ՀՀԿ-ի բոզն ու բոքսը. իսկ ո՞ւր է ինտելեկտը

- in Մամուլ
HHK

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես և խոստացել էր Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանի կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ Երևանի ավագանու նիստերում նրա կյանքը վերածվել է դժոխքի:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստերի ժամանակ իրենց մաքսիմալ անբռնազբոս են պահում, չեն ենթարկվում էթիկայի որևէ ներքին կամ արտաքին նորմերի, նիստերի ժամանակ ելույթ ունենալով՝ Տարոն Մարգարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին խոսում են ամենավերջին ձևակերպումներով, նրանց անվանելով հանցագործ, արյունոտ ձեռքեր ունեցող, մայրաքաղաքը քանդող և այլն:

Բնականաբար, ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իրենց պարտավորված են զգում հակահարված տալ այս հայտարարություններին, և նրանցից յուրաքանչյուրը դա անում է իր ինտելեկտի, դաստիարակության և բարոյականության շրջանակներում:

Ավագանու նիստի մասին մամուլի հրապարակումների վերնագրերը ամփոփ պատկերացում կտան ՀՀԿ-ականների նշված որակների մասին: «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ. փոխքաղաքապետը ավագանու անդամին», «Կերա՞ր աղջի, ՀՀԿ ավագանին դատի կտա Տարոն Մարգարյանին վիրավորողին»,  «Իսկական թուրքերի հավաքածու ա. ՀԷԿ-երի Նաիրան՝ ավագանու կին անդամին»,  «Դե վեր ընգի տեղդ, տո՛… փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին», «Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լևոն Իգիթյանը՝ ավագանու անդամին»:

Ահա այսպես են ՀՀԿ-ականները ավագանու նիստերի ժամանակ  Զարուհի Փոստանջյանից և նրա ընկերուհիներից պաշտպանում Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի պատիվը: Իսկ դժոխքն էլ ինչպե՞ս է լինում:

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը news.am-ի զրույցում մեկնաբանելով Երևանի ավագանու նիստում ստեղծված այս իրավիճակը, մասնավորապես Լևոն Իգիթյանի անպարկեշտ հայտարարությանը («Ի՞նչ կին, ա՛յ բոզ» բարձրահունչ ռեպլիկի հեղինակը հենց Իգիթյանն է եղել), ասել է. «Ինձ համար անթույլատրելի է վիրավորական արտահայտությունը բանավեճի ժամանակ: Մարդու ինտելեկտը նրա համար է, որ կարողանա քաղաքական բանավեճերը  քաղաքակիրթ մակարդակով տանել և որ հարիր լինի քաղաքական մշակույթին»:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա բավական ադեկվատ արձագանք է, որտեղ Վահրամ Բաղդասարյանը Լևոն Իգիթյանին վերագրում է ցածր ինտելեկտ, որի արդյունքում էլ նման դրսևորումներ են լինում: Սակայն սա՝ միան առաջին հայացքից: Բաղդասարյանն իր հետագա խոսքում լիովին արդարացնում է իր կուսակից և գաղափարակից ընկերոջը և ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիրների խոսքերը, որոնք նման պատասխանի են արժանանում, դուրս է մնում մամուլի ուշադրությունից: Լրագրողի հարցին, թե   ինչու հենց ՀՀԿ-ականներն են  տարբեր համակարգերում իրենց անպարկեշտ վարքագծով հակադրվում քաղաքական մշակույթին, Բաղդասարյանը հակադարձեց. «Միայն մատնանշում եք դա, սակայն դրդապատճառը չեք ասում, ընդդիմադիրների ասածները չեք ֆիքսում»:

Վահրամ Բաղդասարյանն ինչ-որ մասով ճիշտ է. մամուլն ավելի օպերատիվ արձանագրում է ՀՀԿ-ականների «համարժեք» պատասխանները, քան դրանց նախորդած հայտարարությունները: Լրացնելու համար այդ բացը, մեջբերենք այսօր ԵԾ ներկայացուցչի ասածները. «Շուրջ մեկ ամիս առաջ Սևակ Ավետիսյանը ստացել է վաստակավոր արտիստի կոչում՝ արյունոտ և պատերազմը պարտված ձեռքերից և հիմա էլ ուզում է ստանալ բնակարան Երևանը քանդող աղտոտող ձեռքերից: Այսպիսի շռայլ պարգևներ հենց այնպես չեն տրվում, դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու և լռելու համար»: Այսքանը:

Այստեղ չենք գտնի բոզ, ռեխ, կերա՞ր աղջի, ով էս արա, վեր ընգի տեղդ, թուրքի հավաքածու և նման որևէ արտահայտություն: Գրական հայերենով կազմված տեքստ, որ պարունակում է քաղաքական գնահատական: Հեղինակի կարծիքով, Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են, և նա պատերազմում պարտվել է: Բացի այդ, նրա կարծիքով Տարոն Մարգարյանը քանդում և աղտոտում է Երևանը: Իսկ մի՞թե այս գնահատականներին ՀՀԿ-ականները, բացի վերոնշյալ հայհոյանքները, որևէ այլ պատասխան չունեն: Կամ, եթե նրանք վստահ են, որ Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հասցեին այս գնահատականները անհեթեթություն են, այսինքն որևէ լուրջ արձագանքի ոչ արժանի, գուցե պարզապես արհամարհեն դրանք կամ հումորի տան, քմծիծաղով վերաբերվեն: Նման իրավիճակներում, կարծում ենք, ընտրության մեծ հնարավորություն կա, մինչև հայհոյանքներին հասնելը:  Սակայն Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է. նշված իրավիճակում նորմալ արձագանքելու համար ինտելեկտ է պետք, մի բան, որով շատ ՀՀԿ-ականներ չեն կարող հպարտանալ:

Ու քանի դեռ իշխող մեծամասնության ներկայացուցիչները ինտելեկտի խնդիր ունեն, Հայաստանում նոր քաղաքական մշակույթ, հանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական բանավեճի ինստիտուտ չի կարող առաջանալ: Իսկ Տարոն Մարգարյանի և Երևանի ավագանու նիստերը դժոխքի վերածելու խոստումն իրականություն դարձնելն ընդամենը տեխնիկայի հարց կլինի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20