Հոխորտանք` հրաժարականի փոխարեն. ռուսահպատակության քստմնելի շքերթ Երևանի հանրակրթական դպրոցում

- in Կրթություն
305
dproc

«Առաջին լրատվական»-ը տեսանյութ էր թողարկել Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցից` շենքի պատին ռուսերենով վահանակը և ռուսաց լեզվի այբուբենը:

Եթե ապրեինք իրավական երկրում, այս տնօրենը պետք է հանդես գար հրապարակային պարզաբանումներով, նույնիսկ հրաժարականի դիմում ներկայացներ` ռուսահաճո այս ինքնագործունեության համար:

Ի դեպ, նման պահանջը բխում է ոչ թե մեր սուբյեկտիվ ընկալումից, այլ` Հայաստանի օրենսդրության պահանջից: Սակայն Հայաստանն այն երկիրը չէ, որն ապրում է իրավական ռեժիմում և հարգում է իր ինքնիշխանությունը: Երբ Հայաստանում իշխանությունները Ռուսաստանի կրթության նախարարի այցի շեմին ծառայամիտ կեցվածքով փորձում են շեշտադրել ռուսաց լեզվի դերակատարությունը և դասավանդման հայեցակարգը և ոչ մի քաղաքական ուժ չի պահանջում Հայաստանի կրթության նախարարի հրաժարականը, ապա դպրոցի տնօրենը կարող է իրեն անպատիժ զգալ, մանավանդ, որ Գայանե Դեմիրյանն «արտոնյալ» տնօրեն է: Նրա անունը կար ՀՀԿ օգտին ցուցակներ հավաքած, դրանք պաշտոնյաներին կամ ՀՀԿ շտաբեր փոխանցած տնօրենների այն ցուցակում, որը խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն:

Թերևս, Դեմիրյանը համարել է, որ պաշտոնը պահպանելու կամ առաջ գնալու համար Սերժ Սարգսյանին ծառայելը քիչ է և որոշել է իր քծնանքի մակարդակը բարձրացնել եվրասիական հարթություն: Մարդը զբաղվել է ընտրակեղծարարությամբ, սակայն չի պատժվել, էլ ուր մնաց պատասխանատվության ենթարկվի ռուսահպատակության համար, մանավանդ, որ դա համարվում է Հայաստանի իշխանության շատ ներկայացուցիչների ինքնահաստատման ձևը:

Պատահական չէ, որ տիկինը հրաժարական տալու փոխարեն` «Առավոտին» տված հարցազրույցումնույնիսկ հոխորտում է: «Այսինքն, որ Երևան քաղաքի բոլոր դպրոցներում հայերեն և անգլերեն է գրվում, քաղաքի հյուրանոցների և խանութների վրա հայերեն-անգլերեն է գրվում, հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուս ռուսերեն»,-ասել է նա:

Երբ դպրոցի տնօրենը դպրոցը նույնացնում է խանութների ու հյուրանոցների հետ, ամբողջովին բացահայտվում է նրա արժեհամարգը ու գոնե մխիթարվում ենք այն հանգամանքով, որ կրթօջախը չի նույնացվել սաունայի հետ: Մյուս կողմից` զարմանում ենք, որ դպրոցի տնօրենի կարգավիճակին հասած տիկինը չի հասկանում միջազգային լեզու համարվող անգլերենի և մնացած օտար լեզուների, այդ թվում` ռուսերենի տարբերությունը:

Գայանե Դեմիրյանին ու նրա ղեկավարներին որևէ խորհուրդ տալն անօգուտ է, որովհետև ռուսահպատակության քստմնելի շքերթի մասնակիցները, որպես կանոն, անհաղորդ են լինում բանականության ձայնին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20