Մեդվեդևի այցը դիտարկվում է Հայաստանում 2018-ի խնդրի կոնտեքստում

- in Կարծիք
47
Dmitri Medvedev

ԵՏՄ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը հետաքրքիր է առաջիկա օրերին Երևանում սպասվող ԵՏՄ վարչապետների հավաքի ֆոնին, որին մասնակցելու է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Բանն այստեղ ակնկալիքը չէ, որ առաջին դեմքերի մակարդակով բարձրացված տնտեսաքաղաքական հարցադրումները արագությամբ կստանան լուծում վարչապետների հավաքին: Այդ տեսանկյունից անշուշտ ակնառու է, որ Սարգսյանը փորձեց, այսպես ասած, վարչապետների տնային հավաքի օրակարգ թելադրել: Բուն խնդիրը կամ ուշադրության արժանի հանգամանքը թերևս այն է, որ Սարգսյանն այդ օրակարգով միջամտում կամ, համենայնդեպս, միջամտության փորձ է անում Մեդվեդևի այցի քաղաքական կամ ներքաղաքական ենթատեքստին, որը ոչ միայն պակաս կարևոր չի դիտվում տնտեսական բուն միջոցառման ֆոնին, այլև գուցե ամենից շատն է հետաքրքրում հայաստանյան համակարգին:

Հարցն այն է, որ Մեդվեդևի այցը դիտարկվում է Հայաստանում 2018-ի խնդրի կոնտեքստում, և կա սպասում, որ այցը լինելու է աջակցություն վարչապետ Կարապետյանի համար՝ հատկապես նկատի ունենալով այն, որ հենց Մեդվեդևի հետ հանդիպումով ընթացիկ տարվա հունվարին իր վարչապետական հավակնությունը 2018-ի մասով լրջացրեց Կարապետյանը:

Այդ տեսանկյունից Մեդվեդևի այցը նշանային կարող է դիտվել նաև Հովիկ Աբրահամյանի վարչապետության կոնտեքստում, որը ևս փնտրում էր Մեդվեդևի աջակցությունը, այդ թվում՝ այցի տեսքով, բայց երբ պետք էր՝ Մեդվեդևը չեկավ, իսկ երբ եկավ ` ապրիլի պատերազմից հետո, փաստորեն եկավ Աբրահամյանի հեռացման մեկնարկը տալու համար: Հենց դրա համար նա գնաց վա-բանկ այդ հանդիպմանն ու բացեց 200 միլիոնի զենքի ուշացման թեման:

Այդպիսով, ներկայումս Սերժ Սարգսյանը ԵՏՄ գագաթնաժողովի ելույթն օգտագործում է Մեդվեդևի այցին ընդառաջ նշաձողը բարձրացնելու և թերևս դրա միջոցով այդ այցի քաղաքական ենթատեքստը կամ թեկուզ հնարավոր ենթատեքստը կառավարելու համար: Սարգսյանը գործնականում սահմանում է այդ մասով իր քաղաքական պլանների շուրջ բանակցային ձևաչափերից մեկում հարցի գինը, որը այդ ձևաչափի համար բավական բարձր է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20