Նման արժեհամակարգով և կոռուպցիոն «բագաժով» Կարապետյանը միայն «թարմ արյուն» է ներարկելու քրեաօլիգարխիային

Karen Karapetyan

Մոնումենտի այգում վարչապետ Կարեն Կարապետյանի դղյակի «բացահայտումից» հետո տրամաբանական կլիներ, որ քաղաքական դաշտում հնչեր Կարեն Կարապետյանի հրաժարականի պահանջ: Համենայնդեպս, տարբեր երկրներում այդպիսի պահանջ է հնչում կոռուպցիոն սկանդալներից հետո:

Քաղաքակիրթ երկրներում դա հանգեցնում է աղմկոտ հրաժարականների կամ նրան, որ քաղաքական գործիչները սրբագրում են իրենց ծրագրերը` վարկանիշների անկման հետևանքով: Այս տարվա սկզբին` նախագահական արշավի միջնամասում, պահպանողական Ֆրանսուա Ֆիյոնը համարվում էր Ֆրանսիայի նախագահի հիմնական հավակնորդը, ընտրությունների արդյունքում միայն երրորդն էր՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնվելու հետևանքով:

Նույնիսկ այն երկրներում, որոնք ավտորիտար են և հասարակության կարծիքը որոշիչ չէ իշխանությունների համար, կոռուպցիայի դեմ պայքարը միավորում է քաղաքական ուժերին, նրանց և հասարակությանը: Ռուսաստանում հակակոռուպցիոն պայքարն է Ալեքսեյ Նավալնիի շարժման, պայքարի հիմնական լեյտմոտիվը: Ընդդիմության առաջնորդը սկանդալային տեսանյութ է հրապարակել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դղյակների մասին, նա շրջում է երկրի քաղաքներում և փաստերի հիման վրա պնդում, որ երկիրը ղեկավարում են գողերը:

Նույնիսկ հարևան Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքները հակակոռուպցիոն են, որովհետև ընդդիմությունը կարծում է, որ նավթադոլարներն ուղղվում են ոչ թե երկրի զարգացմանը, այլ Ալիևի բռնապետության ամրապնդմանը:

Հայաստանում չենք հիշում հանրահավաք հակակոռուպցիոն օրակարգով: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության ղեկին «հրեշտակներ» են, ովքեր ամբողջ օրը մտածում են հասարակության բարօրության մասին: Իրականում Հայաստանում հաստատված իշխանությունը կոռումպացվածներից մեկն է Արևելյան Եվրոպայում, ինչի ակնհայտ դրսևորումներն են թե՛ օլիգոպոլ մենաշնորհային տնտեսությունը, թե՛ խորհրդարանական ընտրությունները, որոնք քաղաքական կոռուպցիայի դրսևորում էին նույնիսկ միջազգային գնահատականների համաձայն:

Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանի որևէ կուսակցություն, ընդդիմադիր ուժ կոռուպցիայի դեմ պայքարը չի դարձրել իր գործունեության առանցք: Սա մի կողմից՝ բացահայտում է մեր քաղաքական համակարգի որակը, մյուս կողմից՝ ռուսական տոտալ ազդեցության հետևանք է:

Գաղտնիք չէ, որ Մոսկվան արդյունավետ վերահսկում է հենց կոռումպացված ռեժիմները, որոնց դյուրին է հնազանդ պահել կոմպրոմատների միջոցով: Մյուս կողմից՝ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները կապված են կոռուպցիոն բազմաթիվ գործարքներով, հանգույցներով, որոնք իրենց արտացոլումն են գտել նույնիսկ հայ-ռուսական հատկապես էներգետիկ համաձայնագրերում: Պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանները հայտնվում են ռուսական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների քննադատության թիրախում, երբ բարձրաձայնում են կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Եթե Հայաստանում հակակոռուպցիոն արդյունավետ պայքար ծավալվի, ապա դա ինքնաբերաբար կհանգեցնի ռուսական ազդեցության թուլացման: Պատահական չէ հակառակ տրամաբանությունը, երբ Ադրբեջանի շուրջ ծագած վերջին միջազգային կոռուպցիոն սկանդալը դարձավ Բաքվի և Մոսկվայի նոր մերձեցման մերանը:

Այս ամենի համատեքստում, երբ, չնայած հասարակական լայն արձագանքին, որևէ քաղաքական ուժ չի բարձրացնում Կարեն Կարապետյանի դղյակի հետ կապված հարցը, չեն հնչում նրա հրաժարականի պահանջներ, դա խոսում է մեր քաղաքական համակարգի, հասարակության արժեքային դեգրադացիայի մասին:

Քաղաքական ուժերի մեծ մասը հավանաբար չի ուզում հարաբերություններ փչացնել մարդու հետ, ով ամիսներ անց հավակնում է պետության ղեկին, իսկ հասարակության համար «իշխանություն» և «կոռուպցիա» բառերն անշրջելի դարձել են հոմանիշներ: Ընդ որում, Կարեն Կարապետյանի «դղյակային բացահայտումը» խորհրդանշական, նշանային իրադարձություն է, որն ամբողջովին իմաստազրկում, բովանդակազրկում է 2018-ի քաղաքական նշանակությունը՝ մանավանդ, երբ նա հավակնում է վարչապետության նաև ապրիլից հետո:

Նման արժեհամակարգով և կոռուպցիոն «բագաժով» Կարապետյանը միայն «թարմ արյուն» է ներարկելու քրեաօլիգարխիային:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20