Մոսկվան ամենադաժանը վարվել է իր «ռազմավարական» գործընկեր Հայաստանի հետ

- in Կեղտոտ լվացք
Putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը չեղարկել է աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլար կազմող պարտքը:

«Մեծ պարտքեր ունեցող չքավոր երկրներին օգնություն ցուցաբերելու նախաձեռնության շրջանակում չեղյալ ենք համարել աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլարի հասնող պարտքը»,- ասել է Պուտինը լրագրողներին Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեի հետ բանակցությունների ավարտին: Նախագահը հավելել է, որ 2016-ին ՌԴ-ն Պարենի համաշխարհային կազմակերպության միջոցով 5 մլն դոլար էր հատկացրել Աֆրիկայի երկրների կարիքների համար:

Իրականում` Պուտինը զբաղված է բացահայտ PR-ով, որովհետև Մոսկվան աֆրիկյան երկրների պարտքը չեղարկել է դեռ 2012թ-ին և այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Սերգեևը հայտարարել է ՄԱԿ-ի նստաշրջանում: Հինգ տարի հետո Պուտինը որոշեց երկրորդ անգամ «չեղարկել» արդեն գոյություն չունեցող պարտքը:

Ռուսական պարտքի պատմությունն ավելի խոր արմատներ ունի և նաև տարբեր են այն մոտիվներն որոնց հետևանքով Մոսկվան չեղարկում է այդ պարտքերը: Պարտքերն, ընդ որում` ոչ միայն աֆրիկյան պետություններին, 80-ական թթ-ին դաշնակից ռեժիմներին և հաճախորդներին տվել է ԽՍՀՄ-ը, որը տարեկան մոտ 25 միլիարդ դոլար էր ծախսում սատելիտներին սպառազինելու նպատակով: Ընդ որում` խոսքը «քաղաքական» փողերի մասին է, որովհետև Մոսկվայում որևէ վերլուծություն չէր արվում, թե կոնկրետ երկիրն ինչ հնարավորություններ ունի պարտքը մարելու հարցում:

Հիմա Պուտինն, ըստ էության, չեղարկում է ԽՍՀՄ-ի տված պարտքերը, որոնք, այսպես, թե այնպես, չեն վերադարձվելու` կոնկրետ երկրների անվճարունակության հետևանքով: Սակայն Պուտինի «բարեգործության» հիմքում ընկած են կոնկրետ քաղաքական և տնտեսական մոտիվներ: Նույն Գվինեան հարուստ է բոքսիտների հարուստ պաշարներով: Այդ երկրի ամենահարուստ Friguia հանքավայրը` բոքսիտի 564 միլիոն տոննա պաշարով, շահագործում է ռուսական Русал մետալուրգիական հոլդինգը: Առավել, քան ակնհայտ են Կրեմլի «բարեգործության» մոտիվները: Բոլոր դեպքերում` Ռուսաստանը պարտքը չեղարկել է կամ քաղաքական մոտիվներով, կամ էլ` կոնկրետ երկրների շուկաներ և հանքավայրեր մուտք ունենալու համար:

Օրինակ` Ալժիրի պարտքը «ջրվեց», սակայն 2000-ականներից սկսած` այդ երկիրը ռուսական սպառազինության խոշոր գնորդներից մեկն է` իրենից առաջ թողելով միայն Հնդկաստանին ու Չինաստանին: Նախապատերազմյան Սիրիայի պարտքերը չեղարկվեցին` այդ երկրում ռուսական ռազմական ներկայության ամրապնդման դիմաց: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իրավամբ կարելի է համարել ռուսական պարտքերը «ջրելու» և վարկեր կորզելու մեծ մասնագետ: Եվ այդ ամենը տեղի է ունենում Մոսկվայի հետ քաղաքական առևտրի շրջանակում:

Մոսկվան թերևս ամենադաժանը վարվել է իր «ռազմավարական» գործընկեր Հայաստանի հետ` 2000-ական թթ-ին մեր երկրի հետ կնքելով «Գույք` պարտքի դիմաց» գործարքը: Սա, ըստ էության, Հայաստանի օկուպացմանը միտված գործարք էր, որը պարբերաբար կիրառելով` Ռուսաստանը տիրացավ Հայաստանի էներգետիկային, նաև մի քանի խոշոր ձեռնարկությունների, որոնց գործարկման ուղղությամբ չի արվել որևէ բան: Ռուսական «հումանիզմն» ու քարոզչական ցինիզմն, ինչպես միշտ, սահմաններ չեն ճանաչում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20