Մոսկվայի և Անկարայի մերձեցումն ընդհատման ենթակա չէ

- in Միջազգային
241
Erdoghan Putin

Մոսկվայի և Անկարայի մերձեցումը կարծես թե ընդհատման ենթակա չէ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս պաշտպանել է սեպտեմբերին ստորագրված պայմանագիրը՝ մոտ 2.5 մլրդ դոլարով C-400 զենիթա-հրթիռային համալիրների գնման վերաբերյալ։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր զրույցներում մենք հիշատակել ենք, որ չենք ծրագրում կանգ առնել C-400-ների վրա։ Մենք նաև քննարկել ենք C-500-ների գնումը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Այս մասին L’Orient-Le Jour-ում գրում է Ժյուլի Քեբբին։

Լինելով ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն ԱՄՆ-ից հետո, Թուրքիան մեջք է թեքում իր վաղեմի դաշնակիցներից, որոնց հետ իր կապերը գնալով ավելի փխրուն են դառնում։ Այդ նորությունը մեծ անհանգստություն է առաջացնում Արևմուտքի մոտ, քանի որ դաշինքի և Մոսկվայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են 2014 թվականից՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո։

«Մենք անձամբ ենք որոշում ընդունում մեր երկրի ինքնիշխանության վերաբերյալ»,-հայտարարել է Էրդողանը Hürriyet-ի հետ հարցազրույցում՝ պայմանագրի ստորագրման մասին հայտարարելուց հետո։ «Ինչու՞ պետք է դա լարվածություն առաջացնի։ Երկիրը պետք է փնտրի սեփական անվտանգության համար լավագույն միջոցները»,-հայտարարել էր Էրդողանը հուլիսին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առջև ելույթ ունենալիս։

Այդ պայմանագիրը դարձել է 2013 թվականին Անկարայի կողմից հայտարարված՝ զենիթա-հրթիռային համալիրների գնման մրցույթից հետո տևական գործընթացի արդյունք։ Մրցույթում հաղթել էր չինական CPMIEC-ը, ինչն առաջացրել էր մրցույթին մասնակցող կողմերի զարմանքը։ 2015 թվականին ամերիկյան ճնշման ներքո այդ պայմանագիրը չեղարկվել էր, բանակցությունները՝ վերսկսվել։

«Պրագմատիկ համագործակցություն»

Ընտրությունը հօգուտ Մոսկվայի թույլ է տալիս Թուրքիային որոշակի անկախություն ձեռք բերել։ Անկարան չունի պատշաճ ՀՕՊ համակարգ, և նա կախված է իր տարածքում արևմտյան ՀՕՊ համակարգերից։ Թուրքիայի որոշումը նաև հանդիսանում է Կրեմլի հետ հաշտեցման գործընթացի մաս, որը նախաձեռնվել է Էրդողանի կողմից 2016 թվականի հուլիսին՝ պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո։

Այդ մերձեցումը եզրափակվում է Սիրիայի հարցով Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնագրով․ երկու կողմերը միմյանց զիջումների են գնում։ Էրդողանն ավելի հանգիստ է վերաբերվում Բաշար Ասադի հեռանալուն, Ռուսաստանը փոխում է իր դիրքորոշումը սիրիացի քրդերի՝ Անկարայի անհանգստության աղբյուրի նկատմամբ։

Թուրքիայի և նրա արևմտյան դաշնակիցների միջև հարաբերությունների սառելուց հետո ռազմական պայմանագրի ստորագրումը շատ տեսաբանների կողմից ընկալվել է որպես ՆԱՏՕ-ի հանդեպ անվստահության դրսևորում։

«Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ, սակայն նա իրեն հաշիվ է տալիս իր անվտանգության հարցում Ռուսաստանի հետ ավելի պրագմատիկ համագործակցության օգուտի և սիրիական կարգավորման մեջ առաջընթացի վերաբերյալ»,-ասել է Սինան Ուլգենը, ով հանդիսանում է Ստամբուլում Տնտեսության և արտաքին քաղաքականության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն։

