«Հոկտեմբերի 27»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի պրովինցիալ էլիտայի և Պուտինի չեկիստական ռեժիմի համագործակցության մերանը

- in Կարծիք
185
hoktemberi-27

1999թ-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գրեթե բոլոր զոհերը եղել են պլանավորված, սակայն կասկածից վեր է, որ պատվիրատուների հիմնական թիրախը եղել է Վազգեն Սարգսյանը: Հենց նա էր Հայաստանի իշխանության դե ֆակտո կրողը, Սեպտեմբերի 21-ի ակունքից սնվող պետության վերջին թելը: Սպարապետն էր քաղաքական թիմի ոգեկոչման աղբյուրը և ապագայի տեսլականի խորհրդանիշը:

Պատահական չէ, որ չարաբաստիկ Հոկտեմբերի 27-ը համարվում է Երրորդ հանրապետության կործանման օրը: Բացի այդ, «Հոկտեմբերի 27»-ի արմատը թաքնված է 1998-ի պալատական հեղաշրջման խորհրդավոր ծալքերում: ԼՂ հարցում Լևոն Տեր-Պետրոսյանին հակադրված հայտնի ուժային եռյակից միայն Վազգեն Սարգսյանն էր գաղափարապես ընդդիմանում Լևոն Տեր-Պետրոսյանին` համարելով, որ Հայաստանը ունի ներքին ռեսուրսներ` զարգանալու և ԼՂ հարցը ավելի հայանպաստ լուծելու համար: Միևնույն ժամանակ` եռյակից միայն Վազգեն Սարգսյանն է հակադրվել Տեր-Պետրոսյանի հրաժարականին` համարելով, որ իշխանության ներսում կոմպրոմիսը միանգամայն հնարավոր է:

Քչերն են տեղյակ, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Վազգեն Սարգսյանը տեղի է տվել Երկրապահի ղեկավարության պահանջին և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջ դրել է նախագահի պաշտոնում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի առաջադրման պահանջ: Սակայն առաջադրումների օրերին Հարությունյանն «անհասանելի» է դարձել անգամ Վազգեն Սարգսյանի համար:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարում Վազգեն Սարգսյանի համար արդեն ակնհայտ է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի հարցում չարաչար սխալվել է: Վահրամ Խորխոռունու և հատկապես` Արծրուն Մարգարյանի սպանությունները Վազգեն Սարգսյանի ուղղությամբ արձակված «նախազգուշական կրակոցներ» էին: Վազգեն Սարգսյանը հասկացել էր այդ կրակոցների քաղաքական ուղերձը և, ըստ էության, համարժեք պատասխան էր տվել դրանց` խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք կազմելով Կարեն Դեմիրճյանի հետ և իշխանությունը վերցնելու քաղաքական հայտ ներկայացնելով, ինչի դրսևորումը դարձավ նրա կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը:

Ռոբերտ Քոչարյանը, ով արդեն ճաշակել էր իշխանության և առաջին ստվերային տնտեսական գործարքների («Արմենթելի», Կոնյակի գործարանի խայտառակ գործարքներ) համը, չէր կարող հաշտվել «անգլիական թագուհու» կարգավիճակի հետ, մանավանդ, որ նա պետության մասին ուներ, մեղմ ասած, մակերեսային պատկերացումներ: Վազգեն Սարգսյանն, ինչպես ցանկացած մահկանացու, ուներ մարդկային թերություններ, քաղաքական սխալներ, նույնիսկ որոշ դեպքերում` անհամարժեքություն, բայց ուներ պետության արժեքի ընկալում` անսահմոնորեն հավատալով 88-ի արժեքներին, արժևորելով արցախյան պատերազմի հաղթանակի բարոյա-քաղաքական նշանակությունը:

Քոչարյանի համար` պետական գործերը իջեցված էին կոմերցիայի, սեփական բիզնեսի և ունեցվածքի նշաձողին: Երևանի իշխանության ներսում առկա աշխարհայացքային այս կոնտրաստը չէր կարող աննկատ մնալ Մոսկվայում, մանավանդ, որ Ռուսաստանում ելցինյան «ձնհալն» իր տեղը զիջում էր կայսերականության վերածննդին. վարչապետ էր նշանակվել Վլադիմիր Պուտինը, ով հայտարարվել էր իշխանության ժառանգորդ:

Վազգեն Սարգսյանը պետք է հեռացվեր ասպարեզից: Նա փակում էր Ռոբերտ Քոչարյանի միահեծան իշխանության հաստատման և Հայաստանի ռուսականացման ճանապարհը: «Հոկտեմբերի 27»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի պրովինցիալ էլիտայի և Պուտինի չեկիստական ռեժիմի համագործակցության մերանը: Վազգեն Սարգսյանի գործոնը խանգարում էր Քոչարյանի իշխանական, Պուտինի կայսերական ծրագրերին: 1999թ-ի հոկտեմբերի 27-ին վերջակետ դրվեց Երրորդ հանրապետության պատմությանը, տրվեց Հայաստանի գաղութացման մեկնարկը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20