Հայաստանի սուբյեկտությունը և երաշխավորված մեր երկրի զարգացման հեռանկարն ԱՄՆ-ի հետ

- in Վերլուծական
278
usa-spitak-tun

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հայտարարել են «Հազարամյակների մարտահրավեր»-ի միջոցներից Հայաստանում գիտության, արհեստագործության և ճարտարապետության դասավանդման համար 100 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությանը սատար կանգնելու մասին:

Էդ Ռոյսն ընդգծել է, որ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի կողմից իրականացվելիք ներդրումը կարող է մեծապես նպաստել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը՝ հաշվի առնելով վերը նշված ոլորտներում Հայաստանի հնարավորությունները:

Ադամ Շիֆը իր հերթին կարծիք է հայտնել, որ մինչ այդ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի կողմից Հայաստանին տրամադրված օգնությունը էականորեն նվազեցրել է գյուղական համայնքներում աղքատության մակարդակը՝ շեշտելով, որ կրթական ոլորտում նման ներդրում իրականացնելու նախաձեռնությունն ինքը ողջունում է: «Ինչո՞ւ չի կարող Հայաստանը Սիլիկոնյան հովիտին նմանվել»,- նշել է Շիֆը:

«Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի կողմից հիմնադրված և 2004թ.-ից գործող անկախ կառույց է, որի նպատակն է համակարգել երկրի կողմից տրվող արտաքին օժանդակությունները: Գործունեության ընթացքում այն տրամադրել է ավելի քան 10 միլիարդ դոլարի օժանդակություն տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանին: Հայաստանը 2006թ. գյուղական շրջանների զարգացման ծրագրի իրականացման համար 200 միլիոն դոլարի աջակցություն է ստացել: 2007թ-ից արդեն մտահոգիչ էին Հայաստանի իրականությունը բնութագրող 17 ցուցանիշները, որոնցով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան առաջնորդվում էր ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ֆինանսավորելիս: 2008թ- ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրան հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի և խոսքի ազատության սահմանափակումները էականորեն նվազեցրին ՀՀ ցուցանիշներից մի քանիսի վիճակը, ինչը, հասկանալի կերպով, ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք դարձավ: 2009 թվի հունիսի 10-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը` ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի նախագահությամբ, որոշում կայացրեց դադարեցնել Հայաստանի ծրագրի 67,1 մլն դոլար արժողությամբ ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը:

Հայաստանի իշխանությունների կոռումպացվածության և «Մարտի 1»-ի իրադարձությունների հետևանքով 265 գյուղական համայնքներ զրկվեցին 943 կմ ճանապարհի վերականգնման հնարավորությունից: Հատկանշական պատկեր է ստացվում, որը գոնե անուղղակիորեն կարող է կապված լինել Հայաստանի ներքաղաքական զարգացումների, 2018-ի համատեքստի հետ: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը` ձևավորվան հիմքով, բովանդակությամբ, վարվող քաղաքականությամբ, կոռումպացվածության մակարդակով, հավատ չի ներշնչում Վաշինգտոնում:

Պատահական չէ, որ գործող նախագահի իշխանության արշալույսին ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը և այն վերաբացելու խոսակցություններն ակտիվացել են նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալու ֆոնին: Սա կարող է դիտվել Վաշինգտոնի անուղղակի մեսիջ, որով խրախուսվում են քաղաքական փոփոխությունները Հայաստանում:

Սխալ է սա անձնավորված մոտեցում համարելը, մյուս կողմից` մարդկանց մոտ օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե ինչպե՞ս Վաշինգտոնում կարող են հավատալ, որ Կարեն Կարապետյանը կարող է փոփոխությունների խորհրդանիշ լինել, եթե նա, ըստ էության, նույն համակարգի ներկայացուցիչ է և, այսպես ասենք, նրա անունն ավելի շատ է ասոցացվում Մոսկվայի հետ: Հիշեցնենք, որ ընդամենը նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էր հայտարարել, թե իրենք պատրաստակամ են օժանդակել Կարեն Կարապետյանի հակակոռուպցիոն քաղաքականությանը: Բանն այն է, որ ինչպես նշեցինք, Վաշինգտոնի մոտեցումն անձնավորված չէ, և ամերիկացիները պոզիտիվ են համարում արդեն այն, որ էլիտան չի լճանում և փոփոխությունների նշաններ է ցույց տալիս: Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի այսօրվա ստատուս-քվոն այնքան անբարենպաստ է, որ այն փոխելու ցանկացած նախաձեռնություն արտաքին աշխարհում կարող է ընկալվել դրական լույսի ներքո:

Գլոբալ իմաստով` Կարեն Կարապետյանը շատերի համար ոչ թե խաղադրույք է, այլ ընդամենը` շանս: Մյուս կողմից` պետք է գիտակցել, որ հայ-ամերկյան հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն և դրանց հիմքում ավելի շատ տարածաշրջանային, նույնիսկ արժեքային, քան Հայաստանի ներքաղաքական բաղադրիչներն են:

Ինչքան բազմահարթակ լինի հայ-ամերկյան համագործակցության օրակարգն` այնքան մեծ կլինի Հայաստանի սուբյեկտությունը և երաշխավորված մեր երկրի զարգացման հեռանկարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20