Անկարան, ինչպես Մոսկվան և Թեհրանը, հանդիսանում է Սիրիայի խնդրով Աստանայի խաղաղ բանակցությունների միջնորդներից մեկը։ Սիրիայում տեղակայված են թուրքական զինված ուժեր՝ Աստանայի եռյակի ղեկավարությամբ դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու համար, ինչը թույլ է տալիս Թուրքիային խոչընդոտել քրդական առաջխաղացմանը։

Ռազմական «միջակայք»

«Սակայն միամիտ կլինի դիտարկել այդ պայմանագիրը բացառապես քաղաքական պրիզմայով, քանի որ Թուրքիան ունի ռազմական պահանջմունքներ»,-ասում է Ուլգենը։ Չհաջողված պետական հեղաշրջումից հետո բանակը դարձել է զտումների օբյեկտ, որոնք ազդել են նրա կենսունակության վրա. 450 հազար մարդուց հեռացվել է 22 հազար զինվոր։ Մասնավորապես, Թուրքիայի ռազմաօդային ուժերը բախվել են մեծ խնդրի. ներկա պահին Թուրքիան ունի ավելի շատ ինքնաթիռներ, քան օդաչուներ։ 600 հոգուց 280-ը հեռացվել են, այսինքն՝ յուրաքանչյուր երկրորդ օդաչուն։ Բախվելով կադրերի նման սղության՝ Անկարան ստիպված էր հիշել նախկին օդաչուների մասին, ովքեր գնացել են քաղավիացիա, և թույլ տալ որոշ հեռացված օդաչուների հրահանգիչներ դառնալ։

«Նման որոշումն անհրաժեշտ էր՝ այդ միջակայքը լցնելու համար»,-պարզաբանում է փորձագետը։ «Իր օդային տարածքի անվտանգության ապահովումը դարձել է Թուրքիայի համար առաջնահերթ՝ հեղաշրջման փորձից հետո»,-շարունակում է նա։ Զինվորականների դրության վերականգնման համար ժամանակի սղության պատճառով հրթիռների մատակարարումը դարձել է վճռական պահ Թուրքիայի համար՝ Մոսկվայի օգտին ընտրությունում։ Զենիթա-հրթիռային համալիրների առաջին խմբաքանակը պետք է մատակարարվի 2020 թվականին։ Դա համապատասխանում է Անկարայի պայմաններին՝ ի տարբերություն Արևմուտքի կողմից արված մատակարարումների առաջարկներին։ Սակայն «Ռոսօբորոնէքսպորտն» արդեն դժվարությամբ է տեղավորվում ժամկետներում՝պատվերների հագեցած գրաֆիկի պատճառով, որոնք ծրագրված են չինական և ռուսական զինված ուժերի համար։

Աստիճանական մերձեցում

Սակայն հարկ չկա լուրջ ընդունելու Անկարայի և Մոսկվայի մերձեցումը։ «Դա չի նշանակում ուղղության փոփոխություն Թուրքիայի անվտանգության քաղաքականության հարցում»,-ասել է Ուլգենը։ «Թուրքիան, անշուշտ, պետք է ցույց տա արևմտյան գործընկերներին, որ ինքը կարող է անցկացնել դիվերսիֆիկացված քաղաքականություն, սակայն Անկարան հիանալիորեն հասկանում է Մոսկվայի հետ իր համագործակցության սահմանները»,-ասել է նա։ Թուրքիայի կողմից գնված ռուսական ռազմական տեխնիկան համատեղելի չէ ՆԱՏՕ-ի դաշնակիցների զինանոցի հետ։

Այդուհանդերձ, բանակցությունները Eurosam կոնցեռնի հետ շարունակվում են, քանի որ հուլիսի 14-ին ստորագրվել է նախնական համաձայնագիր Թուրքիայի հետ օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նույնպես հաստատել է բանակցությունները Թուրքիայի, Իտալիայի և Ֆրանսիայի միջև նման սպառազինության ձեռքբերման շուրջ։

Չնայած Էրդողանի՝ Մոսկվայի հետ գործարքը պաշտպանող խոսքերին, Թուրքիայի նախագահն այդպես էլ չի սկսել դիվանագիտական մերձեցում Կրեմլի հետ այլ հարցերով։ Անցած շաբաթ Կիև այցի ժամանակ նա, մասնավորապես, հիշեցրել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, և որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20