Հայաստանի հավաքականի փոխարեն արդեն Հանրապետության մասշտաբով

- in Կեղտոտ լվացք
Xorenatsi, cuyc

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Հանրապետական մարզադաշտում կրել է իր պատմության խոշոր պարտություններից մեկը, աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում 6:1 հաշվով պարտվելով Լեհաստանի հավաքականին:

Ընդ որում, այդ պարտությունն ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հերթական պարտությունն է և դրանից արդեն մի քանի տուր առաջ մեր հավաքականը կորցրել էր մրցաշարային հաջողության հույսը:

Լեհաստանի հետ խաղը սակայն այդ իմաստով պետք է լիներ ընտրական մրցաշարի երևանյան վերջին հանդիպումը՝ պատվի համար, առանց մրցաշարային խնդրի հոգեբանական ճնշման: Սակայն անգամ այդ հանգամանքը չօգնեց, որ Հայաստանի հավաքականը կարողանա երևանյան վերջին հանդիպումն անցկացնել բարձր նոտայով և եթե անգամ չհաղթել Լեհաստանին, որն իհարկե ներկայումս Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկն է, ապա գոնե չպարտվել նման հաշվով:

Հայաստանի հավաքականը հաջորդ՝ արդեն մրցաշարի վերջին խաղը կանցկացնի Ղազախստանում, այդ երկրի հավաքականի հետ, որին Երևանում կարողացել է հաղթել միայն այն բանից հետո, երբ մրցակիցը մնաց 10 հոգով: Իհարկե դժվար է ասել, թե ինչպես կհավաքվի թիմը անցնող երեք օրերի ընթացքում և կփոխի խաղը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է հերթական անգամ և մեկընդմիշտ արձանագրել, որ հայկական ֆուտբոլի և հետևաբար հավաքականի ներկայիս վիճակը ամենևին ֆուտբոլիստների խնդիրը չէ: Միգուցե նրանք կարող են ավելի լավ խաղալ, սակայն պետք է արձանագրել նաև, որ ոչ մի ֆուտբոլային ակումբ կամ հավաքական բոլոր խաղերում չի կարողանում խաղալ իր հնարավորությունների ամենաբարձր մակարդակում:

Հայկական ֆուտբոլում հարցը ֆուտբոլիստների նվիրումն ու պատվախնդրությունը չէ: Մինչ դրան հասնելը, կամ պարզապես վարպետ ֆուտբոլիստնեերի խնդիր: Իսկ այդ խնդիրը համընդհանուր համակարգային ֆուտբոլային խնդիր է, որն էլ իր հերթին գալիս է թերևս լճացումից, որ կա հայկական ֆուտբոլում: Եվ ոչ միայն հայկական ֆուտբոլում, հայաստանյան կյանքում ընդհանրապես: Լճացումը այն անփոխարինելիության, հավերժական առաջնորդության մարմաջն է, որ կա օրինակ քաղաքականությունում, կամ ֆուտբոլում, կամ արվեստում, մշակույթում, կա ամենուր: Հայաստանն ունի մրցունակության գլոբալ խնդիր, որովհետև Հայաստանն ինքն իր ներսում չի կարողանում կամ չի ցանկանում լուծել մրցակցայնության խնդիրը:

Մինչև Հայաստանի տարբեր ոլորտներում, այդ թվում ֆուտբոլում չձևավորվի մրցակցային միջավայր՝ ընդ որում առաջին հերթին սկսած հենց կառավարման իրավունքի, կառավարման կարգավիճակի հարցից, Հայաստանը որևէ ոլորտում չի կարող բարձրանալ համաշխարհային մրցունակության աստիճանի և առավելագույնը, որ կարող է լինել, դա այդ աստիճան հասած անհատներն են կամ կոլեկտիվ հաջողության հազվադեպ, բացառիկ օրինակները: Եվ այս իմաստով, նախօրեին Հանրապետական մարզադաշտի լուսատախտակին արձանագրված հաշվի տողատակում գործնականում հայկական ֆուտբոլի լճացած պատկերն էր, երբ ֆուտբոլիֆեդերացիան օրինակ 2002 թվականից ի վեր կարող է ղեկավարել միևնույն անձը:

Ընդ որում կարևոր չէ անգամ, թե ով է այդ անձը, մեծ հաշվով, որովհետև եթե մի մարդը կարող է մրցակցությունից դուրս լինել, իսկ ավելի շուտ կարող է վեր լինել մրցակցությունից, եթե կարող է չլինել ֆուտբոլի կառավարման մրցակցային համակարգ, ապա միևնույն է արդեն, թե ով է տվյալ անձ, ֆուտբոլի համար հետևանքը լինելու է նույնը: Եվ այս հանգամանքը հատկապես խորհրդանշական է դառնում այժմ, երբ Հայաստանում դրված է 2018-ի խնդիրը և այսպես ասած կառավարման համակարգի մակարդակում այն գործնականում դիտարկվում է այնպես, ինչպես ֆուտբոլում: Պարզապես, եթե ֆուտբոլում այդ անձը Ռուբեն Հայրապետյանն է, ապա 2018-ում՝ Սերժ Սարգսյանը: Կա՞ կասկած, որ անփոխարինելիության ու լճացման այս իրավիճակում, երբ չկա մրցակցություն, 2018-ից հետո հաշիվը լինելու է նույնը, պարզապես Հայաստանի հավաքականի փոխարեն արդեն Հայաստանի հանրապետության մասշտաբով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20