Մեդվեդևի այցը` 2018-ի ներքաղաքական զարգացումների համատեքստում

- in Հրապարակ
68
Dmitri Medvedev

Պաշտոնապես հաստատվել է տեղեկատվությունը, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին գալիս է Հայաստան: Ռուսաստանի վարչապետը հանդիպելու է Հայաստանի իշխանության առաջին դեմքերի հետ և մասնակցելու է ԵՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին:

Սակայն Մեդվեդևի այցը մեզ առավելապես հետաքրքրում է Հայաստանի 2018-ի ներքաղաքական զարգացումների համատեքստում: Բանն այն է, որ մեր քաղաքականություն Մեդվեդևի գործոնը ներմուծել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ իր քաղաքական ծրագրերի հաջողությունը կապելով Մեդվեդևի, նրա հայաստանյան այցի հետ: Այս հարթության վրա, բնականաբար, հարց է ծագում՝ Կարեն Կարապետյա՞նն է դիմել Մեդվեդևի օգնությանը, թե՞ Ռուսաստանի վարչապետն ինքն է ներգրավվում 2018-ի հայաստանյան գործընթացի մեջ՝ փորձելով Հայաստանի վրա ազդեցության հերթական գործիքը ստեղծել: Երկրորդ վարկածը քիչ հավանական է, որովհետև Մեդվեդևի համար մշուշոտ է անգամ սեփական քաղաքական հեռանկարը, ավելին՝ միանգամայն հավանական է թվում, որ նա 2018-ի նախագահական ընտրություններից հետո կորցնելու է իր պաշտոնը: Բացի այդ, Մեդվեդևը հրաշալի պատկերացնում է, որ Հայաստանի հետ կապված հարցերը սկզբունքորեն լուծվում են նախագահական մակարդակում: Ուրեմն տրամաբանական է ենթադրել, որ Կարեն Կարապետյանն է Մեդվեդևի միջոցով փորձում ռուսական «դաբրո» ստանալ իր իշխանական հայտի համատեքստում:

Ի՞նչ կարող է առաջարկել Կարեն Կարապետյանը Մոսկվային, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայ-ռուսական հարաբերություններն արդեն գտնվում են այնպիսի ցածր նշաձողի վրա, որ Հայաստանն, ըստ էության, զիջելու բան այլևս չունի: Արդյո՞ք Կարեն Կարապետյանը Մոսկվային խոստանում է «ենթապետության» կամ Հայաստանի աբխազացման ճանապարհը՝ միայն թե իշխանություն ստանա: Կամ արդյո՞ք Մոսկվային պետք է նոր «Աբխազիա», որը կայսրության համար «կույրաղիքի» ֆունկցիա է կատարելու:

Հասկանալի չէ նաև Կարեն Կարապետյանի ցայտնոտի պատճառը: Օգոստոսից սկսած՝ նա կենտրոնացել է Մեդվեդևի այցի կազմակերպման վրա, նախօրեին նույնիսկ այդ թեմայով հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ, երբ թվում է՝ Մեդվեդևի այցի օրվա պաշտոնական հրապարակումից հետո տեխնիկական հարցեր քննարկելու անհրաժեշտություն այլևս չկա, համենայնդեպս՝ վարչապետի մակարդակով:

Ըստ ամենայնի, Կարապետյանի խուճապի պատճառն այն է, որ 2018-ի մասով Սերժ Սարգսյանը սկզբունքային որոշում է կայացրել, ինչը չի բխում Կարապետյանի շահերից՝ համենայնդեպս, նա փորձում է Մեդվեդևի միջոցով հասնել դրա վերանայմանը:

Եթե Կարեն Կարապետյանը տեղյակ լիներ Հայաստանի քաղաքական իրականությանը, ապա նման ցուցադրական ճանապարհով չէր ճգնի ստանալ Մեդվեդևի «դաբրոն», որովհետև շախմատի տախտակի վրա վերջին քայլի իրավունքը պատկանում է Սերժ Սարգսյանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20