղել է այն, որ թե՛ ռազմական, թե՛ արտաքին քաղաքական-դիվանագիտական որոշումների կայացման և հիմնավորման հիմքում դրված է եղել սեփական կամքի և կարողությունների, ոչ թե տկարության ու խեղճության նշաձողը: Այդ պատճառով էլ քառորդ դար առաջ անգամ ամենաանելանելի թվացող վիճակներում գտնվում էր այլընտրանքը, նույնիսկ հենց նույն Թուրքիայի տարածքում, որտեղից Հայաստանը ստանում էր հացահատիկ: Համաշխարհային, միջազգային քաղաքականությունը բավական մեծ մրցասպարեզ է, որտեղ, իհարկե, կան ահռելի վտանգներ ու ռիսկեր, սակայն դրանց կողքին կան նաև դիմագրավելու, հաղթահարելու ահռելի հնարավորություններ: Միակ բանը, որ այնտեղ չկա, դա կամքն է և մտածողությունը, աշխարհայացքը և մտահորիզոնը ազատ են պատմաբարոյագիտական և էթնոհոգեբանական բարդույթներից, թե ոչ: Դա արդեն միջազգային ասպարեզում գտնվող յուրաքանչյուր էլիտայի ներքին գործոնն է, որը կամ կա, կամ չկա: Ըստ այդմ էլ որոշվում է այդ էլիտայի ներքո հայտնված սուբյեկտի համար աշխարհում այլընտրանք կա, թե չկա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20