«Հրավիրում եմ դեմ առ դեմ զրուցելու». Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունուն

- in Մշակույթ
239
armen-amiryan

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձել է երգահան Վահան Արծրունու հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է Հայաստանում, մասնավորապես, Զվարթնոցի տաճարում «Մաշտոց Կոմիտաս» համերգային նախագիծը չեղարկվել է ՀՀ մշակույթի նախարարության կոպիտ միջամտությամբ:

Այս առնչությամբ Արմեն Ամիրյանի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները , ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ բարձրաձայնել , որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաև հետագա ճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ  «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ): Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և բանսարկություն:

Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու, փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի և ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն:

Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ որևէ արվեստագետ , այդ թվում Վահան Արծրունին, ազատորեն կարող են իրենց ստեղծագործությունները ներկայացնել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ցանկացած սրահում կամ հարթակում՝ նախապես կնքելով պայմանագիր: Եթե կծագեն ֆինանսական դժվարություններ, ապա նախարարությունը պատրաստ է ֆինանսապես մասնակիորեն օժանդակել ( մինչ օրս այդպես էլ եղել է):

Կրկին հայտնում եմ համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20