Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտումը չուներ քաղաքական պահանջատեր

Robert Qocharyan

1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդող ժամերի ամենախորհրդավոր դրվագներից մեկը ԱԺ-ում տեղի ունեցած զրույցն է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի միջև: Իհարկե, տեսականորեն, նույնիսկ` գործնականում բացառվում է, որ հատուկ ծառայությունները չունենան երկրի նախագահի և ոճրագործ խմբի պարագլխի զրույցի ձայնագրությունը:

Համենայն դեպս, այն «անհետացել» է հասարակության, անգամքննությունն իրականացնող մարմնի համար: Թե ինչ է շշնջացել Քոչարյանը Հունանյանի ականջին կիմանան նրանք երկուսով, ինչպես նաև մարդկանց սահմանափակ շրջանակ, որն ի պաշտոնե կարող էր տեղեկացված լինել նրանց զրույցի բովանդակությանը: Համենայն դեպս, այդ խորհրդավոր զրույցը համապատասխան երաշխիք հանդիսացավ ոճրագործների համար ու խանդավառեց Ռոբերտ Քոչարյանին, ով ցինիզմով հայտարարեց, թե Հոկտեմբերի 27-ը կարող է բացահայտվել «ուչաստկովիի» մակարդակում:

Սա, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի համապատասխան ցուցումն էր նախաքննության մարմնինին` որևէ պարագայում դուրս չգալ կազմակերպիչների հետքի վրա: Ի դեպ, ճիշտ ժամանակն է անդրադառնալ նախաքննության մարմնին, նրա ղեկավար Գագիկ Ջհանգիրյանին:

Խիստ չափազանցված և ուռճացված է կարծիքն այն մասին, որ նախաքննությունն ընթացել է վարչապետ Արամ Սարգսյանի վերահսկողությամբ: Նման պնդում անող մարդիկ լավ չեն ճանաչում Գագիկ Ջհանգիրյանին. նա իրապես պրոֆեսիոնալ է և տիրապետում է ոճրագործության բոլոր մանրամասներին, համենայն դեպս` նա հստակ պատկերացում ունի կազմակերպիչների շրջանակի մասին: Ամբողջ խնդիրն այն է, որ Ջհանգիրյանն ու նրա խումբը քննությունը ծառայեցրել են ոչ թե հանցագործության լիարժեք բացահայտման հրամայականին, այլ ներհամակարգային պայքարի, երկիշխանության տրամաբանությանը:

Պատահական չէ, որ ԵԿՄ վարչության դռնփակ նիստերում Գագիկ Ջհանգիրյաննիրեն բնորոշ ձեռքի արտիստիկ շարժումներով բացահայտում էր Հոկտեմբերի 27-ի քոչարյանական հետագիծը, հետո նույն Քոչարյանի հանձնարարությամբ վիժեցնում էր խորհրդարանական լսումները, որտեղ պետք է քննարկվեր Հոկտեմբերի 27-ի գործը:

Իհարկե, կարելի է բարոյականության և սկզբունքայնության դիրքերից անվերջ քննադատել Ջհանգիրյանին, մանավանդ, որ նա երկրորդ անգամ Հոկտեմբերի 27-ի թեման խաղարկեց 2008-ի փետրվարին, երբ Ազատության հրապարակում միանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Մյուս կողմիցՀոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտումը չուներ քաղաքական պահանջատեր և տուժողների հարազատներն, ըստ էության, մնացել էին մենակ իրենց պահանջների մեջ, հատկապես Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո:

Նման իրավիճակում Ջհանգիրյանի սկզբունքայնությունը նրա համար կարող էր ավարտվել ոչ միայն պաշտոնի, այլ նաև` կյանքի կորստով: Ջհանգիրյանը բոլորից լավ գիտեր, թե ինչի են ընդունակ Ռոբերտ Քոչարյանը և նրա մոսկովյան հովանավորները:

Հոկտեմբերի 27-ը սկզբունքորեն բացահայտված է, նախաքննությունը վերսկսելն իրավական առումով պրոբլեմ չէ: Սակայն միայն այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանության մեջ չէ` արդարադատության իրականացման երաշխիք չէ:

Հոկտեմբերի 27-ի գործում հիմնական պատվիրատուն Մոսկվան է, որն անվտանգ ծերություն է խոստացել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև Հոկտեմբերի 27-ով հաստատված ստատուս-քվոն պարտադրել է նաև գործող իշխանությանն` այսօրվա իրականությունը Հոկտեմբերի 27-ի հետ շաղկապելով արյունոտ Մարտի 1-ով: Հոկտեմբերի 27-ի բացահայտման բանալին Հայաստանի ապագաղութացումն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20