Հայաստանի ռազմաարդյունաբերության ապագան

- in Հրապարակ
Vigen Sargsyan

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերն ընթացիկ տարում զգալիորեն համալրվել են հայկական արտադրության սպառազինությամբ ու տեխնիկայով:

Նա հայտարարել է նաև, որ ռազմաարդյունաբերությունը կարող է դառնալ այն ոլորտը, որը լոկոմոտիվի դեր կխաղա ամբողջ տնտեսության համար: Սարգսյանը հույս ունի, որ Հայաստանը տեսանելի ապագայում կդառնա ոչ միայն սպառազինություն ներկրող պետություն, այլ նաև ռազմական արտադրանք արտահանող:

Այս խոսքերը, անկասկած, հնչում են Հայաստանի խնդիրներին ու մարտահրավերներին միանգամայն համարժեք, մյուս կողմից, սակայն, անշուշտ առկա է դրանց գործնականացման խնդիր: Վերջին հաշվով աներկբա է, որ ներկայումս ռազմաարդյունաբերության համաշխարհային ոլորտը չափազանց լուրջ մրցակցության և հսկայական ֆինանսական ներդրումներ կլանող ու պահանջող ոլորտ է:
Միաժամանակ, այդ մրցակցությունը նաև ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական էական գործոնների համադրությունից կախված ոլորտ է: Եթե այդ տեսանկյունից ենք դիտարկում Հայաստանի ռազմաարդյունաբերության ապագան, ապա այստեղ երևի թե աներկբա է դառնում ազդեցիկ գործընկերների անհրաժեշտությունը, առանց որի թերևս շատ դժվար կլինի ռազմաարդյունաբերական ներուժի լիարժեք ծավալումը:

Հայաստանն ունի անհրաժեշտ մտավոր ներուժը, սակայն պետք են մեծ ֆինանսական ներդրումներ և աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական աջակցություն: Այստեղ, իհարկե, խնդիրն այսպես ասած «մեծահասակ» փնտրելը չէ, որը կբռնի Հայաստանի ձեռքն ու կտանի ռազմաարդյունաբերության համաշխարհային շուկա: Այստեղ խոսքը վերաբերում է գործընկերային շահերի համադրության մասին, որը կենթադրի ոչ միայն բիզնես հետաքրքրություն, կոմերցիոն հետաքրքրություն, այլ նաև աշխարհաքաղաքական ռազմավարությունների ներդաշնակում: Իսկ այդ իմաստով իրավիճակը բավականին նուրբ է, հաշվի առնելով այն, որ Հայաստանը հանդիսանում է ռազմա-քաղաքական մի դաշինքի անդամ, որի հետ սակայն ակնհայտորեն բացակայում են ռազմավարական ընդհանուր հետաքրքրությունները: Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է: Միևնույն ժամանակ, այդ խնդիրն առկա է նաև Հայաստանի ռազմավարական դաշնակցային երկկողմ հարթության վրա՝ Հայաստան-Ռուսաստան: 2017-ի մարտին, Մոսկվա այցից առաջ, Սերժ Սարգսյանը հոդված հրապարակեց ռուսական «Իզվեստիայում», որտեղ առանցքային շոշափվող հարցերից մեկն էլ Գյումրիի ռուսական ռազմակայանի բազայի վրա ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման գաղափարն էր, որն ըստ Սերժ Սարգսյանի՝ թույլ կտար մի կողմից լուծել տեղի սոցիալական հարցերը, մյուս կողմից՝ մուտք գործել սպառազինության ռեգիոնալ շուկա: Առ այսօր սակայն պարզ չէ, թե այդ գաղափարին ինչպես է արձագանքել Ռուսաստանը՝ համաձայնե՞լ է, թե՞ ոչ, մտե՞լ է արդյոք այդ գաղափարը գործնական քննարկումների փուլ, թե՞ ոչ: Փաստ է այն, որ մարտին, Սերժ Սարգսյանի հոդվածից հետո, թեման գործնականում այլևս չի ունեցել հրապարակային շոշափում: Մինչդեռ խնդիրը միայն այն չէ՝ ընդունո՞ւմ է Ռուսաստանը գաղափարը, թե՞ նրան չի հետաքրքրում ռազմաարդյունաբերական հայկական պոտենցյալը: Հարցն այն է, թե արդյո՞ք Մոսկվան կհանդուրժի, որպեսզի Հայաստանն իր այդ ներուժը փորձի զարգացնել այլ գործընկերների օգնությամբ, որոնց կարող է հետաքրքրել հայկական առաջարկը թե՛ բիզնես, թե՛ ռազմա-քաղաքական, աշխարհաքաղաքական տեսանկյունից: Իսկ այդ ուղղությունները կարող են լինել տարբեր վեկտորներով՝ հայ-վրացական, հայ-չինական, անգամ հայ-իրանական, հայ-իսրայելական, անգամ բազմակի ֆորմատներով:

Բայց ինչպես տնտեսական և քաղաքական, այսպես ասած, ապառազմական ուղղությունների, առավել ևս ռազմաարդյունաբերության պարագայում առաջանում է Ռուսաստանի խանդի հարցը, և այդ հարցում էլ առավել ևս Ռուսաստանում թուրք-ադրբեջանական լոբբինգի: Այսինքն՝ այստեղ հարցը լոկ այն չէ, որ Մոսկվան կարող է չօգնել, այլ նաև այն, որ կարող է խանգարել: Ընդ որում՝ հարցն այս դեպքում միայն արտաքին գործընկերային որոնումները չեն, այլ նաև ներքին ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիան, որի միջոցով պետք է ձևակերպվի Հայաստանի ռազմաարդյունաբերական հայտը: Իսկ այստեղ ակնառու է, որ այն չի կարող լինել լոկ ներքին ցիկլ, որը կապահովի հայկական բանակն անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցներով և սպառազինությամբ: Այդ ներքին ցիկլի կենսունակությունը չի կարող լինել տևական, քանի որ Հայաստանի մասշտաբները բավական փոքր են ինքնաբավ ցիկլերի համար: Արտաքին կոոպերացիան անխուսափելի անհրաժեշտություն է, որտեղ սակայն Հայաստանի համար հավերժական հարցն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20