Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում առկա մշուշը

- in Վերլուծական
Hayastan EM

«Այո, մենք պատրաստվում ենք այն ստորագրել աշնանը։ Ինչո՞ւ եմ այս մասին այսքան վստահությամբ խոսում։ Որովհետև փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է, այն ընդհանուր առմամբ արդեն բանակցված է, և դրանից հետո մենք նախաստորագրել ենք այն։ Մենք փաստաթուղթը չստորագրելու ոչ մի պատճառ չունենք»,- օգոստոսի վերջին «Բազե» ճամբարում ասել էր Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ճակատագրին։

Նախագահի այս հայտարարությունից հետո փորձագիտական շրջանակներում գրեթե վստահ պնդումներ հնչեցին, որ համաձայնագիրը ստորագրվելու է նոյեմբերի 24-ին՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո տրամաբանական է ենթադրել, որ 2013-ի սեպտեմբերի 3-ի տխուր նախադեպը չի կրկնվի, որովհետև խնդիրը համաձայնեցված է Մոսկվայի հետ:

Մյուս կողմից՝ նոր համաձայնագիրը կասկածի տակ չի դնում Հայաստանի եվրասիական կարգավիճակը, մեծ հաշվով, չի ենթադրում մեր երկրի հետագա անդամակցություն ԵՄ-ին և գոնե այս իմաստով Մոսկվայի համար «անշառ» փաստաթուղթ է: Սակայն տարակուսելի է, որ փաստաթղթի ստորագրման մասին նույն հաստատակամությամբ չեն խոսում Բրյուսելում:

«Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ակնհայտորեն թեական պատասխան է տվել: «Ինչ վերաբերում է նոր Համաձայնագրի ստորագրմանը, հիմա այն արդեն նախաստորագրված է, եւ մենք համոզված ենք, որ հաջորդիվ ստորագրումն է, ինչպես ասացի՝ հնարավորինս շուտ։ Ստորագրումը բխում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերից»,- ասել է նա։

Այսպիսով՝ տրամադրությունների և շեշտադրումների էական տարբերություն կա Բրյուսելում և Երևանում, ինչն, իհարկե, կարող է ընդամենը մարտավարության հետևանք լինել: Չի բացառվում, որ Բրյուսելում զգուշանում են 2013-ի նախադեպի կրկնությունից և զուսպ վարքագծով փորձում են չհարուցել Մոսկվայի հնարավոր հակազդեցությունը: Իհարկե, հնարավոր է միանգամայն այլ պատճառ:

Բանն այն է, որ Երևանում և Բրյուսելում կարող են տարբեր կերպ գնահատել ռուսական վտանգը, դրա ազդեցությունը, հետևանքները: Հայաստանի իշխանությունները չունեն գլոբալ, ռազմավարական մտածողություն և իրավիճակը մեծ հաշվով գնահատում են՝ ելակետ ունենալով հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը, ինչի պարագայում պատկերն առնվազն ամբողջական, լիարժեք լինել չի կարող, որովհետև Մոսկվայի հնարավոր դիրքորոշման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնց շարքում Պուտինին ամենաքիչը հուզում է այն, թե ինչ է նա խոստացել Սերժ Սարգսյանին: ԵՄ ղեկավարությունը գործընթացին նայում է գլոբալ քաղաքականության տեսանկյունից, և չի բացառվում, որ Մոսկվայից եկող ռիսկերը նրանք առայժմ չեզոքացված չեն համարում:

Սակայն Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում խութերը պայմանավորված չեն միայն ռուսական գործոնով: Ընտրական գործընթացի որակի, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության հարցերում Հայաստանի իշխանությունները և Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ունեն սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ, որոնք երբեմն նույնիսկ հրապարակային բանավեճի, հարաբերությունների ճգնաժամի պատճառ են դառնում:

Եթե դուրս գանք ֆորմալության դաշտից, ապա Հայաստանի իշխանությունները Բրյուսելից ակնկալում են փող ու իրենց լեգիտիմության ճանաչում՝ բարեփոխումների իմիտացիայի դիմաց: Բրյուսելն իր հերթին հասկացնում է, որ այսուհետ չի պատրաստվում ներդրումներ անել քրեաօլիգարխիկ ստատուս քվոն ամրապնդելու համար: Իսկապես երկակի վիճակ է, որը կարող է սկզբունքորեն չեղարկել ցանկացած պայմանավորվածություն՝ մանավանդ Հայաստանի իշխանության ներսում փոքր չէ այն սեգմենտի ազդեցությունը, որի կոռուպցիոն ախորժակը, մեղմ ասած, հարամվում է Եվրոպայի ուշադիր հայացքի հետևանքով: Բացի այդ, Հայաստանի իշխանությունը կարող է սեփական նախաձեռնությամբ հաճոյանալ Մոսկվային, եթե այդպես պահանջեն նրա մասնավոր շահերը:

Նույնիսկ այս համատեքստում Եվրամիության պաշտոնյաների զգուշավորությունը միանգամայն մոտիվացված է: Նույն հարցազրույցում, ի դեպ, Հանը տողատակում հասկացնում է, որ Հայաստանի իշխանությունների հետ հակասություններ ունեն վիզաների ազատականացման հարցում. «2014թ.-ից ի վեր Հայաստանի հետ մենք ունենք Վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագիրը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի համագործակցել ԵՄ անդամ պետությունների հետ այս շրջանակներում, հատկապես ԵՄ-ում ապօրինի բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման հարցում։ Բացի այդ, մենք հուսով ենք, որ Հայաստանը կինտենսիվացնի ջանքերը և կնվազեցնի այն գործոնները, որոնք դրդում են հայերին մուտք գործել ԵՄ չկարգավորվող եղանակով։ Միայն այն ժամանակ, երբ կապահովվեն պայմաններ պատշաճ կառավարվող և անվտանգ շարժունության համար, կարելի է բացել վիզայի ազատականացման մասին երկխոսությունը»։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան փաստացի ակնարկում է, որ Երևանը պատշաճ չի կատարել «տնային աշխատանքը», թեև Հայաստանի ԱԳ փոխնախարարն օրերս կատեգորիկ ձևով հակառակն էր պնդել:

Օրերս Հանը ժամանելու է Երևան, և թերևս այդ այցը ցրի Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում առկա մշուշը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20