Հայաստանում հանրային տրամադրությունների ինստիտուցիոնալ դեֆեկտի մասին

- in Վերլուծական
57
cuyc 1

Անվտանգության և պաշտպանության ոլորտում վարչապետի լիազորությունների վերանայման օրենսդրական նախաձեռնության համատեքստում հանրային ուշադրության կենտրոնում է այդ լիազորությունները վարչապետից օտարելու հանգամանքը՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հայտնի դիմակայության կամ մրցակցության համատեքստում:

Այս հետաքրքրությունն անկասկած հասկանալի է, բայց միևնույն ժամանակ անհասկանալի է այն, որ գրեթե որևէ հանրային ու քաղաքական խմբի գոնե առայժմ չի հետաքրքրում, թե ուր են տանելու այդ լիազորությունները, որ մարմնին, կառույցին են դրանք տրվելու կամ ինչ կառույցների միջև են բաժանվելու, ինչ հարաբերակցությամբ: Այսինքն՝ զուտ ներքաղաքական, ներիշխանական ինտրիգից դուրս պատերազմի մեջ գտնվող հանրությունը կարծես թե չի հետաքրքրվում, թե ֆունկցիոնալ իմաստով ինչ է կատարվում անվտանգության և պաշտպանության հարցում պետական կառավարման լիազորությունների հետ, որքանով է այդ կատարվողը լինելու կառավարման էֆեկտիվության, և որքանով է լինելու կառավարման դեֆեկտի աղբյուր:

Այդ իրավիճակը խոսում է Հայաստանում հանրային տրամադրությունների «վերամշակման» և իրացման հարցում ինստիտուցիոնալ դեֆեկտի մասին: Այդ դեֆեկտի պայմաններում քաղաքական կյանք ասվածը գործնականում վերածվում է բուտաֆորիայի, և այստեղ իշխանության դեմ իսկապես խաղ չկա, որովհետև իշխանության դեմ խաղի միակ ռեսուրսը կարող է լինել հանրային տրամադրության «վերամշակման» տեխնոլոգիան:

Հայաստանում քաղաքական դաշտում որևէ միավոր չի տիրապետում այդ տեխնոլոգիային: Դրան տիրապետելու վերջին, այսպես ասած, հաջողված օրինակներն են Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը և Գագիկ Ծառուկյանի ոչ իշխանական բևեռը: Այլ հարց է, որ այդ երկու օրինակները բովանդակային առումով խիստ տարբեր էին, և տարբեր էին վերամշակման տեխնոլոգիական «հոսքագծերը»: Մի դեպքում խնդիրը դրված էր ավելի շատ քաղաքական տեքստի և կերպարի մոգականության, ինտելեկտի վրա, մյուս դեպքում՝ ավելի շատ ֆոլկլորային խարիզմայի, լյումպենացված ընկալումների և ֆինանսատնտեսական ռեսուրսների համադրության:

Բայց այսպես թե այնպես՝ երկու այդ օրինակները գործնականում վերջինն էին, որոնք թույլ էին տալիս խոսել հանրային տրամադրությունների քաղաքական վերամշակման գործընթացի առկայության մասին: Միևնույն ժամանակ վերամշակման որակներն իհարկե այդ դեպքում կրում էին այնպիսի բնույթ, որոնք խնդիրներ առաջացրին հեռանկարային իրացման հարցում:

Ներկայումս Հայաստանի ներքին կյանքում չկա հանրային տրամադրությունների թե՛ վերամշակում, թե՛ իրացում՝ որպես քաղտեխնոլոգիական գործընթաց: Դա որևէ պետության անվտանգության և պաշտպանության կարևորագույն «լիազորություն» է՝ հատկապես այնպիսի փոքր պետությունների, ինչպիսին Հայաստանն է, որոնք չունեն ռեսուրսային ինքնաբավություն կամ աշխարհաքաղաքական հեգեմոնություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20