Ձևավորվում է փաստորեն զուգահեռ երկու ռեսուրսային գիծ ՀՀԿ-ում

- in Կարծիք
HHK

«Ժամանակը» հայտնում է, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը կարող է 2018 թվականին դառնալ «Հայփոստ» ընկերության սեփականատեր: Հայաստանի կառավարությունն օրերս հայտարարեց ընկերությունը մասնավորեցնելու մտադրության մասին:

«Հայփոստը» ներկայումս հավատարմագրային կառավարման է հանձնված արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդ Էռնեկյանին, որը հավատարմագրային կառավարում է իրականացնում նաև «Զվարթնոց» օդանավակայանում:

Էռնեկյանը նախօրեին նախագահական նստավայրում ստացավ Ազգային հերոսի կոչում՝ որպես Հայաստանի զարգացմանը նպաստող գործիչ: Արդյոք կոչումը տրվում է, որպեսզի «Հայփոստը» վերցվի՞, թե՞ Էռնեկյանն ինքն է հրաժարվում կամ մտադիր հրաժարվել ընկերության կառավարումից: «Հայփոստի» մասնավորեցման փորձ նախկինում էլ եղել է, բայց անհաջող: Հետո ոլորտում կայունություն հաստատվեց հենց այն բանի շնորհիվ, որ հավատարմագրային կառավարումը ստանձնեց Էռնեկյանը: Այժմ խոսվում է մասնավորեցման մասին և որպես գնորդ նշվում Սամվել Կարապետյանի անունը:

Այստեղ իրավիճակը թե՛ տնտեսական է, թե՛ քաղաքական: Կարապետյանը բիզնեսմեն է՝ անկասկած ոչ պակաս հաշվենկատ և ոչ պակաս հաջողակ, քան Էռնեկյանը, թեև նրանք իհարկե ձևավորվել և գործել են ոչ միայն երկրագնդի աշխարհագրորեն տարբեր հատվածներում և նույնիսկ կիսագնդերում, այլ նաև քաղաքակրթական առումով տարբեր տարածություններում: Հետևաբար Կարապետյանը հազիվ թե գնի ընկերությունը՝ չունենալով քիչ թե շատ վստահություն, որ այն կենսունակ է և մրցունակ, հատկապես 21-րդ տեղեկատվական դարում:

Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանը Հայաստանում ներքաղաքական գործընթացներում ներգրավված խոշոր ֆիգուր է և ներկայումս Կարեն Կարապետյանի կառավարության, այսպես ասած, գլխավոր հովանավորն է: Այդ տեսանկյունից «Հայփոստի» հնարավոր ձեռքբերումը, եթե դա տեղի ունենա, գործնականում կնշանակի հերթական ռազմավարական ակտիվը Սամվել և Կարեն Կարապետյանների տրամադրության տակ: Ռազմավարական ոչ միայն տնտեսական իմաստով, այլև, այսպես ասած, ցանցային, ինչը նաև վարչական ռեսուրս է քաղաքական գործընթացների համար: Եվ եթե քաղաքական գործընթացներում ներգրավված Էռնեկյանը չի ծառայեցնում այդ ռեսուրսը վարչական նպատակների համար, ապա Սամվել Կարապետյանն անկասկած կգնա այդ քայլին, եթե ձեռք բերի ընկերությունը:

Այդպիսով կարող է ստացվել խիստ հետաքրքրական զուգահեռ ՀՀԿ-ի հետ: Կարեն Կարապետյանը ՀՀԿ փոխնախագահն է, այն էլ՝ առաջին տեղակալը: 2018-ից հետո Սերժ Սարգսյանը մնալու է ՀՀԿ նախագահը, այդ հանգամանքը առնվազն երաշխավորված է, եթե անգամ չի լինում վարչապետ մնալու տարբերակը: Եթե վարչապետ է մնում Կարեն Կարապետյանը՝ իր գլխավոր հովանավոր Սամվել Կարապետյանի հետ, ապա ձևավորվում է փաստորեն զուգահեռ երկու ռեսուրսային գիծ՝ ՀՀԿ-ն՝ իր վարչական ռեսուրսով, և Կարապետյանները՝ իրենց թերևս ոչ պակաս վարչական ռեսուրսով, որը կենտրոնացած չէ, այսպես ասած, կուսակցական ֆորմատում, բայց տեղավորված է ոչ պակաս կուռ հիերարխիկ ձևաչափի մեջ՝ երկու ռազմավարական, ցանցային խոշոր ընկերություններ՝ «Էլցանցեր» և «Հայփոստ», եթե, իհարկե, իրականություն դառնան դրա մասնավորեցման և Կարապետյանի գնելու մասին տեղեկությունները:

Փաստացի ձևավորվում է իշխանության երկու նժար՝ 2022 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Ըստ ամենայնի վճռորոշ է լինելու այն, թե որ նժարի կողմը կթեքվի «համակարգաստեղծ» ավանդական և առանցքային ուժերից մեկը՝ «Գազպրոմ-Արմենիան», որը հայաստանյան իշխանության ձևավորման գործիքակազմի ոչ ֆորմալ, սակայն դե ֆակտո հիմնարար կշռաքարերից մեկն է: Եթե, իհարկե, մինչև 2022 թվականը «Գազպրոմը» Հայաստանում չզրկվի այդ կարգավիճակից, և չփոխվի Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20