Մեր քաղաքական համակարգը հատուկ «տաղանդ» ունի` անհամարժեքության հակում

- in Կեղտոտ լվացք
22
Serj Sargsyan

2000-ականների կեսերին, երբ Արևելյան Եվրոպայի շատ երկրների համար ուսանելի էր Սաակաշվիլիի մոդելը` որպես արագ և որակով բարեփոխումների մոդել, Հայաստանում զարգացում էր ապրում «ուժեղ ձեռքի» իշխանության ամենահետամնաց վարկածներից մեկը:

Ընդ որում, Սաակաշվիլիի ֆենոմենը նախադեպային կարող էր լինել Հայաստանի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության համար, որովհետև Վրաստանի նախագահը երկու կարգավիճակում էլ արդյունավետ գործունեություն է ծավալել: Սակայն Հայաստանի քաղաքական համակարգի երկու սեգմենտներն էլ, ըստ էության, մերժեցին այն օրերի վրացական մոդելը և գլխավորապես այն պատճառով, որ դրա հիմքում զարգացման արևմտյան մոդելն էր, որը սկզբունքորեն մերժելի էր Հայաստանի ռուսականացված համակարգի համար: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ պատմական ճեղքումը Վրաստանի և Հայաստանի միջև: Եթե հարևան երկրում ձևավորվեց քաղաքական կոնսենսուս եվրաինտեգրման շուրջ, ապա Հայաստանի քաղաքական ուժերի կոնսենսուսն ավարտվում էր Կրեմլի պատերի տակ, երբ իշխանության թեկնածուն միշտ հաղթում էր ընդդիմությանը` ռուսական «դաբրոյի» համար նվաստացուցիչ պայքարում:

Մերոնք վրացական մոդելով սկսեցին ոգևորվել այն ժամանակ, երբ այն, մեղմ ասած, կորցրել էր իր գրավչությունը ու հարևան երկրում տոն էին տալիս ոչ թե բարեփոխականները` իրենց կրեատիվ գաղափարներով, այլ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին` իր միլիարդներով և իշխանությանը հանձնված հնազանդ կադրերով: Չենք ուզում տրվել դավադրության տեսությանը և հավատալ այն վարկածին, որ Բիձինա Իվանիշվիլիին և նրա թիմին իշխանության է բերել Մոսկվան, որովհետև, մեծ իմաստով, Վրաստանի արտաքին քաղաքականության եվրաատլանտյան կուրսը չի խմբագրվել, սակայն Բիձինայի հետ Վրաստանում քաղաքականության մեջ մեծացավ ստվերը, ստեղծվեց կառավարման մի համակարգ, որը մենթալ առումով ավելի մոտ է ռուսականին: Սա է այն ենթագիտակցական պատճառը, որ Իվանիշվիլին ավելի հարազատ համարվեց Հայաստանի համակարգի սեգմենտների համար: 2014-15թթ-ին Իվանիշվիլին սիրված ու մեջբերված կերպար էր Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների համար: Հայաստանի թիվ մեկ օլիգարխն ակնհայտորեն ձգտում էր քրեաօլիգարխիկ հեղաշրջման, որին նրա հարթակային խոսնակ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել էր «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» փաղաքշական անվանումը: Ծառուկյանի քաղաքական բազմաթիվ բացերը նրա կողմնակիցները փորձում էին փակել Իվանիշվիլիի օրինակով` լեգենդ հորինելով, որ Ծառուկյանը լինելու է ոչ թե հաջորդ իշխանության որակը, այլ` իշխանափոխության բանալին:

Բարեբախտաբար, Ծառուկյանի շարժումը տապալվեց, և այդ անգամ Հայաստանը ձերբազատվեց «հայկական Իվանիշվիլիի» էքսպերիմենտից:

Այսօր «հայկական Իվանիշվիլին» Սերժ Սարգսյա՞նն է, որը, համենայնդեպս, դատելով ՀՀԿ գործիչների կարծիքներից, շարունակելու է ղեկավարել երկիրը, եթե նույնիսկ 2018-ի ապրիլին չզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այս հակասահմանադրականության խրախուսումը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ամենաանհաջող վարկածն է, որովհետև ենթադրում է լեգալ և ստվերային համակարգերի զուգահեռ գոյություն` մեկ անձի անսահմանափակ իշխանությամբ` առանց քաղաքական պատասխանատվության:

Վրաստանը նման ռեժիմի դիմանում է նախորդ տարիների ռեֆորմների հաշվին: Հայաստանն այդպիսի պաշար չունի, հետևաբար, նման համակարգը «կենսունակ» կարող է լինել միայն պետական իշխանության հեղինակությունը «խժռելու» հաշվին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20