Հայ-վրացական «կնճռի» հետքերով. Խաչը, մահիկը, մահակը, թերթիկը

- in Կարծիք
Armenia Georgia

Հայ-վրացական «կնճռի» հետքերով

Վերջին օրերի գումբուրդոյական երեւույթը մանրանկարն է արդեն քսան տարի ձգվող վրացահայկական-ջավախքյան մեծ պատկերի:

Կողմերում չկան վրացական եւ հայկական շահեր, կան այլ երեւույթներ, ինչպիսիք են՝ խաչը, մահիկը, մահակը եւ ամենակարեւորը՝ թերթիկը:

 Նախ հայերի Խաչը

Ու՞մ են պատկանում Վրաստանի հայկական եկեղեցիները: Եկեղեցին, այսինքն Տիրոջ տունը, աղոթքի վայր է: Այն կոչված է մեզ բոլորիս միացնելու, մանավանդ՝ Քրիստոսի հետեւորդներին, այս դեպքում՝ հայերին եւ վրացիներին, որոնք պատիվն ունեն լինելու արեւելյան քրիստոնյա ազգերի վերջին մնացորդները: Սակայն, ահա Խաչը հանուն պոպուլիզմի եւ հետամնացության եւ նամանավանդ՝ շնորհիվ մահիկի, հայերի եւ վրացիների միջեւ դարձել է հարատեւ վեճի առարկա:

Թուրք-ադրբեջանական մահիկը

Մահիկը, այսինքն թուրք-ադրբեջանական եղբայրությունը եւ թուրքական ազգերի տարածքային շարունակականության հեռանկարները, շնորհիվ ադրբեջանական կապիտալի, անդադար քիթը «խոթում» են հայ-վրացական խնդիրների մեջ, միշտ ստվերից, եւ միշտ, բնականաբար հանուն պառակտման: Իսկ Սոքարա-Աքափեական զինանոցում օգտագործվում է առաջին հերթին մահակը:

 Վրացական մահակը

Ստվերում գործող մահիկը շարժում է վրաց իշխանությունների ներսում թերեւս արմատացած գամսախուրդիա-սահակաշվիլիական թափթփուկ ազգայնականների համար, որոնք, ճոխ սեղանների շուրջ, զլանալով տեսնել Վրաստանի թուրքացումն ու տնտեսության սոքարացումը, Վրաստանին սպառնացող վտանգը տեսնում են հայերի մեջ, եւ նամանավանդ Վրաստանի հեռանկարներին սպառնացող խեղճ «Հայկական Խաչի» մեջ: Այս դեպքում նրանք միանգամից եւ անհասկանալիորեն օգտագործում են տարաբնույթ միջոցներ, ինչպիսիք են վրացական Հատուկ ջոկատայիններին, հայատյաց ԶԼՄ-ներին, եւ շատ այլ խայտաբղետ միջոցներ, մեկը մյուսից ավելի ծիծաղելի:

Հայ-Վրացական բարդ հարաբերություններում կարծես քիչ չեն հայկական խաչը, ադրբեջանական մահիկն ու վրացական մահակը, կա նաեւ՝ թերթիկը:

Ընտրական թերթիկը

Ահա մոտենում են հերթական ընտրությունները, եւ Թբիլիսիից մինչեւ Ախալքալաք ահագնանում է ընտրաթերթիկների «պարը»: Ո՞վ է առաջիկայում ուտելու պետական սնդուկում Ջավախքի զարգացման համար գլորվող մի քանի ողորմելի գրոշը: Եւ ահա, մի այլ ստվերից շրջանային «գործիչներ» չեն զլանում իրենց հերթին օգտվել հայկական խաչից՝ գրգռելով վրացական մահակի եւ թուրք-ադրբեջանական մահիկի ախորժակները: Մինչեւ կանցնեն ընտրությունները, կբաշխվեն աթոռները, եւ կհանդարտվի Ջավախքը:

Արդ նման բարդ տարածաշրջանում, որտեղ կրկին անգամ եւս ցեղասպանության, ստրկացման, տեղահանման վտանգի առաջ են կանգնած ոչ միայն քրիստոնյա, այլ նաեւ փոքր բնիկ շատ ժողովուրդներ, այսպիսի իրավիճակն անթույլատրելի է:

Մանր բիզնեսմեններին, խման ազգայնականներին եւ սոքարյան հուդայական արծաթ դրամները մսխողներին չի հաջողվում ապակայունացնել ջավախքյան տարածաշրջանը, որովհետեւ դրանից է կախված ոչ միայն ջավախահայերի անդորրն ու անվտանգությունը, այլ նաեւ Հայաստանի եւ Վրաստանի պետական անվտանգության բոլոր երաշխիքները:

Հայ-վրացական համագործակցությանն այլընտրանք չկա: Միջհամայնքային եւ սահմանային ընդհարումների դեպքում Հայաստանն ու Վրաստանը չեն կարողանա հաղթահարել իրենց կայացման այս բարդ ժամանակաշրջանը: Հանրապետական Հայաստանն ու վրացական երազանքը կարողացան կայունացնել ետսահակաշվիլիական տարածաշրջանը, եւ այդ կայունությունը սկսում է տալ իր պտուղները:

Պետք է վերջ տալ խաչի, մահիկի, մահակի եւ թերթիկի ախտանիշներին եւ մեզ պարտադրվող եւ անընդհատ կրկնվող անցանկալի ցնցումներին:

Խաչը, ինչպես քվեաթերթիկը, այսինքն հավատքն ու ժողովրդավարությունը կոչված են լինել մարդկության զարգացման մեծագույն խորհրդանիշները, եւ ոչ՝ հետամնաց ու անկուշտ ստվերի խաղալիքներ:

Սևակ Արծրունի, Երեւան 10 Հոկտեմբեր 2017թ

 Հոդվածը տարածել է «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20