Հայաստանի պետական պարտքն աճում է երկրաչափական պրոգրեսիայով

- in Տնտեսական
Karen Karapetyan

Հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 308 միլիոն դոլար՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 48.1 մլն, իսկ տարեսկզբի համեմատ՝ 365.9 մլն դոլարով։

Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ պետական պարտքն ավելանալու է` մոտենալով օրենքով ՀՆԱ 60 տոկոսի շեմի արգելքին: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով դարձյալ խոսվում է տնտեսական աճի մասին, սակայն դա որևէ աղերս չունի զարգացման հետ: Մյուս տարի ժողովուրդն ավելի աղքատ է դառնալու, որովհետև անշեղորեն բարձրանալու են հատկապես սննդամթերքի գները, իսկ աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում, ավելին` բյուջեում կրճատվել են սոցիալական ծախսերը:

Երկրի զարգացման հեռանկարը նույնպես` կասկածի տակ է. կառավարությունը փող չունի և դարձյալ կրճատել է կրթությանը հատկացվող գումարները: Սա ավելին խորքային հետևանքի է հանգեցնելու, քան առաջին հայացքից թվում է: Դպրոցների փակումը, ուսուցիչների կրճատումը, Երևանի «քթի տակ»` Աշտարակում, վթարային դպրոց հանդուրժելը` արդեն ողբերգություն է: Բայց ամենասարսափելին այն է, որ կառավարությունը հանրային գիտակցության մեջ ամրապնդում է այն համոզումը, որ կրթությունը, տաղանդը, ձգտումը պարտադիր չեն հաջողությունների հասնելու համար: Եթե կրթության վրա փող են տնտեսում, ապա աղքատ հասարակությանը պարտադրում են զարգացման այն նվաստացուցիչ մոդելը, որը Հայաստանում սաղմնային վիճակում արդեն գոյություն ունի: Եթե շուստրի ես, պետությանը և հասարակությանը թալանիր` քրեաօլիգարխիայի սերնդափոխությունը երաշխավորված կլինի` չնայած համակարգի այսօրվա տերերի՝ «էլիտար» երեխաները մտադիր են ամուր կողպել իրենց ամրոցի դռները, որպեսզի լյումպենի մտքով չանցնի անգամ ելումուտ ունենալ «ընտրյալ» վայրերում: Դե, խեղճ լյումպենին մնում է հանցագործ դառնալու ճանապարհը, որովհետև տասնամյակներով հաստատված աքսիոմ է` եթե պետությունը խնայում է կրթության վրա, «առատաձեռն» է դառնում բանտերը պահելու հարցում:

Կրթության ոլորտում բյուջետային հատկացումների կրճատումը բերելու է հասարակության լյումպենացմանը ու քրեականացմանը: Մեր երեխաների երազանքի «անհաս բարձունքը» դառնալու են Մալաթիայի կամ «Տաշիրի» Սամոները, հասարակության «ստորին» խավերի ներկայացուցիչների երազանքները փշրվելու են հայտնի վայրերում` քրեական միջավայրերում:

Նախօրեին առողջապահության նախարարն էր երկար-բարակ խոսում: Ամեն նախադասությունից հետո հասկացվում էր, որ կրճատումներ են լինելու` կադրերի և ֆինանսների:

Առհասարակ` մեր ճյուղային նախարարներն իրենց պահում են լրիվ որպես ֆինանսների նախարարներ. փոխանակ խոսեն իրենց ոլորտներում ծառայությունների որակը լավացնելու, համակարգը բարեփոխելու մասին, միայն մտածում են՝ որտեղից, ինչ կրճատեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20