ՀՅԴ-ի համակարգային փայերը նույնպես ռուսական «ծառայության» հետևա՞նք են…

- in Կեղտոտ լվացք
40
HYD Serzh

Համապատասխան անկախ հանձնաժողովը մերժել է «Դրո» գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանի վաղաժամկետ-պայմանական ազատ արձակման դիմումը, ինչի կապակցությամբ դատապարտյալը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ:

Մնջոյանն, ըստ էության, քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական բացատրություն է տվել այն հարցին, թե ինչու է անկախ հանձնաժողովը, ըստ էության՝ նաև իշխանությունները, կասկածի տակ դնում իր «պատշաճ վարքագիծը» և հնարավոր համարում նրա կողմից «նոր հանցագործություն կատարելու հավանականությունը»:

«1994 թ.-ին ՌԴ նախագահ Բ. Ելցինի վարչախումբը ունիվերսալ պետության ստեղծման ծրագրերի իրականացման փորձեր ձեռնարկեց, որտեղ և ՀՀ նախկին իշխանություններին պարտադրվեց ռուսական ծավալապաշտական էքսպանսիային խոչընդոտող միակ ռազմաքաղաքական ուժը՝ ՀՅԴ-Դրո կառույցը, չեզոքացնելու կարևորությունը: Սրան հետևեց ՌԴ հետախուզության դաշնային ծառայության (ՀԴԾ) հետախուզական վարչության 10-րդ բաժնի պետ Երմակովի հույժ գաղտնի հեռախոսագիրը, որով Հայաստանի հատուկ ծառայություններից պահանջվում էր ձերբակալել ցուցակով նշված անձանց: Այսպես սկիզբ առավ ՀՅԴ-Դրո քրեական գործի ստեղծարարական «չարարչագործությունը»: Սկիզբ առած գործընթացներին զուգահեռ՝ անվտանգության մեկուսարանում դաժանաբար սպանվեց ազատամարտին մասնակցած ազգային գործիչ Արտավազդ Մանուկյանը: Մինչդեռ արդեն Աթենքում դավադիր ահաբեկչության զոհ էր դարձել ՀՅԴ առաջնորդ Հրայր Մարուխյանը: Այսպիսով վերջ էր դրվելու Հայաստանի անկախացմանն ու հայոց դարավոր երազանքների իրականացմանը…»:

Եթե լրջություն տանք Մնջոյանի վարկածին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը ՀՅԴ-ին թիրախավորել է ռուսական ամենաբարձր հրահանգով, որովհետև ավանդական կուսակցությունը, Մնջոյանի ներկայացմամբ, եղել է ռուսական կայսերականությանը հակադրվող ուժ: Մնջոյանի ասածը, իհարկե, լուրջ մասնագիտական հետաքննության կարիք ունի, և առնվազն կոռեկտ չէ նրա վարկածը ընդունել կամ մերժել քաղաքական համակրանքների կամ հակակրանքի հարթության վրա:

Սակայն մի խնդիր կա, որը «նրբանկատորեն» շրջանցվում է Մնջոյանի հայտարարության մեջ կամ այդ մասին խոսվում է բազմաշերտ, քողարկված ակնարկով: Եթե ընդունենք Մնջոյանի վարկածն ու տրամաբանությունը, ապա ՀՅԴ այն գործիչները, ովքեր կալանավորվել, ապա ազատ են արձակվել «Դրո»-ի և «31»-ի գործերով, այսպես ասենք՝ հավաքագրվել են անգամ ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ Ռուսաստանի համապատասխան ծառայությունների կողմից:

«Ես չեմ զղջում ազատագրական պայքարին իմ բերած մասնակցության և անցածս փառահեղ ճանապարհի համար: Այսօր էլ պատրաստ եմ շարունակելու իմ հավատավոր ժողովրդի ազատագրման պայքարը: Եվ հենց սա՛ է իմ «պատշաճ վարքագծի» և «նոր հանցագործություն կատարելու հավանականությունը բնորոշող» իրական հանգամանքը, որին և վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովը տվել է իրեն պարտադրված բացասական եզրակացությունը»,- գրել է Մնջոյանը, և դժվար չէ նկատել, որ նա ոչ այնքան սեփական ինքնագնահատականն է տալիս, որքան այն մարդկանց դավաճանության մասին է խոսում, ովքեր 1998-ին բանտերից միանգամից տեղափոխվեցին իշխանության կաբինետներ՝ դառնալով նաև եղանակ ստեղծողները ՀՅԴ-ում:

Մնջոյանի պնդումները որոշակի հիմք ունեն, եթե հիշենք այն հանգամանքը, որ ՀՅԴ այսօրվա ղեկավարները եվրասիականության ամենաջերմեռանդ պաշտպաններն են, իսկ «31»-ի գործով նախկին դատապարտյալ, ներկայումս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնիսկ ապրիլյան պատերազմում հայկական զինուժի հաջողությունն է վերագրում ռուսներին:

Արդյո՞ք ՀՅԴ-ի կոալիցիոն կարգավիճակն ու համակարգային փայերը նույնպես նրա ռուսական «ծառայության» հետևանք են…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20